ՀԱՐՑ. Եթե անձն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն, ապա ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ նա 2-րդից դառնա 3-րդ կարգի հաշմանդամ: Այսինքն` ի՞նչը կարող է պատճառ դառնալ ավելի ցածր խումբ սահմանելու կամ հաշմանդամ չճանաչելու համար:
Հասմիկ Գրիգորյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման, «հաշմանդամություն» հասկացությունը սահմանվում է որպես փոփոխման ենթարկա հասկացություն: Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրին համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել: (Հիմք` Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամների բժշկական, բժշկամասնագիտական եւ սոցիալական վերականգնումն իրականացվում է վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, որը մշակվում եւ հաստատվում է բժշկաաշխատանքային փորձաքննության հիման վրա բժշկաաշխատանքային փորձաքննությանը մասնագիտացված պետական ծառայության մարմինների կողմից, հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշենք, որ հաշմանդամ քաղաքացու համար վերականգնման անhատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ:
Վերականգնման անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների կոնկրետ ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական օգնության ձեւերը, ինչպես նաեւ կենսագործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների տեսակները, որոնց տրամադրման եւ ֆինանսավորման կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ կառավորության կողմից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: