ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆԵՐՑԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհերքելի փաստ է, որ համաժողովրդական շարժման օրերին, նաեւ դրանից հետո մի տեւական ժամանակ շատ պետական կառույցներ պարապուրդի էին մատնված: Օրեր շարունակ գերատեսչությունների աշխատակիցները՝ ընդհուպ ղեկավարների մակարդակով, գործ անելու փոխարեն ուղիղ եթերով հետեւել են շարժման ընթացքին: Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո իրավիճակը բնականաբար կարգավորվել է, եւ իր կազմավորած կառավարությունը սկսել է ակտիվորեն աշխատել: Սակայն կարգավորվածությունը վերաբերում է միայն նախարարություններին, եւ մեկ շաբաթ է` նաեւ մարզպետարաններին:

Իսկ մինչ այդ նման իրավիճակ էր տիրում նաեւ մարզպետարանների պարագայում: Չնայած կառավարությունը ձեւավորված էր եղել, աշխատանքներն էլ՝ սկսված, սակայն ՀՀԿ-ական մարզպետները երկար ժամանակ պարապուրդի մատնված են եղել, մինչեւ փոխարինվեցին նորերով: Եվ նրանց մոտ այդ օրերին ավելի շատ սպասողական վիճակ է եղել, քան՝ աշխատանքային:
Սակայն նման իրավիճակը դեռեւս շարունակվում են մյուս վայրերում, օրինակ, տեսչական մարմիններում, որտեղ դեռ անորոշություն է: Թեեւ այս ընթացքում նշված գերատեսչությունների համապատասխան աշխատակիցները հայտարարություններ են տարածում իրենց կատարած աշխատանքների մասին, բայց դրանք ավելի շատ կրում են ձեւական բնույթ, քանի որ դեռ հայտնի չէ` նշված տեսչական մարմինների ղեկավարները, այդ թվում ենթակաները կմնան իրենց պաշտոնին, թե ոչ: Թե որքան կտեւի, անհայտ է: Նրանք, շունչները պահած, սպասում են իրենց ճակատագրերի հստակեցմանը: Արդյոք Նիկոլ Փաշինյանը կհասնի իրենց, թե ոչ, ժամանակը ցույց կտա:
Այսինքն` ստացվում է, որ մայիսի 9-ից հետո եւ անգամ դրանից առաջ՝ թավշյա հեղափոխության ողջ ընթացքում, Հայաստանի պետական կառավարման համակարգն աշխատել եւ այժմ էլ դեռեւս շարունակում է աշխատել իներցիայով: Եվ դրա պատճառն այն է, որ տարբեր գերատեսչություններում տարբեր ուժեր են իշխող համարվում եւ կառավարում, եւ տարբեր կուսակցության անդամների միջեւ աշխատանքային կապը չի ստացվում կամ չի էլ հաստատվում:
Մասնավորապես, խորհրդարանում դեռեւս ամեն դեպքում մեծամասնություն է ՀՀԿ-ն եւ ունի ղեկավար կազմ, կառավարությունում ՝ երեք ուժեր են իշխող համարվում, որպես մարզպետներ եւս: Ասել է թե` սահմանադրական ճգնաժամի հետեւանքով իշխանության տարբեր ճյուղեր անգործության են մատնված:
Պետական մյուս կառույցներում եւս անորոշ վիճակ է տիրում, նաեւ Վճռաբեկ դատարանում եւ ՀՔԾ-ում, որի ղեկավարները հրաժարականներ են տվել: Այսինքն` Հայաստանում այժմ տարբեր բեւեռներ են տիրում, եւ դրանց միջեւ կապն այնքան էլ սերտ չէ: Այս օրերին աշխատանքն ընթանում է իներցիայով, քանի որ տարիներով աշխատած անձինք գիտեն՝ ինչը ինչպես անել, սակայն հետագան մնում է անորոշ:
Իհարկե, միշտ չես հանդիպի, որ ՔՊ-ական նախարարն աշխատի ՀՀԿ-ական փոխնախարարի հետ, ՀՀԿ-ական պատգամավորն ընդդիմադիր վարչապետի հետ մեկնի գործուղման եւ այլն: Եվ այս անգամ եւս այս ամենի լուծման բանալին միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Երեկ լրագրողների հետ զրույցում այս տարանջատվածությանն անդրադարձել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում հիմա կա իշխանության թեւերի տարանջատում: Եվ հիմա նույնիսկ այդ թեւերի շատ ներկայացուցիչներ չեն հավատում, որ իրենք տարանջատված են: Եվ նաեւ հանրության մի մասը չի հավատում, որ նրանք տարանջատված են: Բայց մենք դրա համար ենք չէ պայքարել: Հիմա ասում են՝ հա, լավ, ինչ կլինի, գոնե այ սենց կարեւոր հարցեր կան, մի հատ զանգեք, ասեք, թող այդ խնդիրն այսպես լուծեն: Որ սկսեն զանգել, էդ կնշանակի, որ մենք սկսում ենք քայլել այն նույն ճանապարհով, որով քայլելու համար մեղադրել ենք ուրիշներին»:
Ստեղծված իրավիճակը, թերեւս, վտանգավոր է, հուսանք՝ այս ամենը ժամանակավոր է:
Հ.Գ. Այս շարքում բացառություն են զինված ուժերը, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որոնք ինքնակազմակերպված գործում են՝ անկախ իշխանության ղեկին գտնվող անձանցից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՔԵՖ ԱՆՈՂԻ ՔԵՖԸ ՉԻ ՊԱԿՍԻ
Երեկ ՀՀԿ-ական պատգամավորների համար առանձնահատուկ օր էր: Նախկինում միայն Սերժ Սարգսյանին հաճոյանալու եւ ՀՀԿ-ին օգնելու համար էին կոճակ սեղմող պատգամավորները երկար ժամանակ մնում խորհրդարանում, իսկ երեկ էլ ստիպված էին այդպես վարվում արդեն Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար: Սակայն այդ նույն գործարարներն ու կոճակ սեղմողներն իրենց համար զբաղմունք էին գտել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաղ առավոտից մեծ թվով պատգամավորներ իրենց օրը սկսեցին եւ ավարտեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակում, ում տանն էլ նաեւ օրեր առաջ հավաքվել էին արդեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ ընդմիջումից ընդմիջում Արայիկ Գրիգորյանի սենյակակիցներն այնտեղից դուրս էին գալիս ալկոհոլ օգտագործած վիճակում. ի դեպ, Գրիգորյանը միանգամից երեք աշխատասենյակ է զբաղեցնում երկրորդ հարկում. միջանցքի վերջում Գրիգորյանի հյուրերը երեկ մեծ թիվ էին կազմում՝ Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Նահապետ Գեւորգյան, Արտակ Սարգսյան եւ այլք: Ընդ որում` ընդմիջումից ընդմիջում նրանք չէին փոխվում: Եվ այդ նույն մարդիկ մինչեւ վերջ մնացին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար:

 

 

ԴԵՌ ՉԻ ՍԿՍՎԵԼ
Մետաղական հանքերով զբաղվող հանքարդյունաբերական ընկերություններում դեռեւս ստուգումներ չեն անցկացվում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ստուգումներ իրականացնող մարմինները դեռ չեն ստացել հանձնարարություն: Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանքերը ստուգելու հանձնարարական հնչեցրել էր կառավարության մայիսի 24-ի նիստում: Տեղեկացնենք, որ ստուգումներ իրականացվելու է 28 կազմակերպությունում, որոնք հիմնականում մետաղական հանքերով են զբաղվում: «Ժողովուրդ» օրաթերթը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հետաքրքրվեց, թե, ի վերջո, երբ են սկսվելու ստուգումները: Հարցին ի պատասխան` փոխանցեցին. «Դեռեւս Տեսչական մարմինը հանձնարարական չի ստացել: Նշենք, որ տեսչական մարմնում ստուգումների իրականացման մասով նախապատրաստական աշխատանքներ են տարվում»:

 

 

ՀՍՏԱԿ ԱՍԱՑ
Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, երեկ խուսափում էր գնահատականներ հնչեցնել կառավարության ծրագրի վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսի վարչապետ է` այս պահին գնահատելով նրա կատարած քայլերը, Հակոբյանը նշեց. «Մի բան կասեմ հստակ` մեծ վստահություն ունեցող»: Իսկ հարցերին, թե նախորդները չունեին այդ վստահությունը, Սերժ Սարգսյանն ինչու թողեց իր թիմին, Հակոբյանը խուսափեց պատասխանել եւ շտապեց հեռանալ:

 

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿՈՂՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ անդրադարձել է Արցախի` որպես բանակցային կողմ հանդես գալու հարցին. «Ես ասում եմ, որ պատրաստ եմ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել ԼՂՀ անունից: Բոլոր դեպքերում պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Բայց որպեսզի այդ բանակցությունները լինեն արդյունավետ, իմ կողմից հարկ եմ համարում նշել այն խնդիրները, որ կան բանակցությունների արդյունավետությունն ապահովելու հարցում»: Հարցին անդրադարձել է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Լեռնային Ղարաբաղը որոշ փուլերում մասնակցել է այդ բանակցություններին, այնուհետեւ կողմերի պայմանավորվածությամբ ձեւաչափը փոխվել է: Եթե հակամարտող կողմերը համաձայնության գան ինչ-որ փուլում, եւ Արցախը նորից միանա բանակցություններին, դա կլինի իրենց որոշումը: Մենք պետք է հարգենք այդ որոշումը»:

 

 

ՍԽԱԼ ՄՏՔԵՐ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նշել է, որ որեւէ կետ գոյություն չունի կառավարության կողմից ներկայացված ծրագրում: Եթե կարդաք, կտեսնեք, որ խմբագրական եւ հայերենի հետ չառնչվող մտքեր կան: «Կարծում եմ` մինչեւ հունվար կունենան ծրագիր, որտեղ գրված կլինի ինչը, երբ եւ որտեղ կկարողանան իրականացնել»,- շեշտել է նա: Անդրադառնալով գործարար պատգամավորների՝ ՀՀԿ խմբակցությունից հեռանալուն` Գալուստ Սահակյանը նշեց, որ իշխանական կուսակցություններին բոլորն են ուզում անդամագրվել: «Հենց կուսակցությունը հեռանում է իշխանություններից, ուզում են այլ կուսակցություններին անդամագրվել»,-ասել է նա:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ Մոսկվա այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՌԴ Պետական Դումայի եւ Դաշնային Խորհրդի բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների եւ սենատորների հետ: Ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծել են նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարեւորությունը: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ զարգացումների օրակարգը զուտ ներհայաստանյան էր, բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:

 

 

ՎԱՆՈՅԻՆ ՀԻՇԵԼՈՎ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ԱԺ-ում դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը` ասելով. «Մի ժամանակ Վանոն նամակ էր գրում Վազգենին ու այս կամ այն հարցում ասում էր՝ զգո՛ւյշ եղիր: Ես քեզ հիմա ուղիղ տեքստով ասում եմ` զգո՛ւյշ եղիր: Ու, ընդհանրապես, ամբողջ կառավարությունով զգո՛ւյշ եղեք, դուք կանգնած եք շատերի կոկորդին, դրա համար պետք է` զգույշ լինեք: Հակահեղափոխության թիրախն եք դուք»: Զուրաբյանը խորհուրդ է տվել ընտրությունները շուտ կազմակերպել ու չպատճառաբանել տեխնիկական խնդիրներով, թե պատրաստ չենք: Նա ակնհայտորեն վտանգ էր տեսնում: Զուրաբյանը երեկ բարձրաձայնել է Վանո Սիրադեղյանի վերադարձի թեման. «Ասում են՝ Վանոն լավ գրող, բան, ո՛չ, Վանոն քաղաքական վտարանդի է, որը հեռացվել է, որովհետեւ վտանգ է իրենից ներկայացրել Քոչարյանի իշխանությանը: Իր կազմակերպական ունակությունների պարագայում, իր մեջ տեսել է մարդու, որը կարա փոխի իշխանությունը, ու դրա համար նրա հանդեպ սկսվել է հսկայական հետապնդում, ու հետապնդման հիմքում ընկած է եղել՝ վերացնել հակառակորդին, ու ընտրվել է այն ճանապարհը, որը կարա վարկաբեկիչ լինի»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու վերաբերյալ: Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները հպարտությամբ փաստել են Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը եւ անձամբ նախագահ Սարգսյանի կարեւոր եւ հավասարակշռող դերն այդ գործում:




Լրահոս