Ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող, հանրային առողջության մասնագետ Արման Խարազյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել է առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը:
Մոտավորապես երեք տարի լինելով «Ինգո Արմենիա» ընկերության հաճախորդ և ունենալով ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ «ամենահուսալի» և ԱՊՊ պայմանագրերը, որոնք ներառում են հնարավոր ռիսկերի առավելագույն պաշտպանությունը՝ Արման Խարազյանն անակնկալի է եկել:
Ընկերությունը 3 տարի գումար է գանձել, սակայն չի կատարել երկկողմ կնքված պայմանագրի դրույթները:
Araratnews.am-ի հետ զրույցում Արման Խարազյանն ասաց, որ եղել է վթար, որի համար ընկերությունը պետք է փոխհատուցի, քանի որ ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ «ամենահուսալի» պայմանագիրը կնքվում է հենց նման դեպքերի համար, և ավելի քան կես միլիոն դրամ գումար ուղղակի՝ հենց այնպես չի վճարել ընկերությանը 3 տարում, այլ վճարել է նման խնդրից խուսափելու նպատակով, որն է՝ փոխհատուցման տրամադրումը, սակայն փաստորեն դա էլ չի օգնել: Արի ու տես, որ ընկերության ներկայացուցիչը պատճառաբանում է՝ փոխհատուցում ստացողը չունի վարորդական անհրաժեշտ ստաժ՝ տրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագրում նշված դրույթներից օգտվելու:
Հարցին, թե այդ պարագայում ինչո՞ւ է ընկերությունը վարորդի հետ ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագիր կնքել, հստակ պատասխան մեր զրուցակիցը չի լսել:
Araratnews.am-ը կապ հաստատեց նաև «Ինգո Արմենիա» ընկերության հետ՝ պարզաբանում լսելու: Բայց, ի զարմանս մեզ, ընկերության աշխատակիցը՝ Թագուհին, հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ. «Հաճախորդը ներկայացրել է դիմում, որին համապատասխան ձեւով կտրվի պատասխան»:
Մեր դիտարկմանը, թե վարորդը հրապարակայնացրել է իր խնդիրը, հետեւաբար ընկերությունը կարող է պարզաբանում տալ, աշխատակիցն ասաց. «Վարորդի թույլտվությունը մեզ հետ կապ չունի: Մենք իրավասու չենք հրապարակելու ոչ մի տեղեկություն: Դուք ո՛չ լիազորված անձ եք, ո՛չ սեփականատեր, ո՛չ էլ շահառու»:
Տեղեկություն ստանալու մեր համառ պնդումներն ապարդյուն էին: Ըստ էության, ապահովագրական ընկերությունն այսկերպ խոչընդոտում է լրատվամիջոցի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: