ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ԻՆՁՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին կառավարությունը ութ նոր մարզպետ նշանակեց: Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն է, ով փոխարինեց Կարեն Բոթոյանին: Նորանշանակ մարզպետը պատմական գիտությունների թեկնածու է, 1999 թվականից` ՀՅԴ անդամ: Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերից Բնապահպանության նախարարի խորհրդականն էր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ իր անձի շուրջ շրջանառվող տեղեկությունների եւ աշխատանքային հարցերի շուրջ:

-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք բանակում չեք ծառայել: Ի՞նչն է եղել պատճառը:
-Ժամանակին, երբ ես սովորում էի, գոյություն ուներ օրենք, ըստ որի` ասպիրանտուրայում սովորող ուսանողները բանակ չէին զորակոչվում: Ես բուհն ավարտելուց հետո Գիտությունների ազգային ակադեմիայում ընդունվել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ գիտական ատենախոսություն, ստացել եմ գիտությունների թեկնածուի աստիճան: Եվ օրենքով սահմանված կարգով չեմ ծառայել: Գործող օրենքների շրջանակում պաշտպանել եմ ատենախոսությունը, դա է պատճառը:
-Լուրեր կան, որ Դուք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեք: Իսկ Դուք ՀՅԴ անդամ եք: Այս հանգամանքը չի՞ խանգարում մտերիմ հարաբերությունների հարցում:
-Ես չգիտեմ` ով է այդ տեղեկությունը շրջանառության մեջ դրել, բայց դա բացարձակ սուտ է, կեղծիք է: Ուզում եք` իմ քավորի անուն-ազգանունն էլ կարող եմ ասել: Արմեն Աշոտյանն իմ ուսանողական ընկերն է, որին 15 տարի է` ճանաչում եմ: Բայց քավոր-սանիկ…նման բան չկա:
-Իսկ Ա. Աշոտյանի հետ համատեղ լողափ ունե՞ք:
-Ո՛չ: Սուտ է:
-Տեղեկություններ կան, որ մարզպետարանում այնքան էլ չեն ողջունել Ձեր նշանակումը, քանի որ երիտասարդ եք, այսպես ասած, լուրջ չեն ընդունել: Մյուս կողմից էլ անհրաժեշտ միջոցներ չունեք, որպեսզի առկա խնդիրները լուծեք:
-Դա իրականությանը չի համապատասխանում:
-Ինչպե՞ս են մարզպետարանում ընդունել Ձեր նշանակումը:
-Շատ լավ: Ոչ միայն մարզպետարանը, այլեւ մարզի ժողովուրդը շատ լավ են իմ նշանակումն ընդունել: Այս 3-4 օրերի ընթացքում ես դրանում եւս մեկ անգամ համոզվել եմ: Երեկ Սեւանի մայրուղին ամբողջությամբ փակ էր: Ես հանդիպել եմ մարզի բնակչության հետ եւ 5 րոպե խոսելուց հետո մարդիկ ընդառաջել, ճանապարհը բացել են: Նման խնդիր չկա ու աշխատանքային որեւէ դժվարություն էլ չկա:
-Դուք նշել եք, որ կադրային ջարդ չի լինելու, բայց տեղեկություն կա, որ որոշ աշխատակիցների հեռացրել եք աշխատանքից:
-Ո՛չ, ես նման բան չեմ ասել, որ չեմ ազատելու: Ես հստակ իմ պահանջները դրել եմ: Մարդիկ աշխատանքից ազատվել են` իրենց դիմումի համաձայն: Նախկին մարզպետի օգնականները, խորհրդականը եւ վարորդն են սեփական դիմումի համաձայն ազատվել, որը շատ բնական է: Բայց ես չեմ ասել` կադրային ջարդ անելու եմ կամ չեմ անելու: Ես ասել եմ, որ իմ չափանիշներին ով համապատասխանեց, պրոֆեսիոնալ, բարեխիղճ իր աշխատանքը կատարեց, կշարունակի աշխատել, ովքեր ոչ` կգնան տուն:
-Մարզում առաջնային ո՞ր խնդիրներն եք լուծելու:
-Մարզում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հերթականությամբ փորձելու ենք լուծել եւ առաջ գնալ: Երկու օր առաջ մարզպետարանի մոտ բավական մարդկանց հետ եմ հանդիպել տարբեր խնդիրներով: Չեմ սպասել, ես եմ իրենց ընդառաջ գնացել, փորձել եմ լուծումներ տալ: Գիտեմ` շատ հարցեր կան, որ ինձնից կախված չեն, եւ անմիջապես լուծել հնարավոր չէ: Բայց այն, որ մեր քաղաքացիների կողքին ենք լինելու, փորձելու ենք ամեն ինչով օգտակար լինել, դա փաստ է: Անելու ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է:
-Իսկ անօրինական կերպով ձուկ որսացողների դեմ ինչպե՞ս եք պայքարելու:
-Դրա հետ կապված վաղվանից սկսվելու են խորհրդակցություններ: Պայմանավորվածություն է եղել, որպեսզի Բնապահպանության նախարարությունում սկսվեն քննարկումներ: Փորձելու ենք այնպիսի լուծում գտնել, որ ե՛ւ ձկնորսությամբ զբաղվողները, որոնք հացի խնդիր են լուծում, իրենց համար ինչ-որ լուծում գտնվի, ե՛ւ լճին, պետությանը վնաս չպատճառվի: Քննարկումների նախաձեռնողը Բնապահպանության նախարարությունն է:
-Մարզպետարանի բյուջեն արդյոք բավականացնելո՞ւ է խնդիրների լուծման համար:
-Մարզպետարանի բյուջեն մարզի բոլոր խնդիրները լուծելու համար, բնականաբար, բավարար չի: Բայց մենք պետք է հասկանանք, որ խնդիրների մեծ մասը բյուջեի հարց չի. ճիշտ գործողությունների, ճիշտ մենեջմենթի խնդիր է: Ամեն դեպքում, ամեն ինչ անելու ենք մարդկանց հույսերն արդարացնելու համար:

 

 

 

«ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԱՆԸՆԴՀԱՏ ԲԶԲԶՈՒՄ ԵՆ»

Երեկ Արցախում հրաժարականները մեկնարկեցին ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանից: Նախագահին հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո Հարությունյանն ասուլիս էր հրավիրել,պարզաբանել հրաժարականի պատճառը: Նա նշել էր, որ դա անձնական որոշում է եղել, նաեւ շեշտել, որ շարունակելու է մնալ ակտիվ քաղաքականության մեջ: Նշենք, որ բացի Պետնախարարից, երեկ հրաժարական էին ներկայացրել նաեւ Արցախի ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: Հենց երեկ էլ այս պաշտոններում նոր նշանակումներ եղան. Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ազատվելով պաշտոնից, նշանակվեց Պետական նախարար, ԱԱԾ պետ` Սամվել Շահրամանյանը եւ ոստիկանապետ` Իգոր Գրիգորյանը: Ամենամեծ զարմանքը հարուցել էր Պետական նախարարի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, ի՞նչն էր խնդիրը, որ Պետական նախարար Արայիկ Հարությունյանը որոշում կայացրեց հրաժարական ներկայացնել:
-Իր ասուլիսում նա մանրամասն անդրադարձել է այդ ամենին, եւ ամեն ինչ ասված է:
-Ինչո՞ւ Արցախի նախագահը համաձայնեց ընդունել այդ հրաժարականը:
-Այլ բան ես չեմ կարող ասել:
-Իսկ տեղի ունեցած բողոքի ցույցերն արդյոք սպասելի՞ էին:
-Ցանկացած պետական համակարգ պետք է պարբերաբար ենթարկվի բարեփոխումների: Արցախի պարագայում ամենակարեւորն այն է, որ հաշվի առնենք, թե որտեղ ենք ապրում, ինչ հարեւաններ ունենք: Ես հասկանում եմ, որ կան պրովոկատորներ, ովքեր փորձում են շահարկել, ասել` տեսնում եք, էլի խոսում են արտաքին թշնամու մասին, բայց սա շահարկումների խնդիր չէ, այլ մեր ազգային անվտանգությունն է: Իհարկե, կան մարդիկ, ովքեր անընդհատ բզբզում են, ուզում են, որ այստեղ մի բան լինի: Բայց ես ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովուրդը նման սադրանքների չի գնալու: Բողոքողների վրդովմունքը ճիշտ է եղել մի շարք կետերում, սա մեր ժողովուրդն է: Մենք բարեկամ-թշնամի աննորմալ սկզբունքներով չենք առաջնորդվում: Եթե մենք դուրս գանք որոշակի սահմաններից, եւ այստեղ սկսվեն անախորժություններ, թշնամանք, 100 տոկոսով թշնամին դրանից առիթավորվելու է: Մենք մեր նյութական տկարությունը կոմպենսացնում ենք մեր հոգու տկարությամբ:
-Այսինքն` կա անձ կամ անձինք, ովքեր փորձում են սադրանքնե՞ր մտցնել Արցախում:
-Կան, իհարկե, կան: Ամեն տեղ էլ կան: Բայց մեր ժողովուրդը շատ իմաստուն ժողովուրդ է: Արցախցին երբ ոտքի է կանգնում, անհնարին է նրան ծնկի բերել: Իսկ նման գործընթացներում ժողովուրդն իր կամքն արտահայտել է, բողոքում է..: Բայց ես չեմ պատկերացնում, որ մեր ժողովուրդը կարող է սադրանքների ենթարկվել: Ցանկացած իշխանություն միշտ պարտավոր է փոփոխություններ անել եւ երբեւէ չհակառակվել ժողովրդի կամքին:
-Այժմ ի՞նչ իրավիճակ է Արցախում:
-Իրավիճակը լարված չէ, գիտեք: Քաղաքական ակտիվ շրջան է, բայց լարված չէ: Անկախ ամեն փորձերից` թշնամանք չկա: Հասարակական առումով շատ հանգիստ է ե՛ւ մայրաքաղաք Ստեփանակերտում, ե՛ւ գյուղերում: Եթե մենք այս ամենից դուրս գանք քաղաքակիրթ ձեւով, կլինենք ավելի ուժեղ, ավելի պատրաստված, կոփված: Արդեն ցուցարարներ չկան, նրանք մեր քույրերն են, եղբայրներն են:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարական է ներկայացրել: «Ստեղծված հանգամանքների բերումով այլեւս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը»,- նշել է նա: Հիմա նրա դիմումը կքննարկվի հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում, եւ պարզ կլինի` ընդունում է նորանշանակ վարչապետը ՀՔԾ պետի հրաժարականը, թե ոչ: Չի բացառվում, որ ՀՔԾ պետի հրաժարականից հետո նաեւ աշխատանքից ազատման դիմում կներկայացնի «Սասնա ծռեր» խմբավորման գործով քննչական խմբի, ինչպես նաեւ Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը: Ի վերջո, նրա աշխատանքից որոշակի դժգոհություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Հակոբյանին, սակայն նա, լսելով հարցը, չպատասխանեց` հորդորելով դիմել ՀՔԾ լրատվական ծառայություն:

 

 

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է
Սուրբ Կաթողիկե եւ Սուրբ Աննա եկեղեցիների բակում երեկ մի շարք երիտասարդներ բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոսի` Գարեգին երկրորդի հրաժարականը: Այսօր նրանց պահանջները լսելու նպատակով կաթողիկոսը բողոքողներին հրավիրել է իր նստավայր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասել է. «Եկեղեցին ժողովրդի համար է, ժողովրդինն է: Եվ եթե ժողովրդի որոշակի հատված ասելիք ունի, խնդրանք ունի, պահանջ ունի, դա պետք է լսվի: Բայց պետք է լսվի եկեղեցվո իրավունքի շրջանակներում: Մենք հո այլմոլորակայինների եկեղեցին չենք: Մենք հայ մարդկանց եկեղեցին ենք»: Հարցին, թե ցուցարարների պահանջների մեջ է կաթողիկոսի հրաժարականի հարցը, եպիսկոպոսը նշեց. «Կաթողիկոսի հրաժարականի հարց չի կարող լինել օրակարգում ընդհանրապես: Հայ եկեղեցին նման ավանդույթ չունի: Կաթողիկոսն անձեռնմխելի է, եւ այդ անձեռնմխելիությունը սրբություն է: Ուրեմն պետք է ելնել այդ ելակետից: Մնացած դժգոհությունները, պահանջները բավարարման ենթակա են, եթե եկեղեցվո ծիրի մեջ են: Բողոքավորները կասեն իրենց պահանջները, Վեհափառը կլսի, եպիսկոպոսաց դասը կլսի, ըստ այդմ` որոշումներ կառնվեն: Կա բողոք, ընդվզում, նախեւառաջ դա լսենք, իմանանք»: Իսկ եթե եկեղեցին չլուծի բողոքողների առաջադրած խնդիրները, գուցե հենց եկեղեցու ներսում պառակտում առաջանա, Աջապահյանն ասաց. «Շատ հնարավոր է` այնպիսի պահանջներ դրվեն, որոնք լուծելի չեն եւ լուծման ենթակա չեն, եւ ոչ էլ եկեղեցվո խնդիրն է: Նայած, թե այդ երիտասարդները որքանով են պատկերացնում եկեղեցվո անելիքը եւ չանելիքը: Այնպես չի, որ ինչ ասացին, պետք է արվի: Լսենք մի հատ, տեսնենք` ինչի մեջ ենք թերացել, ինչն է դժգոհության պատճառը, եւ փորձենք լուծել, գոհացնել մեր ժողովրդի զավակների մի մասին, ովքեր այս բողոքը ներկայացնում են»:




Լրահոս