ԿՍԱՀՄԱՆՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱԶՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին մեկնարկող հերթական ԱԺ նիստերի օրակարգում բազմաթիվ նախագծեր են ներառված: Առաջիկա ԱԺ նիստերը հետաքրքիր են հատկապես այն առումով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները լինելու են զեկուցողների դերում, սակայն գերազանցապես ներակայացնելու են ոչ թե իրենց, այլ նախորդ կառավարության հեղինակած նախագծերը:

Իսկ այս հանգամանքը կարող է իրականում շատ հետաքրքիր զարգացումների պատճառ դառնալ, երբ, օրինակ, քննարկվող նախագիծն անգամ չպաշտպանի հիմնական զեկուցողը կամ նույնիսկ քննադատել է նախկինում: Օրինակ` մի այդպիսի խնդրի արդեն բախվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որն օրեր առաջ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովում ներկայացնում էր «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որին, սակայն, ինքը դեմ էր: Մասնավորապես, այդ փոփոխությամբ սահմանվում էր, որ այն մանկավարժները, ովքեր չեն համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:
Այդպիսի իրավիճակներ դեռեւս կարող են շատ լինել, քանի որ հիմնական նախագծերը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, իսկ դա նշանակում է, որ քննարկվել են նաեւ նախկինում եւ միգուցե արժանացել ներկայիս ղեկավարների բացասական արձագանքին: Նիստերի օրակարգում ընգրկված է նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի անհրաժեշտությունը բխել է նոր Սահմանադրությունից:
Մասնավորապես, օրենքով սահմանվելու են, թե որոնք են համարվում պետական քաղաքական պաշտոններ: Եվ այստեղ հետաքրքիր իրավիճակի ենք բախվում: Մասնավորապես առաջին հնգյակն այսպիսի տեսքն ունի.
1) Հանրապետության նախագահի պաշտոն,
2) Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն,
3) Վարչապետի պաշտոն,
4) Փոխվարչապետի (առաջին փոխվարչապետի) պաշտոն,
5) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն:
Այստեղ հետաքրքիր է, որ փաստորեն ԱԺ նախագահի կամ փոխնախագահների պաշտոնները չեն առանձնացրել ԱԺ պատգամավորի պաշտոնից, եւ նույնիսկ գրված է վարչապետի պաշտոնից առաջ:
Մինչդեռ նկատենք, որ «Պետական արարողակարգի մասին» օրենքով կանոնակարգվել է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական բուրգի հիերարխիան, այսինքն՝ սահմանված է, թե, ըստ ավագության, որ պաշտոնը որից հետո է: Դա էլ իր հերթին ենթադրում է, թե պաշտոնական արարողությունների ժամանակ պաշտոնյաներն ինչ հերթականությամբ են կանգնելու, մասնակցելու: Ըստ այդ օրենքի` արարողակարգային ավագության հետեւյալ հերթականությունն է սահմանված՝
1) Հանրապետության նախագահ.
2) Վարչապետ.
3) Ազգային ժողովի նախագահ.
4) Սահմանադրական դատարանի նախագահ.
5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:
Եվ չնայած վարչապետի ձեռքում են բոլոր լիազորությունները, սակայն երկու օրենքներով էլ առաջնային տեղ է տրված հանրապետության նախագահին:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում, որը քննարկվելու է առաջիկա նիստերի ժամանակ, սահմանված են նաեւ, թե որոնք են համարվում անկախ պետական մարմիններ: Մասնավորապես, անկախ պետական մարմնների անդամների պաշտոններն են՝
1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն
2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոն
3) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոն
4) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոն
Պետական վարչական պաշտոնյաներ են համարվում տեսչական մարմինների ղեկավարները, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալը, Ոստիկանության ղեկավարը եւ նրա տեղակալը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալը, Պետական պահպանության ծառայության պետը եւ նրա տեղակալը եւ այլն:
Նույն օրենքով սահմանված են նաեւ ինքնավար պաշտոններ.
1) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն
2) Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն
4) Վիճակագրական պետական խորհրդի անդամի պաշտոն
5) Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոն
6) Գլխավոր դատախազի եւ նրա տեղակալի պաշտոն
7) Երեւան քաղաքի դատախազի պաշտոն
8) Մարզի դատախազի պաշտոն
9) Կայազորի զինվորական դատախազի պաշտոն
10) Հատուկ քննչական ծառայության պետի եւ նրա տեղակալի պաշտոն
11) Քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոն
Իսկ Հայեցողական պաշտոններ են՝
1) Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն
2) Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ
3) Վարչապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ
4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԲՈՇԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Պարզվում է՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռեւս ապրիլի 20-ին պատասխանել է քաղաքացի Պետրոս Սարգսյանին՝ անձնավորությանը, որ դեռեւս փետրվարին դիմում էր ներկայացրել պաշտպանության արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դեմ: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՊՆ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում դրամահավաքի կոչով էր հանդես եկել: Օգտատերերի կողմից նախարարի կոչը միանշանակ չէր ընկալվել. Պետրոս Սարգսյան անունով օգտատերը նախարարի գրառման տակ գրել էր. «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշայության ձեւ է»: «Բոշան դու ես»,- ի պատասխան` ասել էր Վիգեն Սարգսյանը: Իհարկե, կարճ ժամանակ անց Վիգեն Սարգսյանը հեռացրել էր իր գրառումը, բայց դե դրանով հարց չլուծվեց. եղածը եղած էր:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ էթիկայի հանձնաժողովից հետաքրքրվեց, թե ինչ արդյունք է առկա դիմումի առնչությամբ: Հանձնաժողովի անդամ Էդգար Շատիրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե քաղաքացուն իրենք պատասխանել են դեռեւս ապրիլին եւ առ այսօր բողոք չեն ստացել: Նրա խոսքով` քաղաքացի Սարգսյանը ընդամենը նախկին նախարարից հրապարակային պարզաբանում է պահանջած եղել, ինչն էլ, էթիկայի հանձնաժողովի անդամի խոսքով, Վիգեն Սարգսյանը արել է դեռեւս մարտին razm.info կայքին տված հարցազրույցում, հետեւաբար, հանձնաժողովը հարցը փակված է համարել եւ համապատասխան գրությունն էլ ուղարկել:

 

 

ՀԱՍԱՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կրթության եւ գիտության նախարարությունում այժմ լայն թափով ստուգումներ են ընթանում: Ընդ որում` մենք տեղեկացանք, որ ստուգումներն ավելի շատ վերաբերում են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ նախարար աշխատած տարիներին, եւ փորձ է արվում վեր հանել հենց այդ ժամանակվա թերությունները եւ պարզել, թե ինչ չարաշահումներ են եղել ՀՀԿ-ական նախարարի օրոք: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մանրամասներ չհայտնելով, հաստատել է, որ նախարարությունում ակտիվ ստուգումներ են եւ նաեւ այդ տարիներին վերաբերող: Սակայն մեր տեղեկություններով` ստուգումներն այսքանով չեն ավարտվելու, եւ առաջիկայում այդ կառույցում ստուգումներ կիրականացնի նաեւ Պետական վերահսկողական ծառայությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշեց, թե այս պահի դրությամբ ոչ մի ստուգում չեն արել, քանի որ դեռ իրավասություն չունեին, բայց չհերքեց, որ նախարարությունն առաջնահերթություններից մեկն է լինելու:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ Է
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկվանից վերադարձել է աշխատանքի: «Արդեն լավ եմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում առողջական վիճակի վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց ռեկտորը: Նա նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ այն պայմաններում, երբ ուսանողները ճնշում են գործադրում իր նկատմամբ: Հիշեցնենք, որ նրա առողջական վիճակը վատացել էր իր հրաժարականի պահանջով «ԵՊՀ ռեստարթ» նախաձեռնության անդամների բողոքի ցույցի ժամանակ:

 

 

ՆԵՂԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին: ArmLur.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, թե իրենք հորդորել են Սիմոնյանին հետ վերցնել այդ դիմումը: «Ես կարծում եմ, որ մեր գործընկեր Մերուժան Սիմոնյանը կընդունի մեր հորդորը եւ հետ կվերցնի պատգամավորական մանդատից հրաժարվելու իր դիմումը: Հիմա չեմ ցանկանում այլ բան ասել. յուրաքանչյուր կուսակցությունում էլ լինում են փոքր խնդիրներ, բայց Սիմոնյանը մեր ամենաառանցքային անդամներից է, եւ ես շատ պետք է հորդորեմ նրան օրենքով սահմանված կարգով հետ վերցնել դիմումը»,-նշել է նա: Դիտարկմանը` մամուլում հրապարակում եղավ, թե նեղացվածության պատճառը Սյունիքի մարզպետի պաշտոնը չստանալն է, Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Մերուժան Սիմոնյանը երբեւէ պաշտոնի կռիվ չի արել, ես դա Ձեզ վստահեցնում եմ»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Մերուժան Սիմոնյանի թեկնածությունը քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնում, սակայն արդյունքում նրա փոխարեն այլ անձ նշանակվեց` ի դեմս Կարեն Համբարձումյանի:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԱԺ-ՈՒՄ
Կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին հունիսի 19-ին ժամը 11-ին գումարել արտահերթ նստաշրջան: Օրակարգը զեկուցել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

 

 

10 ԴՐԱՄՈՎ
Երեկ կառավարության նիստին ՀՀ Էներեգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնել է, որ Էլէկտրաէներգիայի սակագների վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Նրա խոսքով` դրանք պայմանավորված են Ատոմակայանի երկարաձգման աշխատանքների հետ. «Պատմության մեջ չի եղել, որ այս կարգով կանգնի: Ռիսկեր կան ժամկետից ուշ վերագործարկման վերաբերյալ: Այդ առումով սակագնի վրա կարող է ունենալ մեծ ազդեցություն: Մենք մինչեւ այս տարվա վերջ Ռուսաստանի հետ ունենք պայմանավորվածություն, որ սահմանի վրա 150 դոլար գնով ենք ներմուծելու գազը, որը դրանից հետո պետք է վերանայենք: Մեր հաշվարկներով եկել ենք եզրահանգման, որ ունենք եզրակացություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրվող էրելտրաէներգիայի սակագինը»,-ասել է նախարարը:

 

 

ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Նախօրեին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գեւորգ Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




Լրահոս