ԹՎԵՐԸ ԿԻՄԱՍՏԱԶՐԿԵԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին ներկայացրեց իր կառավարության ծրագիրը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ գնահատական կտաք Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրին: ՀՀԿ-ական պատգամավորները նրա ներկայացրած ծրագիրը որակեցին որպես սուրճի սեղանի շուրջ գրված ժողովածու, կենաց, բաժակաճառ…
-Շատ ցավում եմ, թեկուզ հեռու չէր իրենցից, բայց բոլոր դեպքերում «Հանրապետական» կուսակցությունը` որպես քաղաքական ուժ, այդպես էլ չգիտակցեց, թե ինչ վիճակում է հայտնվել: Ու ընդհանրապես չի գիտակցում, թե ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ ծրագիր ներկայացներ, եթե իրենց թվում է, որ պետք է աներ այնպես, ինչպես իրենք էին կատարում տարիներ շարունակ: Մինչդեռ դրա մեջ անիմաստություն կար, որովհետեւ անընդհատ կրկնվում էին եւ պատասխանատվության չէին ենթարկվում ծրագրի չկատարման, անհաջողություների համար: Պետք է մեկ անգամ եւս կրկնեմ` մի՛ մոռացեք, թե մենք ինչ քաղաքական իրավիճակում ենք հայտնվել: Ընդհակառակը, իրար հակադարձ վիճակում են գտնվում, որովհետեւ դրսի իշխանությունը ժողովրդինն է, որը վստահել է Նիկոլ Փաշինյանին եւ իր կառավարությանը, իսկ այն իշխանությունը, որը այսօր պառլամենտում է, դա նախկինի կողմից կեղծիքների արդյունքում ձեւավորված պառլամենտն է, որը չի կարող արտահայտել դրսի կարծիքը: Իզուր են նման որակումներ տալիս, մայիսի 1-ին եւ 8-ին իրենց պահվածքը հուշում է, որ իրենք քաղաքական ուժ կոչվելու իրավունքն են կորցնում: Այսօրվա քննարկումներն էլ դա ապացուցեցին:
-Դուք նախկինում հայտարարում էիք, որ տնտեսական հարցերը Հայաստանում լուծվում են քաղաքական դաշտում.. Իսկ այսօ՞ր:
-Ես միշտ տարբեր մեկնաբանություններում խոսել եմ այն մասին, որ ՀՀ-ում տնտեսական եւ, ընդհանրապես, բոլոր հարցերի լուծումը գտնվում է քաղաքական դաշտում: Եւ հիմա Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է այդ քաղաքականությունը, այսինքն` իր ծրագրի փիլիսոփայությունը: Այն ամեն ինչը, որը կապված է այդ ծրագրի փիլիսոփայության հետ` ժամկետներ, ռեսուրսներ, միջոցառումներ, ես համոզված եմ, որ դրանք կլինեն ավելի ուշ, երբ իսկապես քաղաքական իրավիճակ կստեղծվի, պառլամենտ կձեւավորվի: Այսինքն` երբ խորհրդարանը քաղաքական այսօրվա դրսի իրադարձությունները կարտացոլի, որովհետեւ այսօրվա խորհրդարանը չի արտացոլում դրսի իրավիճակը:
-Պարո՛ն Խաչատրյան, տնտեսական առումով ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ինձ համար ամենակարեւորը ուղենիշ կոչվածն էր, 10 կետը, որ գրվել է: Այնտեղ հիմնական ամբողջ ծրագրի փիլիսոփայությունն է ներկայացվում. հիմնական ուղենիշ ներկայացված է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքար, իշխանության եւ սեփականության կամ բիզնեսի եւ կառավարության տարանջատում: Այդ ամեն ինչը, ինչ որ ամրագրված է, դա կլինի ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ծրագիր: Ինձ համար դա է ընդունելի: Հանկարծ եթե թվեր դրվեր, ապա ես ինքս իմ դժգոհությունը կհայտնեի, որը կարող էր իմաստազրկել այսօրվա կառավարության ծրագիրը: Դրա համար շատ տեղին է, որ այդ թվերը չկան: Բայց եթե ցանկություն կա, այդ թվերը կարելի է տեսնել: Ես տեսնում եմ:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կախարդական փայտիկ կա, եւ այն արդեն իսկ իր գործը սկսել է եւ կոնկրետ արդյունքներ է ապահովել: Համաձայն ե՞ք նրա հետ: Իշխանափոխությունից հետո, այս ընթացքում, Դուք տեսնո՞ւմ եք այդ կախարդական փայտիկը:
-Կախարդական փայտիկը հենց այդ մթնոլորտ ստեղծելն է, որի չափելիության եւ դրա հետեւանքների մասին այսօր ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ կարելի է անհավանական արդյունքների հասնել: Երբ բոլորը գիտակցեն, մենք` քաղաքացիներս, իրենք` բիզնես շրջանակները, հասկանան, որ Հայստանում տնտեսական գործունեությամբ պետք է զբաղվել առանց կաշառքի, առանց կոռուպցիայի մեջ ներքաշվելու, ամենօրյա քաշքշուկների: Օրինակ` մաքսային սահմանը հատել առանց ավելորդ քաշքշուկի, փաստաթղթերի պահանջի, կամ հարկային տեսուչի աշխատանքների, ստուգումների կատարման ժամանակ չզգանք այն ամեն ինչը, ինչը նախկինում էր, կամ ոստիկանության վերաբերմունքի մեջ զգանք, որ ոստիկանը արդեն դարձել է ոչ թե իշխանության ներկայացուցչի կամ իշխանության հովանավորությունից օգտվող առանձին մարդկանց պաշտպան, այլ դարձել է բոլորիս, քաղաքացիների պաշտպան: Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանության կախարդական փայտիկը պետք է լինի այն, որ ե՛ւ իշխանությունը գոհ լինի, ե՛ւ մենք` որպես քաղաքացի: Եւ կարծում եմ, որ այդ իշխանության փայտիկի գործունեությունը սկսված է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ադրբեջանական NIDA ընդդիմադիր շարժման նախկին անդամների բողոքների վերաբերյալ որոշում է կայացրել: Ըստ այդմ` 2013 թ. NIDA-ի ակտիվիստների ձերբակալությունները եղել են անօրինական եւ իրավունքի խախտմամբ: Խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5.1-կետը (ազատության իրավունքը) եւ 18 կետը (քաղաքական նպատակներով իրավունքների սահմանափակումը): Նրանցից յուրաքանչյուրին որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է վճարվի 20 հազար եվրո, իսկ դատական ծախսերի փոխհատուցման համար 3-5 հազար եվրո:
Չնայած համաներման հրամանագրին՝ Ադրբեջանում շարունակում են բանտարկված մնալ քաղաքական մոտիվներով եւ շինծու մեղադրանքներով ձերբակալված տասնյակ լրագրողներ, քաղաքական գործիչներ, կրոնական եւ ընդդիմադիր ակտիվիստներ: Համաներումը տարածվել էր 634 անձի վրա, որոնցից ազատ է արձակվել 607-ը: Համաներվածների մեջ քաղբանտարկյալներն ընդամենը 12-ն են: Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով քաղաքացիական աշխատանքային խմբի տվյալների համաձայն՝ այդ երկրում կա 142 քաղբանտարկյալ, իսկ ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի՝ 161:




Լրահոս