Մ. ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականին ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սնանկ ճանաչվեց: Խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի ընկերությունը պարտքեր էր կուտակել: Պարտատերերի թիվն անցնում էր հարյուրը: Հատկանշական է, որ մինչ այդ նույն 2014-ին «Արմավիան» ՀՀ 11-րդ հարկատուն է եղել: Ընկերության վճարած հարկերը կազմել են մոտ 7,2 մլրդ դրամ: Գործարար Բաղդասարովին էր պատկանում նաեւ «Միկա» ֆուտբոլային ակումբը, որը նույնպես փակվել է: Բաղդասարովի «Միկա կենաց ջուր» ձեռնարկությունը, որ զբաղվում էր գինու, կոնյակի արտադրությամբ, նույնպես սնանկ ճանաչվեց: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գործարար Միխայիլ Բաղդասարովի հետ պարզելու համար, թե ինչով է նա այժմ զբաղված, ինչ իրավիճակ է գործնական դաշտում եւ արդյոք եւս մեկ անգամ կորոշի բիզնես հիմնել Հայաստանում:

-Պարո՛ն Բաղդասարով, նախ հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս Դուք ընդունեցիք թավշյա հեղափոխությունը Հայաստանում:
-Դրական, շատ դրական:
-Ինչո՞ւ:
-…Որովհետեւ այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձեւով:
-Այս իրավիճակում, երբ նոր կառավարություն է ձեւավորված, երկրում իրավիճակ է փոխվել, Դուք կորոշե՞ք Հայաստանում նոր բիզնես սկսել:
-Առաջին հերթին ոչ մի հարցով չի կարելի ասել ոչ: Ամեն ինչ այս կյանքում կարող է լինել: Եթե պետությունը կարծի, որ ես կարող եմ օգնել ինչ-որ հարցով, եթե առաջարկ անեն, եւ եթե գոհ լինեմ այդ առաջարկից, տան հնարավորություն, ինչ-որ բան կլինի:
-Գուցե գործոններից մեկը Սերժ Սարգսյա՞նն էր, որ Դուք որոշեցիք ամեն ինչ փակել, գնալ:
-Դե դժվար չէ կռահել: Բայց ես կարծում եմ, որ այդ մասին չեմ խոսի:
-Բայց, իհարկե, խնդիրներ եղան «Արմավիա»-ի հետ, եւ ի վերջո Դուք սնանկության հասաք:
-Իհարկե: Խնդիրներ կային, եւ բոլոր աշխատակիցները դա գիտեն, եւ տեսանելի էր:
-Իսկ այժմ ի՞նչ իրավիճակ է «Արմավիա»-ի առնչությամբ:
-Արմավիան սնանկացավ. պետությունը չէր օգնում: Մենք թոշակառուների, վետերանների տեղափոխումներ էինք կատարում, եւ այդ գումարի 50 տոկոսը պետք է պետությունը վճարեր, բայց չէին վճարում: Եվ ընդհանուր շատ խնդիրներ կային: Արմավիան եղել է շատ ուժեղ, եւ դա դուր չէր գալիս մեր հարեւաններին:
-Գիտենք, որ Դուք վաճառքի էիք հանել ինքնաթիռները, նաեւ Ձեր բնակարանները:
-Ես կորցրի ամեն ինչ` ե՛ւ ինքնաթիռները, ե՛ւ գրասենյակները, ե՛ւ մնացածը: Կարճ ասած` ամեն ինչ վերցրին:
-Հիմա Դուք ոչինչ չունե՞ք:
-Չկա…ընդհանրապես ոչինչ: Ես այդ մասին չեմ ուզում խոսել:
-Մնացել եք առանց ոչնչի՞:
-Այո՛:
-Իսկ այժմ հեռանկար տեսնո՞ւմ եք Հայաստանում:
-Եթե պետք է Հայաստանին ավիացիա, ուրեմն հեռանկար կլինի, իսկ եթե պետք չէ, ուրեմն պետք չէ:
-Իսկ մտածո՞ւմ եք նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել այս հարցերի շուրջ:
-Ես դեմ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու: Ես չգիտեմ` ուզում է նա ավիացիա, չի ուզում: Նա ասում է, որ թռչելու է ուղեւորափոխադրող օդանավերով: Դա շատ լավ որոշում է: Բայց ես կարծում եմ, որ հայկական ուղեւորափոխադրող ինքնաթիռներով է պետք թռչել, այլ ոչ թե ռուսական, ուկրաինական: Եթե պետք է լինի ավիացիա, ուրեմն նա պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, քայլ անի, որպեսզի դրանից հետո ստեղծվի ավիացիա: Դա շատ բարդ մեխանիզմ է: Շատ պատճառներ կան, թե ինչու այն չի ստացվում Հայաստանում, եւ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց դժվար է հասկանալ ինչ անել: Դրա համար էլ մեզ մոտ ավիացիան այդպես էլ չբացվեց Արմավիայից հետո, քանի որ բոլորը տանում են նրան, որ հնարավորինս շատ փող աշխատեն:
-Այժմ պետությունը պետք է Ձեզ աջակցի՞, որպեսզի Դուք վերսկսեք Ձեր աշխատանքը:
-Ո՛չ: Պետությունից ոչինչ պետք չէ: Պետությունը միայն պետք է իր հավանությունը տա եւ վերջ:
-Իսկ ինչպե՞ս կսկսեք Ձեր գործունեությունը, եթե գումար չունեք:
-Գումար չկա, բայց կան կապեր: Պարտադիր չէ ինքնաթիռները գնել, կարելի է վարձել: Իսկ մյուս կողմից կարելի է շատ գումար ծախսել, բայց ոչինչ չստեղծել:
-Իսկ այժմ Դուք ինչո՞վ եք զբաղվում:
-Հիմա դատարանների հետ կապված հարցերով եմ:
-Այժմ խոսվում է այն մասին, որ երբ Սերժ Սարգսյանը ղեկավարում էր երկիրը, սեւ դրամարկղ է գործել, եւ բոլոր գործարարները վճարում են արել: Դուք էլ եք վճարե՞լ այդ դրամարկղին:
-Ես չգիտեմ այն, ինչ Դուք ասում եք: Բայց մենք մշտապես գումար ենք տրամադրել Արցախի համար, բանակը պահելու համար:
-Եթե պետությունը չաջակցի, Դուք ա՞յլ երկրում եք բիզնես հիմնելու:
-Այո՛: Ռուսաստանի Դաշնությունում երեւի թե դա կանեմ: Այնտեղ հիմա շեշտը տեղական բիզնեսի վրա է դրվում:
-Այժմ Դուք բնակարան էլ չունե՞ք:
-Ունեմ, բայց այն գրավադրված է բանկում: Դեռեւս այդ տանն եմ ապրում:

 

 

 

ՊԵԿ-Ը ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԱՆԻ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ՈՒՄ

Նոր կառավարության ձեւավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ հանձնարարականներից մեկը վերաբերում էր գործարար դաշտում պատշաճ ստուգումներ անցկացնելուն: Եվ պատահական չէ, որ ԱԱԾ նոր ղեկավարի նշանակումից օրեր անց բացահայտվեցին «ՆորՖոլկ քոնսալթինգ» ընկերությունում եղած խոշոր չափի չարաշահումները: Ապա պարզվեց, որ հանրապետությունում գործող խոշոր սուպերմարկետները պատշաճ չեն վճարել հարկերը, քանի որ ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն են ունեցել աշխատելու ԱՁ-ների միջոցով:

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեից փորձեց պարզել, թե արդյոք իրականացվելու են ստուգումներ «Գրանդ քենդի» ՍՊԸ-ում, որն, ինչպես հայտնի է, միացել էր համաժողովրդական շարժմանը:
Նախ հետաքրքրվեցինք, թե վերջին անգամ երբ են ստուգումներ իրականացվել «Գրանդ Քենդի»-ում: «Հարկային ստուգումները, 2018թ. հունվարի 1-ից սկսած, իրականացվում են` ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն: Ինչ վերաբերում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին, ապա հայտնում ենք, որ ընկերությունն ընդգրկված է եղել 2016-2017 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, որի համաձայն՝ ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում: Դրա արդյունքներով 2017 թ. մայիսի 5-ին կազմված ակտով ընկերությանը առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություններ՝ 34, 6 մլն դրամի չափով»,- նշված է ՊԵԿ պատասխանում: Հարցին` այժմ ընկերությունում ստուգումներ անցկացնելու հարցում ՊԵԿ-ին արդյոք կաշկանդելու է այն հանգամանքը, որ «Գրանդ քենդի»-ն միացել էր շարժմանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային բրենդ էր համարել այս ընկերությունը, լրատվական բաժնից նշել են. «Հարկային ռիսկերի առկայության պարագայում՝ հարկային մարմինը որեւէ ձեւով կաշկանդված չէ ոչ միայն «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում, այլ նաեւ ցանկացած տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները»: Իսկ արդյոք հենց այս տարի ստուգումներ կլինեն ընկերությունում. ««Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն ընդգրկված է 2017-2018 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, հետեւաբար վերջինիս մոտ առաջիկայում նախատեսվում է իրականացնել համալիր հարկային ստուգում»:
Հուսանք` նրանց նկատմամբ էլ նույնքան անաչառ կգտնվեն, որքան մինչեւ հիմա ստուգումների ենթարկված տնտեսվարողների դեպքում:

ՆՅՈՒԹԵՐԸ` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵՑ
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից, երեկ հրաժարական է տվել: Հետաքրքրականն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում վերջերս մոտ 67 մլն դրամի չարաշահումներ էր հայտնաբերել՝ 2014-2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվել են հենց փոխնախարար Արեւ Սամուելյանի դեմ. բանն այն է, որ նա է համակարգում պատմամշակութային ժառանգության ոլորտը, չնայած այն ժամանակ Սամուելյանը կտրականապես հերքել է իր առնչությունը կատարվածին:

 

 

ԽՈՒՃԱՊԱՀԱՐ
Երեւանի բազմաբնակարան շենքերի համատիրությունների նախագահները հայտնվել են խուճապային վիճակում: Պատճառը առաջիկայում համատիրությունների լուծարումն է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նրանք սկսել են այս ընթացքում Երեւանի որոշ բազմաբնակարան շենքերում թեթեւ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Մի շենքում վերելակն է նորոգվում, մյուսում` մուտքի պատերն են ներկվում, մեկ այլ շենքում էլեկտրալարերի հետ կապված աշխատանքներ են տարվում: Սրանով համատիրությունների մեծ մասը, ընտրակեղծարար նախագահները ուզում են նոր իշխանություններին ցույց տալ, թե իբր իրենք աշխատում են:
Ի դեպ, համատիրությունների լուծարմամբ ոգեւորված են ոչ միայն Երեւանի, այլեւ մարզային քաղաքների բնակիչները. նրանց մեծ մասը տարիների ընթացքում պարտքեր է կուտակել համատիրություններին եւ հիմա հույս ունի, որ դրանք «ջրվեն»: ՀՀ արդարադատության նախարարությունից, սակայն փոխանցեցին, որ համատիրությունների իրավահաջորդության հարցը դեռ քննարկման փուլում է:

 

 

ՉԻ ԹՈՂԵԼ
Հայտնի է, որ ԿԳ նախարարը հանձնարարել է բոլոր բուհերին, որոնք նախկինում գումար էին փոխանցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, այլեւս դա չանել: Այս պարագայում ի՞նչ է լինելու ՀԵՀ-ի ճակատագիրը: «Հիմնադրամի ստեղծողը ՀՀ կառավարությունն է, եւ կառավարությունն էլ կորոշի դրա ճակատագիրը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: Ինչ վերաբերում է ՀԵՀ-ի տնօրենի չարաշահումներին, Ավագյանը նշեց, որ դա ցավալի փաստ է եւ այս պահին իրավական գնահատականների կարիք կա:




Լրահոս