ՌՈՒՄԲ` ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Սա, իհարկե, միանգամայն սպասելի էր: Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգն իրեն չի արդարացնի եւ շատ արագ կհանգեցնի ճգնաժամի: Եւ ահա նոր սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց ականատես ենք լինում այդ ճգնաժամի հերթական դրսեւորումներին. խորհրդարանում ներկայացված չորս ուժերից որեւէ մեկն այլեւս չունի կայուն մեծամասնություն` չունի 53 մանդատ: Սա այն բանից հետո, երբ հերթական պատգամավորը (երեկվա դրությամբ արդեն վեց հոգի) հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Հիմա երբեմնի իշխող խմբակցությունում մնացել է 52 պատգամավոր, բայց այդ թիվն էլ դեռ նվազելու է: Մյուս կողմից կայուն մեծամասնություն չունեն գործադիր իշխանությունում ներկայացված «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները. այստեղ էլ 47 պատգամավոր է: Դեռ փաստ չէ, որ ՀՀԿ-ից դուրս եկածներն ամեն առիթով կաջակցեն գործադիրին, եթե անգամ աջակցեն, ֆորմալ առումով նրանք չեն կարող խմբակցություն ձեւավորել ու միանալ իշխանությանը: Միանշանակ չէ, որ կառավարության կազմում եղած «Ծառուկյան» կամ ՀՅԴ խմբակցություններն էլ մշտապես ամբողջական կազմով կաջակցեն Փաշինյանին. չի բացառվում կարեւոր օրենքների ընդունման ժամանակ ականատես լինենք թեկուզ հարգելի բացակայությունների: Արդյունքում ստացվել է այնպես, որ կայուն մեծամասնություն չունենալը կդժվարեցնի իշխանության` որոշումներ կայացնելու հնարավորությունը: Այսօր գործող սահմանադրության պարագայում նման իրավիճակը վտանգավոր է պետության կառավարելիության տեսանկյունից. սա ռումբ է` դրված պետականության հիմքերում, որի պայթյունն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Ուստի ելքը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու սահմանադրության փոփոխությունը` վերականգնելով նախագահական կամ կիսանախագահական համակարգը:

 

 

 

Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե` նույն այդ հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի գործողությունների հետ կապված: Բանն այն է, որ տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր, ինչն օրենքի խախտում է, եւ հիմա հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թավշյա հեղափոխությունից հետո Ավագյանը, մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները ստուգումներ կսկսեն, ինքն է պատվիրել հիմնադրամում ներքին աուդիտ, եւ բացահայտվել են այդ փաստերը: Տեր-Հովակիմյանն էլ Ավագյանի հետ հեռախոսազրույցում ասել է, թե այդ քայլին է դիմել լուրջ խնդիրների առաջ կանգնելու պատճառով. կինն առողջական խնդիրներ ունի, իսկ գումարի մի մասն էլ ծախսել է դստերը արտերկրում ուսման տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել Է Տեր-Հովակիմյանին, որն էլ ասել է. «Այս ժամանակահատվածում հարգեք իմ լռելու իրավունքը»:

 

 

 

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո խոշոր տնտեսվարող ընկերությունների տնօրեններ որոշել են կարգի բերել իրենց թղթաբանությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք իրենց իրավաբանների աջակցությամբ սեփական նախաձեռնությամբ այցելում են Երեւանի քաղաքապետարան, նաեւ այն համայնքապետարաններ, որտեղ իրենց ընկերություններն են տեղակայված, եւ որոշակի ճշտումներ անում գույքի եւ հողի հարկերի վերաբերյալ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նրանք հետաքրքրվում են` արդյոք պայմանագրերը օրինական են կնքված կամ ամեն ինչ ճիշտ է հաշվարկված, ճիշտ է գոտիավորված, թե ոչ: Ավելին` նրանք հնարավորինս փորձում են իրենց «ապահովագրել» նախկինում կատարած սխալներից: Ի վերջո, նախկինում դեպքեր են եղել, երբ բանավոր կերպով երկուստեք ձեռնտու տարբերակով պայմանավորվել են տեղական հարկերի դրույքաչափերի ուղղությամբ: Իսկ հիմա մեծ արագությամբ ամեն բան անում են, որպեսզի նոր իշխանությունները իրենց վրա «կեղտ» չբռնեն ու շտկեն իրավիճակը:

 

 

 

Հայաստանում համատիրության ինստիտուտն առաջիկայում կվերանա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, ըստ որի` համատիրությունները լուծարվելու են: Պատճառն էլ համատիրության ներկայացուցիչների կողմից իրավասությունների ոչ պատշաճ իրականացումն է: Սա, ի դեպ, վաղուց հայտնի փաստ է: Ու հիմա նոր կառավարությունը պաշտոնապես արձանագրում է այն: Բայց ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությունը նաեւ քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Այսպես, նոր իշխանությունը կոտրում է ՀՀԿ-ի ընտրակեղծարար մեքենայի ողնաշարը: Չէ՞ որ համատիրությունների նախագահները եւ աշխատողները ընտրությունների ժամանակ նախկին իշխանություններին կարողանում էին իրենց «բարձրակարգ ծառայությունը մատուցել»` լիովին տիրապետելով տեղեկությանը, թե որ շենքում քանի բնակիչ կա, քանիսն են ընտրող, որին ինչով պետք է համոզեն, ինչպես արդյունավետ ընտրակաշառք բաժանեն ու վերահսկեն քվեարկությունը: Հիմա, փաստորեն, համատիրությունները լուծարելով` ՀՀԿ-ն զրկվում է նման հնարավորությունից:

 

 

 

ՍՈՒՏԸ ԲՌՆՎԵՑ
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի վերջին հայտարարություններն ուշագրավ էին: «Երբ ես մտել եմ նախարարություն, պարզվել է, որ եռամսյակի բյուջեն արդեն սպառված է եղել, ընդ որում` սպառված է եղել ոչ միայն այդ եռամսյակի, այլեւ հուլիսի վերջի բյուջեն, հիմա պարտքով ենք աշխատում»,- հայտարարել է նա` հավելելով, որ գումարները խոհեմ չեն ծախսվել. «Այն, ինչ նախատեսված է եղել եռամսյակի համար, ծախսվել է ավելի շուտ։ Մասնավորապես, խոսքը միջոցառումների մասին է. դրանց համար մոտ 1.2 մլրդ դրամ գումար է տարեկան հատկացվում ընթացիկ ծախսերի ապահովման համար, ավելի շուտ են սպառվել այդ գումարները»:
Փաստերը, որոնց մասին խոսել է նորանշանակ նախարարը, մեծ հաշվով նորություն չէին գոնե մեզ համար: «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 4-ի համարում գրել էր, որ նախորդ կառավարությունը հեռանալուց առաջ հնարավորինս դատարկել է պետական գանձարանը` անխնա ծախսելով ՀՀ պետական բյուջեով տարեկան իրենց հատկացված գումարների առյուծի բաժինը:
Բայց այն ժամանակ դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը շտապել էր հերքել մեր հրապարակումը` պնդելով, որ այնտեղ ներկայացված մտքերն իրականության հետ կապ չունեն: Նախորդ կառավարությունը մեր հրապարակումը նույնիսկ որակել էր «հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելու միտում ունեցող»:
Այսօր, սակայն, պարզվում է միանգամայն հակառակը. «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մեջ ներկայացված փաստերը ճիշտ էին, եւ իրականում հենց նախորդ կառավարությունն էր միտում ունեցել ապատեղեկատվություն տրամադրել հանրությանը` փորձելով կոծկել իրենց գործունեության մասին խայտառակ բացահայտումը: Ու հիմա պետք է արձանագրենք, որ նախորդ կառավարության սուտը բացահայտվել է պետական մակարդակով. նախարար Մակունցն ինքն է հայտարարել, որ «պարտքով են աշխատում»:
Համաձայնեք` տեղի ունեցածն իսկապես տգեղ է, տգեղ` ամեն առումներով: Տգեղ է փաստը, որ նախորդ կառավարությունը հեռանալուց առաջ անխնա ծախսել է հատկացված գումարից ավելի: Տգեղ է փաստը, որ այդքանից հետո փորձել են կոծկել իրենց արածը, դեռ ավելին` այդ մասին բարձրաձայնող լրատվամիջոցին մեղադրելով սուտ լուրեր տարածելու մեջ: Ամենայն հավանականությամբ, նախորդ կառավարության բենդերներն ու կորեյկոները համոզված են եղել, որ որեւէ մեկը գլխի չի ընկնի եւ չի բացահայտի իրենց արածը, ու հնարավոր կլինի մարսել անխնա ծախսերը: Չստացվեց: Նորանշանակ նախարարը բավական խելամիտ գտնվեց` բացահայտելով ու բարձրաձայնելով կատարվածը:




Լրահոս