ՆԱԽՈՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՐՊԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ՄԵԾ ԲԵՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պետական բյուջեից միջոցները չէր խնայում իր խորհրդականներ Ալեքսանդր Խաչատուրյանի եւ Արմեն Ավակյանի գլխավորած հիմնադրամներին հատկացնելու համար: Կարեն Կարապետյանն այլեւս պետական պաշտոն չի զբաղեցնում, փոխարենը նրա երբեմնի խորհրդականները շարունակում են բոլորից աննկատ պաշտոնավարել` ընդ որում` հարկատուներիս հաշվին գոյացած ՀՀ պետական բյուջեից ստանալով ահռելի աշխատավարձեր:

Ըստ որոշ տեղեկությունների` նախկին խորհրդականները, որոնք պետք է զբաղվեին Հայաստանի զարգացմամբ եւ ռազմավարական նախաձեռնություններով, այս օրերին գրեթե չեն աշխատում եւ սպասողական վիճակում են:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամը ստեղծվել է Կարեն Կարապետյանի կառավարության կողմից անցած տարեսկզբին: Այն հետապնդում է ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների եւ ներդրումային ծրագրերի հավաքագրման, մշակման, վերլուծության, վերանայման, սպասարկման ու վերահսկողության նպատակներ: Իսկ կենտրոնի ղեկավար նշանակվեց Ալեքսանդր Խաչատուրյանը, ով Կարեն Կարապետյանի խորհրդականն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց նախկին խորհրդականի ղեկավարած Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի պաշտոնական կայքէջում: Չէ՞ որ սա առաջին տարբերակն է տեղեկանալու կենտրոնի կատարած աշխատանքների մասին: Բայց պարզվում է, որ կենտրոնը ապրիլի 20-ից այս կողմ չի աշխատել, քանի որ նորությունների բաժնում տեղադրված վերջին տեղեկությունները ապրիլի 20-ին են եղել: Դրանից հետո, հիշում եք` ինչ դրամատիկ իրադարձություններ եղան. հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, հետո ընդդիմությունը «սկսեց մերժել» ՀՀԿ-ին ու Կարեն Կարապետյանին: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո Կարապետյանն էլ հրաժարական տվեց: Բայց նրա նախկին խորհրդականի գլխավորած կառույցում երեւի դեռ չեն համակերպվել այդ դաժան իրականության հետ, ու հիմնադրամի կայքէջից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի վարչապետը դեռ Կարեն Կարապետյանն է:
Այս հիմնադրամի մասին բավական է հիշեցնել, որ ընթացիկ տարվա համար կենտրոնը պետական բյուջեի հաշվին բավականին ճոխ գնումներ էր կատարել: Հենց այս կենտրոնի երիտասարդները խմում են ամենաթանկ սուրճը: Ըստ գնումների պլանի` հիմնադրամի աշխատակազմը նախատեսում է գնել 30 հատ Espresso տեսակի սուրճ, որի մեկ տուփի արժեքը կազմում է 12 հազար դրամ: Այսինքն` միայն 30 հատ սուրճի համար կծախսվի 360 հազար դրամ: Իսկ լուծվող 15 հատ սուրճի համար ընդհանուր կծախսվի 82 հազար 500 դրամ: Բացի այս նրանք գնելու են նաեւ 5500 դրամ արժեք ունեցող լուծվող սուրճ: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է մի շարք պետական գերատեսչությունների, այդ թվում նախարարությունների գնումների պլանները, եւ երբեք չի հանդիպել, որ 12 հազար դրամանոց Espresso սուրճ գնեն:
Այստեղ հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը անցած տարվա ընթացքում որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր կազմել է 17 մլն 673 հազար դրամ: Միայն մեկ վայրից ստացած աշխատավարձը ամսական կազմել է 1 մլն 455 հազար դրամ: Ենթադրվում է, որ նա այսչափ աշխատավարձ ստացել է հենց կենտրոնում ղեկավարելու համար: Ի դեպ, Խաչատուրյանը նախորդ տարում 51.5 մլն դրամով բնակարան է գնել` ունենալով 7 մլն դրամ եւ 6400 դոլար դրամական միջոց:
Նույն իրավիճակն է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամում: Հայաստանի զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Այստեղ եւս վերջին օրերին աշխատողները պարապուրդի են մատնված` ղեկավար Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնի է, նա հիմնադրամի գործադիր տնօրենն է, ով, ըստ հիմնադրամի կայքէջի, միաժամանակ հանդիսանում է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, թեեւ Ավակյանն էլ վաղուց ազատվել է վարչապետի խորհրդականի աշխատանքից, ինչպես եւ իր ղեկավարը: Տեղեկացնենք նաեւ, որ ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի` Արմեն Ավակ Ավակյանն անցած տարում որպես եկամուտ հայտարարագրել է 3 վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր կազմել է ավելի քան 16.6 մլն դրամ եւ 29 հազար 100 եվրո: Միայն մեկ վայրից ստացած աշխատավարձը ամսական կազմել է 1 մլն 161 հազար դրամ, որը, ենթադրվում է, նա ստացել է հենց հիմնադրամի գործադիր տնօրեն աշխատելու համար:
Հիմա, փաստորեն, ստացվում է տարօրինակ իրավիճակ. թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Խաչատուրյանն ու Ավակ Ավակյանը շարունակում են պաշտոնավարել, թեեւ իրենց շեֆերը՝ Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը, վաղուց հեռացել են իշխանությունից: Ընդ որում` այս երկու ճարպիկ երիտասարդները շարունակում են պաշտոնավարել առանց նոր կառավարության հետ հարաբերվելու, առանց իրենց հետագա պաշտոնավարման հեռանկարները ճշտելու: Պարզապես աննկատ քաշվել են մի անկյուն ու վայելում են միլիոնավոր դրամների իրենց աշխատավարձերը: Երեւի մտածում են` քանի դեռ նոր կառավարության գլուխը խառն է, քանի դեռ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են այլ խնդիրների կարգավորմամբ, իրենց որեւէ մեկը չի հիշի: Ու քանի դեռ չի հիշի, կարելի է բյուջեի հաշվին էլիտար հաճույքներ վայելել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱն




Լրահոս