ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԸ ԴՈՒԽ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորների ընդհանուր ժողովը երեկ որոշել է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տիկին Դանիելյանի հետ:

-Տիկի՛ն Դանիելյան, Դուք ինչո՞ւ որոշեցիք համաձայնել, դառնալ ՍԴ անդամի թեկնածու:
-Դա քննարկումների արդյունքում է եղել: Դատավորն ինքը կարող է առաջադրվել կամ այլ անձի առաջարկությամբ, տվյալ դեպքում քննարկումների արդյունքում պալատի նախագահն է առաջադրել: Խորհրդի նախագահն է առաջադրել, բայց դա իմ ցանկությամբ, իմ համոզվածությամբ է եղել, որ ես դատական համակարգում արդեն 28 տարի աշխատել եմ, եւ ճիշտ կլինի իմ գիտելիքները, իմ ձեռք բերած փորձը սահմանադրական ոլորտում ներդնել:
-Իսկ ի՞նչ երաշխավորագիր է Ձեզ համար ներկայացրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
-Բացարձակ: Գագիկ Հարությունյանն ի՞նչ կապ ունի: Իսկ ի՞նչ կապ կարող է ունենալ: Մենք ԲԴԽ-ի հետ ընդհանրապես կապ չունենք: Դատավորների ընդհանուր ժողովն է տալիս այդ երաշխավորությունը:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանը երկար տարիներ ղեկավարում էր Սահմանադրական դատարանը..:
-Բացարձակ, նույնիսկ շփում չեմ ունեցել, նույնիսկ տեղեկացված չեմ, թե նա ինչ կարծիք ունի: Գագիկ Հարությունյանին վերջին անգամ տեսել եմ, երբ Վճռաբեկ դատարանի ամբողջ կազմին ընդունել էր ԲԴԽ-ն: Որեւէ անձնական շփում չեմ ունեցել երբեւէ:
-Հիմա Դուք ի՞նչ հույս ունեք, որ կընտրվեք ՍԴ դատավոր, քանի որ նախորդ անգամ ՍԴ անդամի ընտրության գործընթացն ԱԺ-ում տապալվեց:
-Չեմ կարող ես դա կանխատեսել` ինչ կլինի: Համենայնդեպս ես պատրաստվում եմ ելույթ ունենալ, ուսումնասիրում եմ նախորդ ելույթը, փորձում եմ հասկանալ, թե այդ հարցերից որոնք կարող են ինձ համար լինել, այսպես ասած, բարդ հարցեր: Որքանով որ ես ընկալում եմ, Աժ-ին անհանգստացնում էր դատավորի թեկնածուի ընտրվածության ընթացակարգը: Այս դեպքում մենք այդ խնդիրը չունենք, քանի որ անցել ենք մրցութային կարգով, եղել են մի քանի թեկնածուներ, եւ ընդհանուր ժողովն է ընտրել: Այդ առումով կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է որ չառաջադրվի:
-Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական կոնֆիգուրացիա է փոխվել: Դուք ինչպե՞ս եք աշխատելու, այսպես ասած, նոր Հայաստանում:
-Իսկ ի՞նչ խնդիր կա: Փոխվել է քաղաքական իրավիճակը: Ես կարծում եմ` դա որեւէ առնչություն չպիտի ունենա դատարանի, դատական համակարգի վրա: Եվ այն չափանիշները, որ սահմանված են սահմանադրությամբ, դրանք վերաբերում են դատարանների անկախությանը, երաշխիքներին, դրանք բոլորը գործող նորմեր են: Համենայնդեպս ես մշտապես ձգտում եմ, որպեսզի գործեմ սահմանադրությանը եւ օրենքներին համահունչ: Ինչ վերաբերում է քաղաքական փոփոխությանը, ես կարծում եմ` դա դատական համակարգի վրա միայն լավ ազդեցություն կունենա:
-Ի՞նչ առումով, մի փոքր կբացե՞ք փակագծերը:
– Այսինքն` էլ ավելի է հնչեցնում դատարաններին, դատական գործերին չմիջամտելու կարեւորագույն սկզբունքները, բոլորին նախազգուշացնում է, որ ցանկացած միջամտություն կարող է հետագայում դառնալ շատ լուրջ քննարկման առարկա: Ես չեմ ասում` այլապես դատարանները չգիտեմ ինչ…բայց Փաշինյանի ասածներն էլ ավելի մեծ հենարան, ուժ են տալիս, դուխ են տալիս դատարաններին, որպեսզի իրենք գործեն անաչառ եւ ավելի անկաշկանդ: Ես կարծում եմ` շատ կարեւոր է, երբ պետության ղեկավարները մեկ անգամ եւս բարձրաձայն հնչեցնում են այն, որ դատական համակարգի գործերի մեջ չպետք է պետությունը խառնվի:
-Դուք, երկար տարիներ լինելով դատական համակարգում, հավանաբար ինքներդ էլ ականատես եք եղել դեպքերի, երբ միջամտություն է եղել դատական գործերին:
-Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել այնպես, ինչպես Դուք եք ակնկալում: Իմ գործունեությունը բաց է, հրապարակային: Իսկ ընդհանուր դատողություններ չեմ կարող անել: Համենայնդեպս, ես ոչ մեկի կամակատարը չեմ հանդիսացել, եւ երբեւէ ինձ ոչ ոք չի էլ դիմել նման խնդիրներով: Երկար տարիներ աշխատում եմ կոլեգիալ մարմնում, եւ այնտեղ կարող են լինել տարակարծություններ, որոնք օրենքով հնարավորինս լուծվում են: Դատավորները կարող են հատուկ կարծիքներ ունենալ եւ չհամաձայնել մեծամասնության հետ: Այդպիսի դեպքեր էլ կան, երբ եղել են այլ կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ ազդեցության տակ են գործել:
-Իսկ ի՞նչ եք անելու, եթե փորձեն Ձեզ վրա ազդել, ճնշում գործադրել:
-Ես առաջին անգամ չեմ դատավոր դառնում: 28 տարվանից վերջին 10 տարին քրեական ոլորտում եմ, եւ մեր տան դուռը երբեք չի փակվել, երբեւէ չեմ ունեցել թիկնապահ, երբեւէ դրա կարիքն էլ չեմ ունեցել, ինձ չեմ շրջապատել անվտանգության միջոցներով, չեմ դիմել պետությանն ինձ անվտանգության միջոցներով ապահովելու համար: Կարծում եմ` եթե մարդը գործում է օրենքի շրջանակներում եւ պահում իր մարդկային կերպարը, նա որեւէ այդպիսի միջամտության կամ մտավախության կարիք չունի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՉՈՒՆԵՑԱՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելուց հետո Սիմոնյանը հայտարարել է պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին: ՈՒ մինչ օրենքով սահմանված ժամկետում նրա լիազորությունները կհամարվեն դադարեցված, Սիմոնյանին Երեւանի ավագանու մանդատից են զրկում:

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրություն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով հայտնում էր «Ելք» կուսակցությունների դաշինքի` Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երեւան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին:
ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը հստակ սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության դեպքերը, համաձայն որի` «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում», իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի հրաժարական տալու կարգը, ժամկետները եւ լիազորությունները դադարելու պահը, ԱԺ կանոնակարգ-օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է. hոդված 155. Պատգամավորի հրաժարական տալու կարգը
1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։
2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Այսինքն` նույնիսկ այս պահի դրությամբ Ալեն Սիմոնյանը դեռ համարվում է պատգամավոր, քանի որ իր դիմումից յոթ օր չի անցել, եւ նրա հրաժարականի մասին արձանագրություն չի սահմանվել: Ստեղծվել է իրավաբանորեն չհիմնավորված վիճակ, երբ անձը միեւնույն ժամանակ ստացել է պատգամավորի մանդատ՝ հանդիսանալով ավագանու անդամ, այսինքն՝ անձը երկու ընտրովի պաշտոն է զբաղեցրել միաժամանակ: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Ալեն Սիմոնյանը՝ որպես պատգամավոր, պարտավոր էր ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը, այսինքն՝ հրաժարվել ավագանու անդամի իր լիազորություններից: Մեկ շաբաթ դարձել է պատգամավոր, հետո հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, բայց արդեն ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են: Եթե նա անգամ հրաժարվում է իր պատգամավորական մանդատից, ավագանու անդամի իր լիազորությունները չեն վերականգնվում: Ստացվում է՝ այստեղ իրավաբանորեն ոչ մի խախտում չկա, պարզապես նրան` Ալեն Սիմոնյանին, հնարավորություն չի տրվել ընտրություն կատարելու: Ալեն Սիմոնյանը պատրաստվում է ներկա գտնվել մայիսի 30-ի ավագանու նիստին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԹԻՄԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է համալրել իր թիմը: Մասնավորապես, նա ֆինանսների նախարարի տեղակալներ է նշանակել: Այդ պաշտոններում նշանակվել են Կարեն Թամազյանն ու Արմեն Հայրապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Թամազյանը ֆինանսների նախարարությունում նոր մարդ չէ, նա մինչ այս 2013 թվականից զբաղեցնում էր ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Արմեն Հայրապետյանը եւս ոլորտում նոր մարդ չէ: Ընդ որում` նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հետաքրքիր միջադեպ էր գրանցվել դեռեւս 2016 թվականի փետրվարի 11-ին, երբ Արմեն Հայրապետյանը ֆինանսների փոխնախարարի կարգավիճակով խորհրդարանում ներկայացնում էր 90 մլն ԱՄՆ դոլար արժողության վարկային հերթական համաձայնագիրը: Այդ ժամանակ նա չկարողացավ պատասխանել պատգամավորների, այդ թվում Փաշինյանի հարցերին` կապված բյուջեի թերհավաքագրման հետ: Եվ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ նշել էր. «Երկու տարբերակ կա` կա՛մ փոխնախարարը լավ չի պատրաստվել զեկուցմանը, որ թվերը չգիտի, կա՛մ այդ թիվն այնքան վախենալու է, որ չի ուզում հրապարակել»:

 

 

ԸՆԿԵՐՈՋՆ ԷԼ ՀԵՏԸ ՏԱՐԱՎ
Արման Սահակյանի` ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո աշխատանքից ազատվել է նաեւ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը` Ստեփան Ստեփանյանը: Նշենք, որ Ստեփանյանը Սահակյանի բակային ընկերն է, ուստի նրա համար էլ հատուկ ստորաբաժանում էր ձեւավորել: Նշված ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչ պետգույքի կառավարման վարչությունը, եւ այս կառույցը գոյություն ունի` շնորհիվ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիս 10-ին ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Գեւորգյանը, որը մինչ այդ «Հրազդան մարզահամալիր» ընկերության տնօրենն է եղել, ապա պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդականը: Մնում է հուսալ, որ նոր կառավարությունը կփակի այս ՊՈԱԿ-ը. ի վերջո, սա ՀՀ պետական գույքի կառավարման վարչության կրկնօրինակն է` ստեղծված կոնկրետ անձանց փող աշխատելու համար:

 

 

ՄԵԿ ԺԱՄ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
Մայիսի 22-ին «Շերեմետեւո» օդանավակայանից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռը ուժեղ ամպրոպի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին տվյալ չվերթի ուղեւորներից մի քանիսը: Նրանց պատմելով` ինքնաթիռը մի քանի պտույտ է կատարել թռիչքուղու վրա, ապա գնացել եւ հարկադիր վայրէջք կատարել Մինվոդիում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորները ստիպված են եղել մեկ ժամ մնալ ինքնաթիռի մեջ, ինչից հետո վերադարձել են Երեւան եւ բարեհաջող վայրէջք կատարել:

 

 

 

 




Լրահոս