ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ուրիխանյանը խոստացված գումարը չի տվել․ «Ալյանս»-ի նախկին անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն արտահերթ համագումար հրավիրեց, որտեղ ներկա էին կուսակցության Գյումրու կառույցի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ալյանսը որոշում կայացրեց միանալու ԲՀԿ-ին: Որոշումը կայացվեց բաց քվեարկությամբ եւ ընդունվեց միաձայն: Հատկանշական է, որ համագումարին ներկա չէր Ալյանսի հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը, որը հանդիսանում է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր: Խնդիրն այն է, որ կուսակցության ներկայացուցիչները զայրացած են Ուրիխանյանի վրա, ով 2016 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո խզել է կապը կուսակցության անդամների մեծամասնության հետ, իսկ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո` նաեւ Ալյանսի վարչության անդամների հետ:

Ուրիխանյանը հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի շարք անձանց աշխատեցրել է իր կուսակցական շահի համար, սակայն հետո չի վճարել: Վերջին մեկ տարվա ընթացքում գործիչը նաեւ հարկ չի համարել շփվելու կուսակիցների հետ, չի պատասխանել նաեւ տարբեր խնդիրներով իրեն դիմող քաղաքացիներին: Ալյանսի շուրջ առկա այս եւ այլ խնդիրների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ալյանս կուսակցության արդեն նախկին վարչության անդամ Ռոբերտ Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, ի՞նչ իրավիճակ է եղել Ալյանս կուսակցության ներսում, որոշում կայացվեց թողնելու այս ուժը:

-2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններից հետո մենք այլեւս չենք տեսել գրասենյակ, կուսակցությունում աշխատանք չի վարվել, վայր չի եղել անգամ, որտեղ մենք կարող էինք գնալ եւ ինչ-որ հարցեր քննարկել կամ մասնակցել նիստերին:

-Ինչո՞ւ այժմ որոշում կայացվեց միանալու ԲՀԿ-ին:

-Փոխվում են մարդկանց կարծիքները, գալիս են նոր իրողություններ: Եվ ինչու որոշեցինք միանալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որովհետեւ դա այն ուժն է, որն իր շուրջը միավորում է արդարությամբ եւ ազնվությամբ լցված մարդկանց: Ցասում է մեր մեջ եղել, եւ այն ընդվզումը, որ մեր երկրում տեղի ունեցավ վերջին ամիսներին, մեր թիմն ամբողջությամբ մասնակցում էր: Եվ շատ ոգեւորիչ էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը նույնպես միացան համաժողովրդական շարժմանը: Դա ստիպեց մեզ գնալ այդ քայլին, բացի այդ` ժամանակն էր, որ մեկս մեկի հանդեպ լինենք արդար եւ ազնիվ, Ալյանսի ամբողջ թիմը սկսեց փնտրել մեզ, բարձրացնել տարբեր հարցեր, որոնց հիմքում դրված էին տարբեր խոստումներ: Դա աշխատանքի դիմաց վարձատրությունների դիմաց էր, կամ կատարեք սա, կունենաք սա: Եվ տարրական խնդրանքներ, որոնցով մարդիկ դիմել են, պատասխան են ստացել Ուրիխանյանից, որ դիմում գրեք իմ անունով: Այն օրը մի կին պատմեց, որ հարցրել է` ինչու չի հասել իմ դիմում-նամակը, Ուրիխանյանը պատասխանել է` քո նման գիտես ինչքան դիմում-նամակ գրող կա, դարակումս լիքն է: Ժողովուրդն է այսօր բարձրացնում այդ խնդիրներն, իսկ այսօր ժողովրդի հետ պետք է բոլորը հաշվի նստեն, քանզի վերջին իրադարձություններին բոլորս համոզվեցինք, որ ո՛չ փողը, ո՛չ իշխանություն ունենալը դեր չի խաղում այլեւս: Այլեւս կա ժողովրդավարական երկիր: Եկեք լինենք ազնիվ, պարզ, եկեք մեզ մաքրենք այդ բոլոր հարցերում: Եթե կան խնդիրներ, պարզ ճակատով հանդիպենք ժողովրդին, ինչպես ես հանդիպել եմ այս ժողովրդին: Ալյանսի ժողովուրդը մեծամասամբ բարձրացնում է վարձատրության հետ կապված խնդիրներ, որ կատարել են շատ մեծ աշխատանք, բայց չեն ստացել գումար:

-Ի՞նչ է պատճառաբանել Տիգրան Ուրիխանյանը, որ չի կատարել այդ բոլոր խոստումները:

-Ժողովուրդն ինձ փոխանցել է, որ բազմիցս դիմել են, հաղորդագրություն են գրել Տ. Ուրիխանյանին, զանգահարել են, սակայն ոչ մի կերպ չեն կարողացել իր հետ կապվել: Եղել են մարդիկ, որոնք կապվել են քարտուղարության հետ, իրենք ասել են` մենք ոչ մեկին ոչ մի բան, ոչ խոսք ենք տվել, ոչ պարտք ենք: Եվ դա ավելի է զայրույթի աստիճանը բարձրացրել այս մարդկանց:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս