ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բնակարանների գները թանկացել են, փոխարենը առքն ու վաճառքն է պասիվացել: Վերջին ամիսներին հատկապես Երեւանում անշարժ գույքի գները զգալի բարձրացել են: Պաշտոնական տվյալներով` մեկ ամսվա ընթացքում` ապրիլին, մարտի համեմատ, Երեւանի բոլոր վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանները բավականին թանկացել են: Բնակարանների գները թանկացել են նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն. այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվությունից:

Գնաճի առումով ամենաակտիվը Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններն են, որոնք համարվում են մայրաքաղաքի ամենաբանուկ թաղամասերը: Ավելին` անգամ պաշտոնական տվյալներով` ապրիլին, մարտի համեմատ, ավելի շատ բարձրացել է կենտրոն վարչական շրջանի բնակարանների 1 քմ-ի գները: Եթե մարտին կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանների մեկ քմ-ն վաճառվել է 500 հազար 900 դրամով, ապա մեկ ամսվա ընթացքում այն 6300 դրամով թանկացել է` դառնալով 507 հազար 200 դրամ: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսում բնակարանները թանկացել են 3500 դրամով. մարտին մեկ քմ-ն Արաբկիրում վաճառվել է 356 հազար 600 դրամ, իսկ ապրիլին` 360 հազար 100 դրամ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանները չնչին չափով են թանկացել` 1200 դրամով, մեկ քմ մարտին վաճառվել է 272 հազար 500 դրամով, իսկ ահա ապրիլին այն արդեն արժեցել է 273 հազար 700 դրամ: Ավելի քան 1000 դրամով բնակարանների գները բարձրացել են նաեւ Նոր Նորքում, Ավանում, Էրեբունիում, Շենգավիթում, Դավիթաշենում, Նուբարաշենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնաճը ամենափոքրը եղել է Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ բնակարանի մեկ քմ թանկացել է 600 դրամով: Ըստ անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչների` Երեւանում բնակարանների գները դեռ շարունակելու են բարձրանալ: Նրանց խոսքերով` անշարժ գույքի շուկայում հատկապես ապրիլին դրական շարժ է սկսվել. մարդկանց արդեն հետաքրքրում է անշարժ գույքը: Ի դեպ, դրսից Հայաստան եկող մի զանգված նաեւ սկսել է հետաքրքրվել անշարժ գույքով: Որոշ մասնագետներ համոզված են, որ մարդիկ սկսել են արդեն ավելի մեծ հույսեր կապել նոր Հայաստանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն այս տարվա ապրիլին գրանցվել է բնակարանների վաճառքի 14 հազար 258 հատ գործարք, ինչը ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Բայց մյուս կողմից` Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները մեկ ամսվա ընթացքում պակասել են 1632 հատով: Սակայն գործարքների մեծ տոկոսն, այնուամենայնիվ, իրականացվել է մայրաքաղաքում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անշարժ գույքի նկատմամբ գործարքներից օտարումը կազմել է 4948 հատ, որը նույնպես մարտի համեմատ նվազել է: Միայն առուվաճառքի գործարքները ապրիլին կազմել են 3565, իսկ մարտին` 3611: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի գյուղերում ապրիլին իրականացվել են առուվաճառքի 1454 հատ գործարքներ: Անգամ գրավադրման գործարքներն են ապրիլին, մարտի համեմատ, նվազել` կազմելով 2149: Ի դեպ, գրավադրման գործարքների մեծ մասը դարձյալ իրականացվել է մայրաքաղաքում` 1159 հատ: Իսկ ահա մարզային քաղաքներում իրականացվել է գրավադրման 583 հատ գործարք, գյուղերում` 407:
Մասնագետները պնդում են, որ Հայաստանում բնակարանների վաճառքի ծավալների նվազման վրա բացասական է ազդում նաեւ այն, որ հիպոթեքային վարկ ձեւակերպելը շատ է բարդացել, քանի որ մարդկանց օրինական գրանցված աշխատավարձերը ցածր են, մինչդեռ բանկերի կողմից հիմք չեն ընդունվում «սեւ» աշխատավարձի մասին տեղեկանքները: Այդ պատճառով քաղաքացիների մեծ մասը չի կարողանում բնակարան գնել: Բայց չնայած սրան` հիպոթեքային վարկավորումը Հայաստանում շատ արագ է զարգանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հունիսի 1-ին Վահե Ղալումյանը նշանակվել է Տավուշի մարզպետ, սակայն մինչ այժմ մարզպետարանի ինտերնետային կայքում նրա կենսագրությունը զետեղված չէ: Համացանցում Տավուշի նոր մարզպետի կենսագրության վերաբերյալ տեղեկություններ չկան: Վահե Ղալումյանը 2005թ. եղել է Իջեւան համայնքի ավագանու անդամ: Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքի ՏԻՄ բաժնում ներկայացված են ավագանու անդամների վերաբերյալ որոշակի տվյալներ: Ըստ այդ կայքի` Վահե Ղալումյանը ծնվել է 1975թ. հուլիսի 21-ին: Վ. Ղալումյանը լրագրողիս հայտնել է, որ ինքը եւ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերներ, հասակակիցներ են, սակայն նույն դասարանում չեն սովորել, Նիկոլի հետ նույն դասարանում սովորել է Վահեի եղբայրը` Հայկը: Վերջինս Հայէկոնոբանկի Իջեւանի մասնաճյուղի տնօրենն է: Վահե Ղալումյանը հայտնել է նաեւ, որ 2005 թվականին` ավագանու թեկնածու առաջադրվելու որոշումը կայացնելու ժամանակ, իրեն հավանություն է տվել Նիկոլ Փաշինյանը, ով այն ժամանակ Իջեւան քաղաքի գրանցում ուներ եւ ավագանու ընտրություններին մասնակցելու համար Երեւանից Իջեւան է ժամանել:
Վահե Ղալումյանը Իջեւանի ավագանու այն ակտիվ անդամներից էր, ովքեր 2009-2011 թվականներին ոչ թափանցիկ աշխատաոճի համար պայքարում էին այդ տարիներին Իջեւանի քաղաքապետ պաշտոնավարած Վարուժան Ներսիսյանի դեմ: Վ. Ղալումյանի հայրը` Վոլոդյա Ղալումյանը, նախկինում Հայրջրմուղկոյուղու Իջեւանի մասնաճյուղի տնօրենն էր, ներկայումս նա ղեկավարում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի շահագործման բաժինը: Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում նշված է, որ Վ. Ղալումյանը բարձրագույն կրթություն ունի, զբաղեցնում է «Հովաշին» ՍՊԸ տնօրենի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վ. Ղալումյանն ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետը: Նա նախկինում եղել է «Իջեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարության» ՓԲԸ տնօրեն Արծրունի Ղալումյանի տեղակալը: Այդ ընկերության գործերը 2015 թվականին վատթարացան, ընկերությունը 2017թ. սնանկացավ: Անցյալ տարի Վահե Ղալումյանը որոշ ժամանակ գտնվել է Ռուսաստանում: 2015թ. մարտի 15-ին կայացած Իջեւանի ավագանու ընտրություններում Վահե Ղալումյանը հանդես է եկել որպես անկուսակցական, Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային էջում այժմ նա որպես անկուսակցական է նշված: Ներկայումս նա ձեռնամուխ է եղել Տավուշի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցներ ստեղծելու գործին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՆԻ ԾՈՒԽԸ ՈՉԽԱՐՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌ

ՀՀ Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ Մովսես Սիմոնյանը հայտնվել է անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նրան պատկանող ավելի քան 30 գլուխ ոչխարը անհասկանալի պատճառներով սատկել է:

Աքորիի վարչական ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ներկայացնելով իրավիճակը, հայտարարեց, որ նախնական վարկածով ոչխարները կերից թունավորվել են, ապա սատկել. «Արոտավայրում կերել են ու թունավորվել: Բայց հիմա այդ երեւույթը չկա գյուղում, վերջացել է: Ըստ նախնական վարկածի` ոչխարները արոտավայրում թունավորվել են 15 օր առաջ, ուղղակի վերջին տասը օրում իրար հետեւից սկսեցին սատկել»:
Ի դեպ, այս պահին դեռ հայտնի չէ` վնասներ կրած քաղաքացուն կառավարությունը` մասնավորապես մարզպետարանը, փոխհատուցում կտրամադրի, թե ոչ: Ինքը` վարչական ներկայացուցիչը եւս դժվարացավ ասել. «Ես չեմ կարող ասել` կփոխհատուցվի, թե ոչ: Մեր Աքորին խոշորացված համայնք է, այս պատճառով իրավասու չեմ ասել: Ինքս շատ ուրախ կլինեմ, որ փոխհատուցեն»: Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ մարզպետարանում տեղյակ են խնդրին, բայց դեռեւս արձագանք չկա փոխհատուցման մասով: Ոչխարների սատկելու մասին լուրին տեղյակ է նաեւ խոշորացված համայնքի ղեկավարը: «Ինքը շատ ոչխար ունի, բայց դե մեկ ոչխարն էլ է մեծ կարողություն գյուղացու համար: Մենք դիմել ենք սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Անհրաժեշտ նմուշառումը վերցրել են: Սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին»,- նկատեց վարչական ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանը:
Բացի այս, Աքորիում բնակիչների շրջանում տեսակետ է շրջանառվում, որ ոչխարները արածել են այն արոտավայրում, որը մոտ է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանին: Ինչպես հայտնի է, Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարից ամեն օր դուրս եկող ծուխը տարածվում է քաղաքի վրա եւ թունավոր ազդեցություն ունի:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս