Որևէ կլանի անդամ չեմ եղել. Արսեն Սաֆարյանը՝ հեղափոխության և իր ակնկալիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ Արսեն Սաֆարյանի հետ։ Նա անդրադարձել է գործնական ծրագրերին, քաղաքական հարցերում իր նեյտրալ դիրքորոշմանը եւ նոր կառավարության հետ կապված հույսերին։

-Արսեն, կա՞ն նոր երգեր, որոնց վրա աշխատում եք։ Վերջերս թողարկեցիք տեսահոլովակ, հաջորդին ե՞րբ սպասենք։

-Այո՛, շատ երգեր կան, որոնք հավաքել եմ վերջին երկու տարվա ընթացքում եւ աշխատում եմ դրանց վրա։ Խոսքը մեկը մյուսից բավական տարբերվող ստեղծագործությունների մասին է: Հունիսի 29-ին ունեմ նաև այլ նորություն: Էջմիածին քաղաքի մշակույթի պալատում ներկայանալու եմ մենահամերգով: Սիրով սպասում եմ բոլոր էջմիածնեցիներին:

-Նախկինում կար ակումբ, որը Ձեր անվան հետ էր ասոցացվում, այնտեղ կազմակերպում էիք համերգներ։ Հիմա, սակայն, այդ ակումբի հետ չեք համագործակցում։ Առաջիկայում հնարավո՞ր է Ձեր սեփական ակումբը հիմնեք։

-Ակումբի հետ կապված մտքեր, իհարկե, կան: Վաղ, թե ուշ, դրանք կյանքի կկոչվեն։ Ուղղակի պետք է քաղաքում հարմար տեղ գտնել, որտեղ կհավաքվեն մարդիկ, ովքեր սիրում են ճաշակով եւ բազմաժանր երգեր լսել։ Այդ վայրում ես կկենտրոնացնեմ իմ մենահամերգները։ Հիմա, երբ ակումբով զբաղված չեմ, հարմար ժամանակ է ստեղծագործելու, երաժշտությամբ զբաղվելու համար։ Իսկ ակումբը երբ կլինի, կլինի։

-Գաղտնիք չէ, որ ինչպես մի շարք ոլորտներում, շոու-բիզնեսում եւս առկա են մենաշնորհներ։ Դուք երբեւէ բախվե՞լ եք այդ խնդրին։

-Երբեւէ չի եղել մի անձ կամ կազմակերպություն, որը խանգարել է ինձ ստեղծագործել կամ որեւէ հարթակում ելույթ ունենալ։ Գուցե եղել են մարդիկ, որոնց խանագարել են, չեմ կարող ասել։ Իհարկե, այնպես էլ չի եղել, որ գլուխները կորցրել են ինձ օգնելու համար (ծիծաղում է)։ Կարճ ասած՝ ինձ ո՛չ օգնել են, ո՛չ խանգարել։ Ես քաղաքականությանն առնչվող թեմաների շուրջ միշտ նեյտրալ դիրքորոշում եմ ունեցել, երբեք քիթս չեմ խոթել այստեղ կամ այնտեղ։ Երգել եմ բոլորի համար։ Չեմ երգել միայն «Հանրապետական»-ի, միայն «Ծառուկյան» դաշինքի կամ միայն «Օրինաց»-ի համար։ Միշտ ասել եմ, որ իմ դերն ու մասնակցությունը այս կամ այն իրավիճակին պայմանավորված է իմ մասնագիտությամբ, ոչ ավելին։ Միշտ նշել եմ, որ քաղաքական որեւէ ուժի անուն չեմ հնչեցնելու, դրա իրավունքը չունեմ, եթե անունը տամ, կնշանակի կիսում եմ այդ ուժի հայացքները։ Եթե ելույթ եմ ունենում, ուրեմն միայն ժողովրդի դիմաց։

-Համենայն դեպս, շոուբիզնեսյան որեւէ կլանի չե՞ք պատկանել։

-Ո՛չ, որեւէ կլանի անդամ չեմ եղել։ Երգիչը, արվեստի մարդը պետք է մնա իր տեղում՝ իհարկե, ունենալով տեսակետներ, հայացքներ, քանի որ հասարակության մի մասնիկն է։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր դիմաց արվեստի մարդ է, եւ իր խոսքը կարեւոր է։ Պետք է շատ զգույշ վերաբերվել արվեստի մարդկանց, իսկ արվեստի մարդիկ էլ պետք է իրենց արժանապատիվ պահեն։ Նրանք պետք է լինեն այն ազդեցիկ ուժը, որի հետ հաշվի կնստեն, ոչ թե որին երկու կոպեկ կշպրտեն եւ կմտածեն, որ մեծ բան են արել։

-Իսկ ի՞նչ հույսեր եք կապում նոր կառավարության հետ։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում այն Հայաստանում, որը ծնվեց վերջին երկու ամսում։

-Ինձ զգում եմ այնպես, ինչպես միշտ։ 1990-ականներից շատ խառը իրավիճակների ականատեսն եմ եղել, բայց չեն եղել պահեր, երբ ասեմ՝ վե՛րջ, սրանից հետո հրաշք է լինելու։ Չէ՛, այդ ակնկալիքը չեմ ունեցել նաեւ այս վերջին շարժման ժամանակ։ Ես գիտեմ մի բան. եթե տվյալ քաղաքական ուժը հավատարիմ մնա իր հայացքներին, գուցե շատ բան փոխվի, բայց եթե ընկնի փափուկ, լավ ապրուստի գիրկը, մոռանա՝ որտեղից է եկել եւ ուր պետք է գնա, այդ դեպքում ոչինչ էլ չի փոխվի։ Ամեն դեպքում, հուսով եմ նայում ապագային։ Միշտ էլ լավատես եմ եղել։ Ակնկալում եմ, որ երեխաներս ապրեն ապահով Հայաստանում։ Մեր սերունդն ամեն ինչ տեսավ, բայց վաղվա օրը չէր տեսնում։ Հիմա ուզում եմ, որ երեխաներս տեսնեն այդ վաղվա օրը։ Ես աշխատել եմ եւ կաշխատեմ միայն «կոկորդով», եւ նշանակություն չունի՝ ով կկառավարի երկիրը, ինչպես դա կանի, միայն ուզում եմ, որ Հայաստանը դառնա օրենքի երկիր։

Աննա Բաբաջանյան




Լրահոս