Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել` պետական ծրագրերի շրջանակներում պարարտանյութի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խարդախությամբ պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ։
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել էր 9 քրեական գործ՝ ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրերի իրականացման շրջանակներում մարզի տարբեր համայնքների հողօգտագործողներին պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ։
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի ցուցումով նշված 9 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների մեխանիզմը, դրանց առնչություն ունեցած անձանց շրջանակը և դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, առանց մրցույթ կազմակերպելու, 2013-2016թթ. ազոտական պարարտանյութի ներկրման գործառույթը տրվել է «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում», իսկ 2014-2016թթ. ֆոսֆորական ու կալիումական պարարտայնութերի ներմուծման գործառույթը՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերություններին։ Վերջիններս, ամեն տարի ստանալով մենաշնորհային դիրք, պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիայի և դրամաշնորհի հաշվին զբաղվել են հիշյալ ծրագրերի իրականացմամբ:
Պարզվել է, որ «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն Վրաստանից տոննայի հաշվարկով, 1 տոննան 340 ԱՄՆ դոլարով, ձեռք է բերել ազոտական պարարտանյութ, որը պետք է ներմուծվեր 50 կգ-անոց պարկերով։ Իրականում ներմուծված պարկերն ունեցել են ավելի քիչ ծավալ, սակայն շահառուներին՝ գյուղացիներին, իրացվել են որպես 50 կգ.-անոց պարկեր և արդյունքում, նախնական հաշվարկներով, խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 158.400.000 ՀՀ դրամ գումար։
Չարաշահումների այլ մեխանիզմ է բացահայտվել ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ներկրման և բաշխման գործընթացում։
«Հրաշք այգի» ՍՊ ընկերությունը, Չինաստանից և Ռուսաստանից ներկրելով նշված երկու տեսակի պարարտանյութերը, 2015 թվականի ծրագրի իրականացման ընթացքում չի իրացրել նախատեսված ամբողջ ծավալը, սակայն նախապես ստացված սուբսիդիայի գումարը 2016 թվականի ծրագրի համար ավելի քիչ է ցույց է տվել, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ, նախնական հաշվարկներով, հափշտակվել է 38.800.000 ՀՀ դրամ գումար:
Ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա՝ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ չարաշահումների հնարավոր այլ դրսևորումները, դրվագները բացահայտելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։