Ինչպես հայտնի է, 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական մի շարք այլ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ և խուզարկություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, տնօրենը հարցաքննվել է: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և պարտավորվել փոխհատուցել պատճառված վնասը:
Իրավիճակին անդրադարձել էր Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` հայտարարելով, թե երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը «սեփական մաշկը փրկելու համար» է Քննչական կոմիտե դիմում ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենի յուրացումների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե ինչու նախկինում նման ստուգում չէր իրականացրել եւ թավշյա հեղափոխությունից հետո որոշեց նման բան անել, արդյոք այս քայլին գնացել է իր կաշին փրկելու համար:
-Պարոն Ավագյան, հիմնադրամի գործը տվեցիք իրավապահներին, քրեական գործը հարուցվեց, մեղադրանքն առաջադրվեց, այս քայլին գնացիք, որ Ձեր կաշի փրկե՞ք :
-Ես ինքս եմ դիմել իրավապահներին:
-Այո՛, դա արել եք, որ Ձեր կաշին փրկե՞ք:
-Ես ինքս եմ դիմել, դա դրա պատասխանն է:
-320 միլիոն դրամ փոխառության մասին է, ինչո՞ւ նախկինում նման ստուգում չիրականացրեցիք եւ նոր որոշեցիք գնալ այդ քայլին:
-Պատասխանել եմ արդեն:
-2017 թվականին իրավապահ մարմինները Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում հերթական չարաշահումն էին բացահայտել: Սակայն, ինչպես ցույց տվեց նախաքննության ավարտը, Ձեր եղբայրը ջրից չոր դուրս եկավ: Ձեր եղբայրը ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորն էր, սակայն միայն պահեստապետը հայտնվեց ամբաստանյալի աթոռին:
-Պետք է խնդրեմ` Բրյուսովից ճշտեք այդ հարցերը:
-Դուք միջամտեցի՞ք, որ Ձեր եղբորը պատասխանատվության չկանչեցին:
Ավագյանը չպատասխանեց, այլ լուռ հեռացավ…
Քնար Մանուկյան