ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է փոխել իր անունը, ապա ինչպե՞ս է իրականացվում այդ գործընթացը. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել, ի՞նչ ժամկետում է կատարվում եւ որքա՞ն է կազմում պետական տուրքը:
Անի Մկրտումյան (29 տարեկան, դիզայներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը: Մինչեւ 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի կամ օրինական ներկայացուցիչների կողմից: 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը: Անհրաժեշտ է ներկայացնել`
դիմում, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով այլ փաստաթղթեր: Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում: Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը` առավելագույնը 2 ամսով` ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա: Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով`
երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20000 դրամ: