Ամբողջությամբ կիսում եմ այն ապրումները, որոնք յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն ու ամառանոցում կատարված խուզարկությունների արդյունքներին:
Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Հովհաննիսյանը նշեց, որ թեև քվեարկությունը փակ է լինելու, բայց ինքը կարող է հայտնել իր կարծիքը. «Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն։ Կարծում եմ՝ ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի լրիվ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու»։
Նա նաև հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում կամ այս պահին որտեղ են գտնվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։