Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականն անակնկալ է եղել ԱԻՆ-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գազի ներտնային սպասարկման վերաբերյալ օրեր առաջ հնչեցրած հանձնարարականը անակնկալ է եղել ոչ միայն նախարարության, այլեւ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատակիցների համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել էր քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները ծառայության սակագինն իջեցնելու եւ ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության տնօրեն Արմեն Նալբանդյանի հետ. « ԱԻ նախարարը հանձնարարկան է տվել իր աշխատակիցներին քննարկել եւ տալ պատասխան կամ կարծիք, ու իրենք հիմա քննարկում են: Ի վերջո ԱԻՆ-ը որոշում չի կայացնելու, թե ով է իրականացնելու գազի ներտնային սպասարկման աշխատանքները: Դրանք «Գազպրոմ Արմենիա»-ի գործառույթն է, որը կատարում է «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է ԱԻՆ-ը որոշել, թե ով կատարի «Գազպրոմ Արմենիա»-ի այդ գործառույթը: Սպասենք պատասխանի եւ հականանք, թե ինչու»,- արձագանքեց նա:

Նալբանդյանը նաեւ փոխանցեց, որ այժմ ընկերությունում աշխատանքային բնականոն գործընթաց է, կանչեր լինում են, իսկ աշխատակիցներն էլ ապահովում են բաժանորդների անվտանգությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տնօրենից հետաքրքրվեց՝ եթե «Գազպրոմ Արմենիա»-ն որոշի գործառույթների իրականացումը փոխանցել ԱԻՆ-ին, ապա այդ դեպքում ընկերությունը ինչ վնասներ կարող է կրել. «Դա «Գազպրոմ Արմենիա»-ի իրավունքն է, ես ոչ մի մտավախություն չունեմ: Բայց նշեմ, որ ընկերությունն ունի մոտ հազար աշխատող»:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատակիցները աստիճանաբար աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում եւ դուրս գալիս: Այս երեւույթը առկա է ՀՀ մարզերում, հիմնականում Արարատում: «Ես նման տեղեկություն չունեմ: Մենք մեր գործառույթները շարունակում ենք, աշխատում ենք եւ ոչ մի ավելորդ տեղեկություն չունենք»,- նկատեց ընկերության տնօրենը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս