ԵՐԲ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ԵՐԲԵՄՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում 62 կողմ, 39 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: ՀՀԿ խմբակցության անդամները եւ այն լքածները 12 ձայն տվեցին Փաշինյանի կառավարության ծրագրին: Այս անգամ եւս, ինչպես մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու առաջին փորձի ժամանակ, նիստը չանցավ առանց միջադեպերի: Սակայն այս անգամ միջադեպի կիզակետում էին ոչ թե «Ելք»-ի անդամներն ու ՀՀԿ-ականները, այլ վերջիններս եւ «Ծառուկյան» խմբակցության անդամները:

Ամեն ինչ սկսվեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանի ելույթից հետո, որը ստիպեց ԲՀԿ-ականներին հերթով արձագանքել եւ հիշեցնել իր անցյալը: Նախ նշենք, որ ի սկզբանե Արմեն Աշոտյանն անդրադարձել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթի այն մասին, որով վերջինս ասել էր, թե Ա. Աշոտյանը նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով, եւ «դա արվում էր Բոնապարտին վայել վստահությամբ»։ Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի այս որակումներին` Արմեն Աշոտյանը նրան համեմատել էր Էժեն Դելակրուայի հայտնի կտավի հետ, ապա նշել. «Ես չեմ կարող չանդրադառնալ տիկին Զոհրաբյանի ելույթին, որն այստեղ հնչեց Էժեն Դելակրուայի հայտնի կտավի ոճով, գլխավոր հերոսուհու կերպով, շատ պաթետիկ ու շատ դեկորատիվ: Ոչինչ չեմ ասի: Նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի վնասում եք, քան օգուտ տալիս, որովհետեւ ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»: Հենց այս որակումն էլ պատճառ դարձավ Աշոտյան-ԲՀԿ պայքարին, որը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի:
Արմեն Աշոտյանին արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Միքայել Մելքումյանը ելույթի սկզբում Արմեն Աշոտյանին խնդրեց դահլիճից չբացակայել, քանի որ ելույթի վերջում արձագանքելու է նրան: Ելույթից հետո Մելքումյանը մոռացել էր Աշոտյանին արձագանքելու մասին եւ հեռացավ ամբիոնից: Սակայն շատ արագ հիշեց, որ խոստացել էր հատուկ արձագանքել ՀՀԿ-ական գործչին, վերադարձավ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նա չի կարող ամբիոնից հեռանալուց հետո կրկին վերադառնալ, սակայն Մելքումյանին դա չկանգնեցրեց. «Ուրեմն, Արմեն Աշոտյանին ես խորհուրդ կտամ գնա եւ տեսնի, թե հազարավոր մարդիկ «Էլեկտրիկ Երեւան» շարժման ժամանակ Բաղրամյան պողոտայում ինչ էին ուզում, երբ ինքը ներկա էր: Գնացեք նաեւ այդ շարժումը տեսեք, թե Աշոտյանը ով էր հեղափոխությունից առաջ»: Նշենք, որ խոսքը Բաղրամյան պողոտայում Աշոտյանի հասցեին հայտնի վանկարկումների մասին էին:
Ըստ երեւույթին, իրեն ուղղված վիրավորանքներն Արմեն Աշոտյանը չկարողացավ կուլ տալ: Ընդմիջումից հետո ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն արձագանքեց Մելքումյանին՝ քաղաքական կոռեկտության կոչ անելով:
Մելքումյանն էլ արձագանքեց. «Զսպե՛ք ձեր մոլուցքը հակադարձելու եւ բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա: Էն, ինչ կա, իրականությունը, հենց այդպես էլ կա, կարողացեք ընկալել հավուր պատշաճի իրականությունը»: Արմեն Աշոտյանը փորձեց արձագանքել՝ ասելով, որ լսարանը ամեն ինչ տեսնում է, գիտի. «Երբ որ բնակվում ես ապակե տնակի մեջ, չարժե հարեւանների հետ կռիվ անել՝ քար նետելով»: Աշոտյանի այս խոսքի ժամանակ տեղից վիրավորական ռեպլիկ արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ վիրավորելով նրան՝ ասելով «Էշ-Էշ մի խոսա»: Միայն թե, նկատենք, ժամանակին երբ ՀՀԿ-ն իշխանության էր, նույն Արթուր Մանուկյանը վախենում էր անգամ մտքում Աշոտյանի մասին որեւէ վատ բան մտածելուց, ուր մնաց այսպիսի արտահայտություններ անելը:
Իր խոսքն ավարտելուն պես Աշոտյանը նետվեց դեպի պատգամավորը, վերջինս փորձեց դուրս հրավիրել Աշոտյանին՝ տղայական խոսակցության: Տեւական ժամանակ կրքերը չէին հանդարտվում: Արթուր Մանուկյանն Աշոտյանին ասել էր՝ «Դուրս գանք, խոսանք»: Միջամտեց Սամվել Ֆարմանյանը, Վահրամ Բաղդասարյանը, Միհրան Պողոսյանը, ովքեր փորձում էին հանդարտեցնել Արթուր Մանուկյանին, իսկ Նապոլեոն Ազիզյանն էլ այդ ընթացքում մի կողմ էր տարել Աշոտյանին եւ փորձում էր հանդարտեցնել նրան, որից հետո հաջողվեց պատգամավորներին հանդարտեցնել:
Ի վերջո կարողացան կրքերը հանդարտեցնել եւ նիստը շարունակել, սակայն այդքանով էլ ամեն ինչ չավարտվեց: Խմբակցությունների ելույթների ժամանակ էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին դիմեց Աշոտյանին՝ խորհուրդ տալով շատ ուշադիր դիտել Բոսխի «Հիմարների նավը» եւ Կարավաջոյի «Հուդիթ ու Հողոփեռնես» կտավը:
Բացի Աշոտյանից, երեկ թիրախում էր նաեւ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա ասել էր, թե մտահոգված է, որ Փաշինյանի կառավարության ծրագրով Հայաստանը հեռու չի գնա: Ի պատասխան` ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաճյանը հիշեցրեց Նաղդալյանի՝ ծառայողական հեռախոսով մոտ 3 միլիոն դրամի խոսակցությունները, որ վճարվեց բյուջեից: «Ամիսներ շարունակ չուզեցաք մարել այդ գումարը: Ամոթ է, դրա մասին խոսեք»: Պարբերաբար նման հակադարձումների թիրախում էին ՀՀԿ-ական մյուս պատգամավորները: ԱԺ նիստը որքան էլ թեժ էր, բարեբախտաբար այն առանց միջադեպերի ավարտվեց:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԻՐԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԶԳԱԼԻ ՊԱԿԱՍԵԼ Է

Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան ժամանել է 346 հազար 458 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.1 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Այս դեպքում խոսքը 293 հազար 807 զբոսաշրջիկի մասին է: Եւ տարեցտարի նրանց թիվն ավելի է մեծանում: Պատճառը մեկն է. ՀՀ-ում հյուրանոցներից օգտվելը թանկ է, այդ իսկ պատճառով 346.4 հազար զբոսաշրջիկից հյուրանոցներում մնացել է ընդամենը 52 հազար 651 հոգի:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 4600-ով ավելացել է: Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 26 հազար 900 զբոսաշրջիկ: Բացի այս, ավելացել է նաեւ Ուկրաինայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Վրաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը: Ի դեպ, ըստ վիճակագրական կոմիտեի` այս տարի նույնիսկ ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, այն էլ՝ 3.4 անգամ: Փոխարենը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի նվազել` 15 հազար 500-ով: Եւ սա այն դեպքում, երբ իրանցի տուրիստներն ամենաշատն էին ՀՀ գալիս: Ըստ որոշ տեղեկությունների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում: Ինչպես հայտնի է, Վրաստանում այն ավելի մատչելի է, քան մեզ մոտ: Բացի այդ, խոստովանենք, ՀՀ-ում իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված, էլ չենք ասում տաքսու վարորդների կողմից նրանց դեպքում թանկ սակագնային տարբերակ կիրառելը: Այս մասին խոսվել է ոչ մեկ անգամ: Անգամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր նման հարց բարձրացրել:
Ինչեւէ, մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 13 տոկոսով: Հունվար-մարտ ամիսներին մեր երկրից մեկնել է 300 հազար 832 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 266 հազար 324-ի դիմաց: Սակայն նրանց մեծ մասը` 300 հազար 232 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն, առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 600 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ԿԱԴՐԵՐ
Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը սկսել է կադրային փոփոխություններ անել: Նախօրեին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր դաշնակցական Թաթուլ Մանուկյանը, ով Ռոմիկ Մանուկյանի որդին էր եւ դեռ Հովսեփ Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում մարզպետի օգնականն էր: Նրան կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էմմա Պալյանը: Մարզպետի խորհրդականի պաշտոնում քննարկվում է երկու անձի անուն՝ անկուսակցական Կարեն Ավագյանը, ով փոքր բիզնես ունի Գյումրիում, եւ Վանո Սերոբյանը, ով աշխատում է Շիրակի մարզպետարանում: Հայտնի է, որ վերջինս Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է: Հիշեցնենք, որ մարզպետի օգնականի պաշտոնը արդեն մի քանի տասնյակ տարի մշակույթի գործիչ Հասմիկ Կիրակոսյանն է զբաղեցնում: Փոխմարզպետի պաշտոնում կնշանակվի Սոֆյա Հովսեփյանը. նա «Ելք» դաշինքից է: Առաջարկ վերջինիս եղել է: Փոխմարզպետի պաշտոնը զբաղեցնելու համար առաջարկվել է նաեւ Կարեն Պետրոսյանին ու Ղարիբ Հարությունյանին: Համաձայնություն դեռեւս Սոֆյա Հովսեփյանն է միայն տվել: Կադրային փոփոխությունները շարունակվելու են, հաջորդը բաժնի պետերն են:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿ
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջեւան հատվածը գտնվում է վատ վիճակում. ճանապարհին շատ են փոսերը: Ներկայումս «Վարմաշ» ՍՊԸ-ն իրականացնում է այդ ճանապարհի` Ադրբեջանին սահմանամերձ 3 հատվածների՝ Բերքաբերի խաչմերուկ-Աճարկուտի խաչմերուկ, Կիրանց-Ոսկեպար եւ Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածների հիմնանորոգումը: Կատարվում է ճանապարհների լայնացում, կողնակների եւ առուների մաքրում, լայնացում, որից հետո կկատարվի ասֆալտապատում: Հիմնանորոգման աշխատանքերը անհրաժեշտություն են, սակայն խանգարում են միջպետական ավտոճանապարհով երթեւեկությանը: Այդ ճանապարհահատվածների նորոգման ֆինանսավորումը մաս-մաս, ուշացումներով է արվում, ինչի պատճառով ճանապարհի առավել կարեւոր հատվածների՝ Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի եւ Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածի հիմնանորոգումն, ամենայն հավանականությամբ, այս տարի չի ավարտվելու: 2016թ. սեպտեմբերի 14-ից սկսվեց միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգումը: Այն իրականացվում է 3 հատվածներով: Գրեթե 2 տարի է անցել, սակայն ճանապարհի հիմնանորոգումը դեռ հեռու է ավարտվելուց. խախտվել է ճանապարհի գործարկման` պայմանագրերով սահմանված ժամկետները: Վիճակն առավել քան վատ է միջպետական ավտոճանապարհի Շնող-Թումանյան հատվածում, ուր այս տարի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս