«ԱՆՀԵՏԱՑԵԼ Է» ԷԿՐԱՆԻՑ, ԲԱՅՑ ՍՊԱՍՈՒՄ Է ՀՐԱՎԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք ֆիլմերից եւ սերիալներից հայտնի դերասանուհի Արմինե Պողոսյանը վերջին շրջանում բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր է վերադարձել Հայաստան։ Նա տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ «Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհու հետ զրուցել է «անհետանալու» պատճառների եւ նոր Հայաստանի հետ կապված նրա հույսերի մասին։

-Արմինե, հետաքրքիր է՝ վերջին շրջանում ֆիլմերում նկարահանվելու նոր հրավերներ ստացե՞լ եք։ Երկրպագուները ակնկալում են տեսնել Ձեզ նոր դերերում։
-Երբ ժամանակ առ ժամանակ լինում եմ Միացյալ Նահանգներում, դժվար է դառնում ընդգրկվել նման նախագծերում։ Դրանք սովորաբար շատ ժամանակ են պահանջում։ Հույս ունեմ, որ հայրենիքում լինելուս ամիսներին կունենամ հրավերներ։ Մինչեւ սեպտեմբեր այստեղ եմ։ Երկար ընդմիջումից հետո կցանկանայի ֆիլմում նկարահանվել՝ կլինի դա կատակերգություն, թե դրամա։
-Հեռուստադիտողները տեսել են Ձեզ մի քանի կատակերգական ֆիլմերում, հումորային կերպարներում։ Չկա՞ մտավախություն, որ ռեժիսորների աչքում կարող եք սպառված երեւալ։
-Երեք ռեժիսորի մոտ եմ նկարվել եւ չեմ կարծում, որ սպառվել եմ։ Այն համոզման եմ, որ դերասանն էկրաններին շատ չպետք է երեւա, պետք է դադարներ վերցնի, որ ժողովուրդը չձանձրանա։ Պետք է նոր առաջարկներով դուրս գալ եթեր, որպեսզի հանդիսատեսին հնարավոր լինի գոհացնել։ Ընդհանրապես, ոչ մի դերասան չի սպառվի, եթե ընկնի ճիշտ ռեժիսորի ձեռքը։ Ցանկացած արտիստ կարող է նորովի դրսեւորվել։ Կցանկանայի, որ այսօր ռեժիսորները միայն ֆինանսի մասին չմտածեին, ոչ պրոֆեսիոնալներին չբերեին ասպարեզ, այլ տեղ տային տաղանդավորներին։ Թատրոններում այնքան հրաշալի դերասաններ ունենք, որոնց էկրաններին երբեւէ չեմ տեսել։ Կուզեմ՝ նոր Հայաստանում այդպես չլինի, որ դերասաններն արժանապատիվ կյանքով ապրեն։
-Գիտենք, որ հատկապես կատակերգություններում նկարահանվելիս կադրից դուրս զվարճալի դրվագների պակաս չի զգացվում։ Կհիշե՞ք դրանցից մեկը։
-Ինչպես հիշում եք, «Սիրո գործակից» ֆիլմում մարմնավորում էի տգեղ աղջկա։ Երբ ինձ առաջին անգամ այդ գրիմով տեսա, սարսափահար եղա, ռեժիսորին ասացի. «Էս ի՞նչ եք ինձ դարձրել»։ Ինձ ասացին. «Դու կարող ես եւ պետք է խաղաս», եւ կերպարս ներշնչեց ինձ խաղալ։ Մի օր էլ, երբ Ծաղկաձորում նկարահանումների էինք, սպասում էի իմ տեսարանին, հանկարծ զանգահարեց ամուսինս, ասաց, որ մոտակայքում է եւ ցանկանում է ինձ հետ սրճել։ Ես խառնվեցի իրար, շորս քաշեցի գլխիս, որ ամուսինս ինձ այդ վիճակում չտեսնի։ Ու թեեւ նա ինձ ասաց, որ ես իր համար միշտ էլ գեղեցիկ եմ, միեւնույն է, ռեժիսորին բողոքեց, ասաց. «Ինչո՞ւ եք կնոջս տգեղացրել» (ծիծաղում է)։
-Համազգային թատրոնում այլեւս չեք խաղում, ինչո՞ւ։
-Ժամանակավոր եմ դուրս եկել այնտեղից, տնօրինության հետ պայմանավորվածություն ունեմ, որ երբ ցանկանամ, կարող եմ վերադառնալ։ Այնպես է ստացվել, որ վեց-յոթ ամսով բացակայում եմ երկրից, իսկ թատրոնը պահանջում է մշտական ներկայություն։ Երեւի երկու տարի անց կվերադառնամ բեմ։
-Վերջին անգամ մեկնեցիք ԱՄՆ եւ վերադարձաք նոր Հայաստան։ Այնտեղից հետեւո՞ւմ էիք այստեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Ի՞նչ հույսեր եք կապում նոր կառավարության հետ։
-Ամեն անգամ Միացյալ Նահանգներ մեկնելիս տխրում եմ, ինձ հարցնում են՝ արդյոք մշտական բնակության համար եմ գնացել, ես միանգամից պատասխանում եմ, որ ոչ, որ ես հյուր եմ այնտեղ։ Երբ ԱՄՆ-ում էի, շատ էի մտածում հայրենիքիս մասին։ Ընտանիքիս անդամները Հայաստանում մասնակցում էին ժողովրդական շարժմանը։ Երբ թավշյա հեղափոխությունը նոր էր սկսել արմատներ գցել, դեռ չէինք հավատում ժողովրդի հաջողությանը, բայց հույսներս չէինք կորցնում։ Գիտեինք, որ մեր ազգը պետք է լավ ապրի, փայլուն ապագա ունենա, որովհետեւ մենք՝ հայերս, Աստծուց տված ազգ ենք։ Ժողովրդի համախմբվածությունը շատ ոգեւորեց ինձ։ Օր ու գիշեր Աստված էի կանչում, որ իրավիճակը դրական լուծում ստանա, որ արյունահեղություն չլինի։ Եվ որքան ուրախ եմ, որ այսօր մարդկանց դեմքերին ժպիտ եւ հանգստություն եմ տեսնում, որոշակի առաջխաղացում եմ նկատում։ Կուզեմ՝ Փաշինյանը մեր ազգի համար մեծ գործեր անի, որ մեր ժողովուրդը արժանավայել ապրի։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԾՆՎԻ ՄՀԵՐԻ ԱՌԱՋՆԵԿԸ

Սեպտեմբերին լույս աշխարհ կգա երգիչ Մհերի առաջնեկը: Հայտնի է նաեւ նրա սեռը. երգիչը որդի է ունենալու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Մհերի պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը:

Հարցին, թե ընտանիքին նվիրվելու արդյունքում արդյոք երգարվեստը ինչ-որ առումով կհայտնվի երկրորդ պլանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եղավ մի շրջան, երբ անձնականի պատճառով Մհերի կարիերան փոքր-ինչ տուժեց, սակայն հիմա արդեն ամեն բան իր հունի մեջ է ընկնում, Մհերը կշարունակի ներկայանալ նույն ինտենսիվությամբ եւ չի դադարի անակնկալներ մատուցել իր հանդիսատեսին»:
Հիշեցնենք, որ Մհերն ամուսնացել էր մեկ տարի առաջ՝ հունիսին: Նրա կինը մասնագիտությամբ մանկավարժ է, անունը՝ Արմինե։
Մենք, սակայն, միայն անձնականից չէ, որ խոսեցինք: Պրոդյուսերից հետաքրքրվեցինք՝ կոնկրետ ինչ անակնկալներ են սպասվում երկրպագուներին: Նա տեղեկացրեց, որ ամռան վերջում Մհերը հանդիսատեսի դատին կհանձնի նոր դուետ արտասահմանյան մի երգչուհու հետ:
«Դա վաղուց մտածված ծրագիր էր, առաջարկը եղավ Մհերի կողմից, զուգերգը կներկայացվի տեսահոլովակի տեսքով»,-ասաց Գեորգին՝ հրաժարվելով բացել փակագծերը:
Նրա խոսքով՝ կա մեկ այլ երգ եւս, որը շուտով կներկայացվի հանդիսատեսին, այն փոփ-դասական ժանրում է, ռուսալեզու ստեղծագործություն է, կոչվում է «կՐՌջվՈվՌպ»:
Պրոդյուսերը նաեւ նշեց, որ Մհերը ամռանը համերգներով հանդես կգա Իտալիայում եւ Հունաստանում: Այնպես որ տեղի հայ համայնքները երգչի հետ հանդիպելու հնարավորություն կունենան: Մհերն ընգրկված է նաեւ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում: Թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մրցույթում ներկայանալու են նաեւ հայ մասնակիցներ:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՊՈՐՈՇԵՆԿՈՆ` ՄԱԴՐԻԴՈՒՄ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այցելել է Մադրիդ եւ հանդիպել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: «Շնորհավորեցի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին պատմական հաղթանակի, չեմպիոնների գավաթը 13-րդ անգամ նվաճելու կապակցությամբ: Հաճելի է, որ պարոն Պերեսը բարձր գնահատեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Կիեւում կազմակերպելու մակարդակը»,-սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նշենք, որ Պորոշենկոն առաջին համարի անվանական խաղաշապիկ է նվեր ստացել Պերեսից:

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
1950 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթական գոլի հեղինակ դարձած ուրուգվայցի Ալսիդես Գիջան ՖԻՖԱ-ի անցկացրած քվեարկությամբ ճանաչվել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ:
Սոցիալական ցանցերում անցկացված քվեարկությանը մասնակցել է 578 հազար ֆուտբոլասեր: Թեկնածուների թվում ընդգրկվել էր 32 ֆուտբոլիստ: Եզրափակիչ էին հասել արգենտինացի Դիեգո Մարադոնան եւ Գիջան, որը նաեւ գերազանցել է գերմանացի Օլիվեր Կանին, բրազիլացի Պելեին, հոլանդացի Յոհան Կրոյֆին եւ բրազիլացի Ռոնալդոյին:
Հիշեցնենք, որ Գիջան մահացել է 2015 թվականին 88 տարեկանում:

 

 

60 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԴԻՄԱՑ
«Մոնակոն» հետաքրքրված է «Յուվենտուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուայինի ծառայություններով: Կողմերն արդեն բանակցություններ են վարել: Ֆրանսիացիները արգենտինացուն դիտարկում են որպես հարձակվող Ռադամել Ֆալկաոյին փոխարինող, որը կարող է հեռանալ թիմից: «Յուվենտուս»-ի ղեկավարությունը պատրաստ է վաճառել Իգուայինին 60 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք` Իգուայինը «Յուվենտուս» է տեղափոխվել «Նապոլիից» 2016 թվականի ամռանը 90 միլիոն եվրոյի դիմաց: Ավարտված մրցաշրջանում 30-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում 50 հանդիպման է մասնակցել եւ դարձել է 23 գոլի հեղինակ: Ավելացնենք, որ 32-ամյա Ֆալկաոն անցկացրած 36 խաղերում դարձել է 24 գոլի հեղինակ:




Լրահոս