«ՏՆՕՐԵՆՆԵՐԸ՝ ՋԻՊԵՐՈՎ, ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ՈՏՔՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայիս կառավարության գործելաոճի, տեղի ունեցած մշակութային հեղափոխության, մշակույթի նոր նախարարի մոտեցումների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ: Նա նշել է, որ եթե հեղափոխությունն անցկացվեց բաց ձեռքերով, ապա կառավարությունն էլ պետք է գործի մաքուր ձեռքերով:

-Պարո՛ն Զորիկյան, մինչ այս պահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերից ի՞նչ տպավորություններ ունեք:
-Դրական, գուցե ինչ-ինչ հարցերում նա պետք է օպերատիվություն ցուցաբերի, որովհետեւ ժամանակ կորցնելը կարող է վատ հետեւանքներ ունենալ:
-Գուցե ակնարկո՞ւմ եք «Սասնա ծռերին» ազատ արձակելու հարցը:
-Ես ընդհանուր ձեւակերպում եմ տալիս: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը ճիշտ ուղղությամբ է գնում, ուզում է հարցը լուծել օրենքի շրջանակներում, տվյալ դեպքում այդ պատճառով է ժամանակ ձգում: Համենայն դեպս, չեմ կարծում, որ այս առումով մտահոգություններ պետք է լինեն: Չմոռանանք, որ Փաշինյանը բացահայտ ասաց, որ ինքն էլ է եղել քաղբանտարկյալ: Սրանից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինի:
-Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ մշակույթի գործիչների հետ եւ նկատեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հենց մշակութային հեղափոխություն էր: Նա նաեւ մշակույթը համեմատեց հիգիենայի հետ: Համաձա՞յն եք վարչապետի դիտարկումներին:
-Ինչ խոսք, հեղափոխությունը նոր մտածելակերպի արդյունք էր, բացահայտ ուրիշ մոտեցումների կիրառման հնարավորություն: Ինչ վերաբերում է հիգիենային, ապա իմ ասոցիացիան հետեւյալն է. հիմա մենք առաջին անգամ փորձում ենք մաքուր ձեռքերով գործել: Եթե հեղափոխությունն արեցինք բաց ձեռքերով, ապա երկիրը պետք է կառավարենք մաքուր ձեռքերով: Գուցե ՀՀԿ-ն մնա նույն կեղտոտ ձեռքերով, բայց լավ կլինի՝ ապաշխարի: Ի վերջո, Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ սխալվել էր:
-Մի փոքր մշակութային խնդիրներից խոսենք: Դուք՝ որպես հեղինակ-կատարող, ի՞նչ հիմնական խնդիրների եք բախվում: Օրինակ՝ համերգասրահների՝ թանկ գներով վարձակալությունը կարո՞ղ է խնդիր լինել:
-Երկու տարի առաջ իմ համերգն Արցախում արգելվեց: Սա է խնդիրը: Ես չգիտեմ՝ ինչն էր պատճառը, բայց իշխանությունը վախեցած էր: Ես պետք է ասեմ՝ մի՛ վախեցեք, չի կարելի ամբողջ կյանքում վախեցած ապրել: Ինչ վերաբերում է դահլիճների վարձակալության հետ կապված բարձր գներին, դա լուծվող հարց է: Նախարարությունը կարող է արտիստին փոխհատուցել այդ գումարը, որպեսզի նա, այսպես ասած, տակ չտա: Մնում է՝ այդ գումարները տեղ հասնեն: Հիմա շատ թատրոնների տնօրեններ ջիպերով են շրջում, իսկ դերասանները՝ ոտքով: Թատրոնների բոլոր այն ղեկավարները, որոնց ձեռքերը կեղտոտ են, հերթով պետք փոխվեն:
-Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ դեմ է Օպերային թատրոնում ռեստորանի կառուցմանը: Սա, ինչպես հիշում եք, նախկին նախարար Արմեն Ամիրյանի օրոք էր ծրագրվում իրականացնել: Համաձա՞յն եք տիկին Մակունցի հետ:
-Ի՞նչ ռեստորան, ի՞նչ բան: Օպերան պետական կառույց է, ուրեմն մշակույթի ներկայիս նախարարը ճիշտ է: Եթե որեւէ բան պետական է, պետությունը պետք է հոգա ծախսերը ու ոչ թե ասի՝ ես նախատեսված փողերը կուտեմ, դու էլ, օպերա ջան, ռեստորան սարքիր, քո գլուխը պահիր: Բոլոր պետական կառույցների փողերը վերեւից կերել են: Այս մարդիկ ստիպված սկսել են վարձով տալ դահլիճներ, սրճարան բացել, որ մի կերպ իրենց ծախսերը հոգան:
-Եվ վերջում՝ այս փուլում ո՞րը պետք է լինի յուրաքանչյուրիս անելիքը:
-Պետք է աչալուրջ լինենք, որպեսզի հանկարծ արդեն թերթած էջը ինչ-որ քամու հետեւանքով հետ չթերթվի:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱն

 

 

 

ՈՐԴՈՒ ԾՆՈՒՆԴԸ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երգչուհի Արփիի (Արփի Շահնուբարյան) երկրորդ զավակը ծնվել է մայիսին նոր Հայաստանում: Որդուն ծնողները տվել են խորհրդանշական Ակսել անունը, որը նշանակում է խաղաղության հայր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արփին հույս հայտնեց, որ որդին մեր երկրին հենց խաղաղություն էլ կբերի:

«Ես միշտ էլ լավատես եմ եղել, հեղափոխությունից առաջ էլ էի այդպիսին: Բոլորին հույս էի տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Կարծես թե հույսերս արդարանում են: Պատկերացնում եմ, որ որդիս պետք է մեծանա պինդ, ամուր եւ հզոր Հայաստանում եւ ոչ մի քայլ հայրենիքից դուրս չի անելու արտերկրում մշտական բնակության նպատակով»,-ասաց Արփին:
Արփին այնպիսի կարգավիճակում էր, որ հեղափոխության օրերին չի կարողացել միանալ շարժմանը, փոխարենը ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նրա ընտանիքի անդամները:
Հարցին, թե որքան պետք է սպասենք իր վերադարձին բեմ, երգչուհին պատասխանեց. «Ես արդեն իսկ ելույթներ եմ ունենում փակ կորպորատիվների ընթացքում: Բեմի հետ կապված շատ մեծ պլաններ ունեմ, որդիս էլ ինձ նոր լիցքեր եւ ոգեւորություն է հաղորդում: Առաջիկայում պետք է մեկնեմ Կանադա մասնակցելու ամառային փառատոնի, պետք է նկարահանեմ տեսահոլովակ, շուտով լսարանիս դատին կհանձնեմ ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված կլինեն օրորոցային երգեր: Այնպես որ, ծրագրերը բազմաթիվ են»:
Իսկ մեր դիտարկմանը, թե Արփիին, կարծես թե, հաջողվում է գործնականը համատեղել անձնականի հետ, երգչուհին պատասխանեց. «Այո՛, այդպես են ասում, բայց ես ինձնից այդքան էլ գոհ չեմ: Համենայն դեպս փորձում եմ հասցնել ամեն ինչ, արդյունքում շատ եմ հյուծվում, բայց պայքարում եմ»:
Նշենք, որ Արփին եւ ամուսինը՝ հարվածային գործիքներ նվագող Ալբերտ Հովհաննիսյանը, մեկ զավակ էլ ունեն՝ Արեւիկը: Նա լույս աշխարհ է եկել 2015 թվականին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱն

 

 

 

ՀԻՄՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Ներկայացվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը, որը կկատարի ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը: Հայտնի դերասանին միացել են նաեւ երաժիշտ Նիկի Ջեմն ու երգչուհի Էրա Իստրեֆին Կոսովոյից: «Նիկի Ջեմ-Դիպլո-Իստրեֆի-Ուիլ Սմիթ: Մեկ անգամ ենք ապրում: Եկեք լիարժենք ապրենք»,-գրել էր դերասանը` հրապարակելով երաժշտական պրոդյուսեր Դիպլոյի հետ լուսանկար, որտեղ վերջինս իր ձեռքում է պահում աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը:

 

 

ԸՆՏՐԵԼ Է ՊՍԺ-Ը
«Մոնակո»-ի փոխնախագահ Վադիմ Վասիլեւը պատմել է, որ Մադրիդի «Ռեալ»-ը 2017 թվականի ամռանը ցանկացել է ձեռք բերել հարձակվող Կիլիան Մբապեին. «Մարզում էր ընթանում, ինձ զանգահարեցին «Ռեալ»-ից եւ ասացին, որ ակումբը համաձայն է Մբապեի համար 180 մլն եվրո վճարել: Ես Կիլիանին զգուշացրի, որ մենք այնպիսի առաջարկ ենք ստացել, որից չի կարելի հրաժարվել: Խնդրեցի լավ մտածել եւ պատասխանել: Արդյունքում նա ընտրեց ՊՍԺ-ը: Մենք նրա փոխարեն ոչ մի որոշում չենք կայացրել, նա ինձ ասաց, որ ցանկանում է ուղեւորվել Փարիզ»,-պատմել է Վասիլեւը:

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԺԳՈՀԵԼ Է
«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհել է իրավապահ մարմինների իր հանդեպ բավականին կոպիտ վերաբերմունքից: Պորտուգալացին խնդիրներ ունի իսպանական հարկային մարմինների հետ. «Անցած ամառ Ֆորմենտորեում մի դեպք պատահեց: Այնտեղ հազարավոր նավակներ, զբոսանավեր կային, իսկ իմն ամենափոքրն էր: Մի խումբ ոստիկաններ տեսախցիկներով ներխուժեցին իմ զբոսանավ: Մտածեցի. «Գուցե ես ինչ-որ մարդասպա՞ն եմ: Ինձ այդ միջադեպը շատ վշտացրեց, բայց ի՞նչ կարող էի անել: Միայն մահից ելք չկա»,-ասել է Ռոնալդուն:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ` ՉԵՄՊԻՈՆԻՆ
Մյունխենի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն «Բավարիա»-ի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին, որն իր եղբայր Սանդրինոյի հետ կասկածվում է մարդու վրա հարձակում գործելու մեջ: Իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում Չիլիի հավաքականի ֆուտբոլիստին սպառնում է ազատազրկում:
Նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին Վիդալը բախման մասնակից էր դարձել Մյունխենի գիշերային ակումբներից մեկում, որտեղ նրա հետ էին եղբայրն ու ընկերները: Բախման մասնակիցներից մեկը շշով հարված էր ստացել գլխին: Ռեստորանի տնօրենն ավելի վաղ հայտնել էր, որ հարվածողը Վիդալը չի եղել:




Լրահոս