Հոգնել եմ հասկանալուց, դրության մեջ մտնելուց. երգչուհի Լիանան ամուսնալուծվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիանան արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծվել է, պարզապես լռել է այդ մասին՝ չցանկանալով աղմուկ բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը հաստատեց ինքը՝ երգչուհին:
«Այո՛, ամուսնալուծվել եմ, արդեն 3-4 տարի է: Չեմ խոսել այս թեմայի շուրջ, քանի որ, ի տարբերություն շատերի, անձնականը ինձ համար փիարի նյութ չէ: Կարծում եմ՝ ինքնահաստատված մարդիկ փորձում են աչքի ընկնել իրենց աշխատանքով, ոչ թե անձնականի մասին մանրամասներով»,-ասաց Լիանան:
Լիանայի որդին ապրում է մայրիկի հետ: Հարցին, թե արդյոք կապ կա հոր եւ որդու միջեւ, երգչուհին պատասխանեց. «Կապը հոր հետ սկզբում նորմալ էր, հիմա այնքան էլ ոչ: Բայց նախկին ամուսնուս ընտանիքի անդամների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք իրար շատ ենք սիրում: Ճիշտ չեմ համարում բաժանման հետեւանքով թշնամական հարաբերություններ հաստատելը: Իմ բալիկն էլ պետք է շփվի նրանց հետ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ տարիքային տարբերությունն արդյոք դեր խաղացել է բաժանության հարցում (Լիանան նախկին ամուսնուց մեծ է 10 տարով-հեղ.). «Գիտե՞ք, դա այնքան վիճելի հարց է, ե՛ւ խաղացել է, ե՛ւ ոչ: Մի կողմից` սերը տարիք չի հարցնում, մյուս կողմից` դու հասկանում ես, որ այդ մարդը գաղափարապես երեխա է, պետք չէ իրենից պահանջել, որ նա «ձյաձյա» դառնա, տեղը տեղին պապա լինի: Փորձում ես այդ մարդուն հասկանալ, բայց ես հոգնել եմ հասկանալուց, հոգնել եմ մարդկանց դրության մեջ մտնելուց: Մեկ հասկանամ, երկու հասկանամ, քանի՞ տարի հասկանամ, ու ոչինչ չփոխվի: Ախր գոնե փոխվեր: Ու դու կղզիանում ես, ասում ես՝ դու քեզ համար, ես ինձ համար»,-մեկնաբանեց Լիանան:

Իսկ հարցին, թե անձնական կյանքում ունեցած անհաջող փորձերը (Լիանան մեկ անգամ էլ է ամուսնացած եղել երգիչ Արա Մարտիրոսյանի հետ: Նա պատմել է, որ Արան նույնիսկ ծեծել է իրեն-հեղ.) արդյոք տեղիք տվել են, որ Լիանան տղամարդկանցից առհասարակ հիասթափվի, երգչուհին պատասխանեց. «Տղամարդկանցից պարբերաբար հիասթափվել ստացվում է, որովհետեւ իրենք ամեն ինչ անում են դրա համար (ծիծաղում է), բայց ես կարողանում եմ իրավիճակին նայել նաեւ տղամարդու ռակուրսից եւ հասկանալ նրան: Ուղղակի հետո գալիս եմ եզրակացության, որ նկարել եմ մի սիրուն նկար, հիացել եմ դրանով, այնինչ դա ընդամենը իմ նկարած նկարն էր, ընդամենը այդքանը»:
Լիանայի խոսքով՝ իր մեջ ապրում է ե՛ւ պայքարող, ուժեղ, ե՛ւ միեւնույն ժամանակ նուրբ, քնքուշ կինը, երեխան: Իսկ անձնական հարաբերություններում, հարազատների նկատմամբ նա շատ պահանջկոտ է. «Մարդ պետք է մաքսիմալ աշխատի իր վրա, որպեսզի բնությանն ու մարդկությանը պիտանի լինի»,-շեշտեց երգչուհին:
Նա նաեւ հավելեց, որ տարածված կարծիքը, թե անձնական հարաբերություններում ամենակարեւոր գործոնը ֆինանսն է, սխալ է. «Դա կարեւոր գործոն է, բայց ոչ ամենակարեւորը: Պարզապես մարդ պետք է ներքուստ իրեն լավ զգա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Լիանան ամուսնացել էր 2012-ին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս