ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԻՄՈՒՄՆ ՈՒ ԶԱՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե` նույն այդ հիմնադրամի գործադիր տնօրենի գործողությունների հետ կապված: Արդյունքում հարուցվել էր քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Ավագյանի կողմից բացահայտումների եւ հիմնադրամի տնօրենի հետ զրույցների մասին:

Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ բացահայտման դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո, երբ մի շարք գերատեսչությունների պաշտոնատար անձինք հավաքում էին իրենց իրերը կամ հրաժարականի դիմումներ գրում, Կարեն Ավագյանը, վստահ լինելով, որ նոր իշխանությունները իր կողքով անտարբեր չեն անցնելու, որոշել է անձամբ ներքին ստուգումներ իրականացնել, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափի:
Արդյունքում բացահայտվել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Այս իրավիճակը ունենալով իր աչքի առաջ` Կարեն Ավագյանը անում է իր քայլը եւ դիմում է իրավապահներին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Կարեն Ավագյանը, դիմելով իրավապահներին, այս քայլով չի սահմանափակվում: Վերջինս իրավապահներին դիմելուց հետո որոշում է զանգահարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հասկանալու համար, թե նա ինչ է արել այդ գումարները, ի պատասխան` Ալ. Տեր-Հովակիմյանը հայտնել է, թե այդ քայլին գնացել է` ինչ-ինչ խնդիրներից ելնելով:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Կարեն Ավագյանը նրանից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակի մասին է խոսքը, տնօրենը հայտնել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ կինը լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ գումարի մի մասն էլ ծախսել է դստերը արտերկրում ուսման տալու համար:
Ստացվում է, որ հիմնադրամի տնօրենին իրավիճակն է դրդել այդ քայլին գնալ, բայց փաստ է մեկ բան, որ գումարները նպատակին չեն ծառայել:
Ինչ կլինի այս պատմության վերջը, սպասենք զարգացումներին: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` քրեական գործ հարուցելուց հետո հիմնադրամում լուրջ գործողություններ են սկսել իրավապահները: Ասել է թե` ստուգում են հիմնադրամի փաստաթղթերը, քննում աշխատակիցներին եւ այլ անձանց:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին` իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի հետ, սակայն վերջինս ասաց. «Այս ժամանակահատվածում հարգեք իմ լռելու իրավունքը»:
Մեր այն հարցին` յուրացման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, դուք ընդունո՞ւմ եք այդ մեղադրանքը, հիմնադրամի տնօրենն ասաց. «Ոչ մի բան չեմ ընդունում եւ ոչ մի բան չեմ ցանկանում ասել, խնդրում եմ` իմ լռելու իրավունքը հարգեք, քննություն է գնում, այս իրավիճակում ինչ-որ բան ասելը ճիշտ չէ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շուրջ գործընթացները սկսվեցին այն պահից, երբ կրթության եւ գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանը բուհերին կարգադրել էր չվճարել «հարյուր միլիոնավոր դրամներ» երիտասարդական հիմնադրամին:
Արայիկ Հարությունյանի այս կարգադրությունը զարմանալի էր այն տեսանկյունից, որ վերջինս, մեղմ ասած, կոչ է անում չվճարել այն հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն պատկերը, որ նորանշանակ նախարարը գոնե ուսանողների հոգսերը թեթեւացնի, առավել վատ իրավիճակում է գցում նրանց: Անժխտելի է այն փաստը, որ շատ ուսանողներ հիմնադրամի շնորհիվ կարողացել են քիչ ուսման վարձ վճարել` այդ ճանապարհով թեթեւացնելով իրենց ծնողների հոգսերը: Ու հիմա այս առումով իրավիճակը վերանայելու կարիք կա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԵՌ ԿՌՎՈՒՄ ԵՆ
Պաշտպանության նախարարության եւ տարբեր ապրանքներ մատակարարող ընկերությունների կռիվը նոր փուլ է թեւակոխում: Այս տարվա մայիսի 17-ին գրել էինք, որ փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար հայատարարել է հանդերձանքի ձեռքբերման մրցույթ: «Գեւգրուպ» ընկերությունը հայտ է ներկայացրել 2 ապրանքների մասով:
Իսկ հայտի ապահովումը ներկայացրել է բանկային երաշխիքի տեսքով` տրված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից: Նշենք, որ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթի հրավերում հստակ գրված է եղել «հրատապ բաց մրցույթ» բառակապակցությունը: Սակայն անհասկանալի պատճառներով մրցութային հանձնաժողովը որոշել է մերժել ընկերության հայտը առանց որեւէ մեկնաբանության: Գնահատող հանձնաժողովը բարեհաճել է միայն նշել, որ բանկային երաշխիքը սխալ է: Ավելին` բողոքարկման խորհրդի նիստում միայն պարզվել է, որ հայտը մերժվել է «հրատապ» բառի առկայության պատճառով: Մինչդեռ նկատենք, որ «հրատապ» բառը եղել է ե՛ւ ՊՆ-ի հրավերի մեջ, ե՛ւ ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքում:
Մեր հրապարակումը ՀՀ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվել է: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար տեքստիլե ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից առավել ցածր գին առաջարկած 1-ին եւ 2-րդ հայտատու ընկերություններին: Հաղթող է ճանաչվել 3-րդ տեղ զբաղեցրած եւ շուրջ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառված գույքային վնասի չափը եւ մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու եւ հետագա ընթացքը լուծելու համար:
Մինչ իրավապահները քննում են այս գործը, երեկ արդեն ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ազատվել է աշխատանքից: Ավելին` նշենք, որ մատակարար ընկերությունը թավշյա հեղափոխությունից հետո անգամ դիմում է ներկայացրել` նորանշանակ վարչապետին ներկայացնելով մատակարարման ոլորտում առկա իրավիճակը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է
Ներսես Պողոսյանին դատարանը երեկ ազատ չարձակեց: Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել էր ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին: Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը չի առարկել միջնորդության դեմ, սակայն դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշել է կրկին միջնորդության լուծումը հետաձգել եւ դրան անդրադառնալ դատական ակտ կայացնելիս: Այս որոշումից հետո Ներսես Պողոսյանը վրդովվել ու հացադուլ է հայտարարել: «Եթե չեք կարողանում մի հատ որոշում կայացնել, ես հացադուլ եմ հայտարարում»,- ասել է Պողոսյանը: Նշենք, որ Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը երաշխավորել էին, որ Ներսես Պողոսյանը, ազատության մեջ գտնվելով, կդրսեւորի պատշաճ վարքագիծ:

 

 

ԴԻՄԵԼ Է ՍԴ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով: «Տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների եւ ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ` Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության եւ առաջադրման մանրամասները, այդ թվում ժամկետները սահմանված չեն, եւ դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի: Օրենսդիրը դիտարկել է, որ համապատասխան գործընթացը կարող է տեւել ընդհուպ մինչեւ 6 ամիս, եւ այդ ժամկետը նախատեսված է այն իրավական ակտով, որը, Սահմանադրության կարգավորումներից ելնելով, կարող էր նման ժամկետ սահմանել: Դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան նշված իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով»,- ասված է նախագահի հաղորդագրության մեջ:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ընդունում է իրենց գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, եւ իր նախաձեռնությամբ արդեն իսկ կատարել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում եւ 7-10 օրվա ընթացքում պատրաստվում է կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում: Դրանից հետո Ունանյանի ու կալանավորված մյուս աշխատակիցների խափանման միջոցը` կալանքը, փոխվել է, եւ նրանք ազատ են արձակվել:

 

 

ԱԶԱՏ ԵՆ
«Սասնա ծռեր»-ի անդամ Արեգ Կյուրեղյանը երեկ ազատ է արձակվել: Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը: Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի համար ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանն ու Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր: Հիշեցնենք, որ Կյուրեղյան եղբայրներից Հայկը նախօրեին կալանավայրից դուրս է եկել: Նրա պատժի կրման ռեժիմը փոխվել է:




Լրահոս