ԱԱԾ-ն երեկ մանրամասներ է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկության արդյունքներից: Ըստ այդմ` ԱԱԾ-ն Մովսիսյանին է այցելել ապօրինի զենք պահելու մասին տվյալների հիման վրա:
Սակայն մինչ այդ Մովսիսյանը հասցրել էր զենքերը թաքցնել: Այս առնչությամբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 21-ին Մովսիսյանի տանը եւ զենքն ու ռազմամթերքը պահելու հնարավոր այլ վայրերում խուզարկություն է իրականացվել: Արդյունքում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու թաքստոցներից` հողածածկույթի տակից, հանել եւ կամովին հանձնել է զենքն ու ռազմամթերքը: Մինչեւ այդ Մովիսյանը տարվել էր ԱԱԾ, որտեղ նրան պարզաբանվել է, որ ապօրինի զենքն ու ռազմամթերքն ինքնակամ հանձնելու դեպքում ինքն օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունից կազատվի:
Եվ դրանք հանձնելուց հետո Մովսիսյանն ազատ էր արձակվել ԱԱԾ-ից: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մովսիսյանը նշեց, որ ինքը լավ է, բարձր տրամադրությամբ: Իսկ հարցին, թե ինչո՞ւ էր զենքն ու ռազմամթերքն ապօրինի կերպով պահում եւ թաքցրել էր հողի տակ, նա չպատասխանեց. «Բոլոր հարցերը ճշտեք ազգային անվտանգությունից»:
Նշենք, որ ավելի վաղ Մովսիսյանն «Ազատություն» ռ/կ-ին էլ հայտնել էր. «Օրենքի տառին համապատասխան ԱԱԾ-ն ներխուժեց իրանց ամեն ինչով մեր բնակարան, իրենց ամեն ինչով… Ես շատ շնորհակալ եմ ԱԱԾ-ից: Նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել»: