ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԹԱՔՑՐԵԼ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեին 2017 թվականի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Ընդ որում` այս անգամ ներկայացվելիք հայտարարագրերն ավելի հետաքրքիր եւ կարեւոր էին 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համատեքստում, որի հետեւանքով քրեականացվել էր ապօրինի հարստացումը: Եվ արդեն պետք է ուսումնասիրվեն պաշտոնյաների հայտարարագրերը պարզելու համար՝ արդյոք նրանք ապօրինի՞ են հարստացել, թե՞ ոչ: Ընդ որում` քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին: Ասել է թե` մինչ այդ միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սույն թվականի մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Ըստ այդմ` տեղեկացանք, որ մինչեւ 2017 թվականի հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի մարտի 30-ը, ակնկալում էր ստանալ 3 հազար 233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր, սակայն ապրիլի 10-ի դրությամբ 2017 թվականի տարեկան հայտարարագիր են ներկայացրել միայն 3 հազար 27 հայտարարու պաշտոնատար անձինք: Նաեւ տեղեկացանք, որ այս գործընթացին հաջորդելու են հայտարարագրի լրացման եւ ներկայացման պահանջների պահպանման, ստուգման, իսկ այնուհետեւ հայտարարագրված տվյալների արժանահավատության եւ ամբողջականության ստուգման գործընթացները:
Ավելին` տեղեկացանք, որ հայտարարագրերի չներկայացման գործընթացից հետո հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերեւույթ իրավախախտման հատկանիշներով):
Մասնավորապես, օրենսգրքի համաձայն, հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է նախազգուշացում: Ապա այս նախազգուշացումից հետո նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 հազար դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ցանկը հասկանալու համար, թե ովքեր են հայտարարագիր չներկայացրած 51 անձինք: Մասնավորապես պարզեցինք, որ 51 անձանցից 23-ի պաշտոնը դադարեցված է, եւ հայտարարագիր չներկայացնելը հենց այդ հիմքով է: Մյուս 28 անձանցից 2-ը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը, կալանավորված են, եւ պարզ է, որ հայտարարագիր չեն ներկայացրել: Իսկ ահա մյուսները պաշտոններ զբաղեցնում են: Մասնավորապես պարզեցինք, որ հայտարարագիր չներկայացրած անձանց շարքում մեծ թիվ են կազմում Քննչական կոմիտեի քննիչները կամ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնողները` օրինակ` Վանաձոր ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը, ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետը եւ այլք: Սակայն կան նաեւ ավելի բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք` մասնավորապես դեսպաններ:
Նրանք են Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մանվել Բադեյանը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, Մոլդովայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը: Եվ ստացվում է՝ այս 51 անձինք արդեն նկատողությունը ստացել են, եւ կրկնվելու դեպքում արդեն տուգանք կլինի:
Ուսումնասիրելով Բելգիայի թագավորության դեսպան Թաթուլ Մարգարյանի՝ 2016 թվականի տարեկան հայտարարագիրը` պարզեցինք, որ նրա այդ տարվա հայտարարագիրն էլ շատ աղքատիկ է եղել: Նա հայտարարագրած է եղել 40 հազար դոլար եւ որպես եկամուտ իր մեկ տարվա աշխատավարձը՝ 56 հազար եվրո: Իսկ ահա նրա կինը՝ Անահիտ Աղումյանը, հայտարարագրել էր 270 հազար դոլար: Իսկ ահա Շառլ Ազնավուրը, ով դեսպան է 2009 թվականից, ոչ մի անգամ էլ հայտարարագիր ներկայացրած չի եղել: Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանի ներկայացրած վերջին հայտարարագիրը կրկին 2016 թվականինն է եղել: Նա այդ տարի հայտարարագրել էր 1 մլն 767 հազար 185 դոլարի փոխառություն: Բադեյանի դրամական միջոցները կազմել էին 300 մլն դրամ եւ 40 հազար եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում էլ նա վաստակել էր 2 մլն դրամ եւ 104 մլն դոլար:
Ընդ որում` այս 51 անձանցից բացի կան նաեւ 86 պաշտոնյաներ, ովքեր հայտարարագիրը ներկայացրել էին ժամկետից ուշ: Այս ցանկում եւս մեծ թիվ էին կազմում քննիչները: Իր հայտարարագիրն ուշ էր ներկայացրել նաեւ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Նարեկ Ղազարյանը, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը եւ այլք:
Փաստորեն, այս անձինք եթե մոռացկոտություն, անփութություն չեն դրսեւորել, ապա ուղղակի արհամարհում են հայաստանյան օրենսդրությունը: Եւ հիմա նոր իշխանությունները պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորեն կատարվածի նկատմամբ:

Ն. Հ.

 

ԱՆՑԵԼ ԵՆ ԳՈՐԾԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին օրերին ուժային կառույցներ բերման են ենթարկվում համաժողովրդական շարժման օրերին բողոքի ցույց անցկացնող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձինք, բնականաբար, այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում: Ընդ որում` ինչպես պնդում են մեր աղբյուրները, բերման են ենթարկվել ոչ միայն կոնկրետ հանցանք կատարած անձինք, այլեւ նրանց մերձավոր շրջապատը, մտերիմները: Իրավապահները զրուցում են բերման ենթարկվածների հետ, բացատրություն պահանջում կատարած գործողությունների համար՝ փորձելով պարզել, թե կոնկրետ ում հրահանգով են գործել, ինչու, շահադիտական ինչ նկատառումներով: Ընդ որում` արդեն ուժայիններին են հյուրընկալվել նաեւ հայտնի անձինք՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի շրջապատի անձինք. չէ՞ որ հենց նրանք էին շարժման դեմ պայքարող առաջամարտիկները: Ասում են՝ ցուցակը շարունակելի է, մանավանդ, երբ կան նաեւ կալանավորվածներ:

 

 

ԱՐԾՎԻԿ
Արդեն նախկին ՀՀԿ-ական, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը սեփական կուսակցությունն է ստեղծում` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» անվանումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 23-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու նրանց առաջին համագումարը: Ասրյանը երեկ հրաժարվեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին` նշելով, թե բոլոր հարցերին անդրադառնալու է հենց համագումարի ժամանակ: Հավելենք, որ Ասրյանը մշտապես աչքի է ընկել ազգայնական հայտարարություններով, եւ շատ հաճախ նրան շարժուձեւի, նաեւ արտահայտած մտքերի համար համեմատել են Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Խ. Ասրյանը նախկինում մշտապես փորձել է Սերժ Սարգսյանին ցույց տալ իր անմնացորդ նվիրումը` տարիներ առաջ հայտարարելով, որ նրա հրամանով կամ հանձնարարականով պատրաստ է «լինել ցանկացած տեղ՝ այդ թվում եւ դժոխքի դարպասների պահակ»: Պատահական չէ, որ Ասրյանը հրաժարական տվեց հենց ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո:

 

 

ՀԱՍԱՎ ՍԴ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի գործը հասել է ՍԴ: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը Սողոյանին ազատ արձակման մասով դիմել է ՍԴ: Մինչ այդ նա դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, մերժվել, հետո՝ ՀՀ վճռաբեկ դատարան: Այստեղ դատարանը պաշտպանի բողոքը կասեցրել է եւ դիմել է ՍԴ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ
Մայիսի 23-25-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանում են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինան եւ Ջուզեպե Գալատին: Երեկ նրանք հյուրընկալվել են Հայաստանի խորհրդարանում եւ առանձին հանդիպումներ ունեցել ՀՀ ԱԺ ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստանի վերջին քաղաքական զարգացումներին, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, ընտրական օրենսգրքի փոփոխությանը, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ինչպես նաեւ նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին վերաբերող հարցերի:

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ ԵՆ
ՀՀ նախագահի մրցանակի հանձնման արարողությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի ՀՀ ազգային ժողովում, եւ այնտեղ էլ պետք է լուծում տրվի: «Արտահերթ ընտրություններ պետք են, թե պետք չեն, ես կարծում եմ, որ երկու մեծ սուբյեկտ կա, որ պետք է որոշում կայացնի այդ հարցի շուրջ: Մեկը Հայաստանի ժողովուրդն է, մյուսը՝ ժողովրդի համապատասխան մարմինն Ազգային ժողովում»,- ասել է Ա. Սարգսյանը: Նրա խոսքով` եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտականությունը կլինի իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար եւ արդարացի:

 

 

 

ՀԵՏԱՁԳԵՑ ՄԵԿ ՏԱՐՈՎ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը երեկ հայտարարել է, թե կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով: «Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով Կառավարության քննարկմանն եմ ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել եմ սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչեւ 2019թ հուլիսի 1-ը: Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու եւ դրանց հիմնավոր, արդյունավետ եւ երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաեւ նրանց կարծիքը»,- նշել է նա:

 

 

ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐԸ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդրի լուծման համար պետք է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկվեն: «Ղարաբաղի խնդիրը նաեւ մեր խնդիրն է, ինչպես Կիպրոսի հարցը նաեւ Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` ամբողջ իսլամական աշխարհինը։ Մենք հավատում ենք, որ նման հարցերի կարգավորման համար հարկավոր է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել»,- ասել է Քահրամանն Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ժամանակ։




Լրահոս