ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը երեկ արտահերթ նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ այդմ` 1974թ. հետո ծնված բոլոր քաղաքացիները այս հուլիսի 1-ից յուրաքանչյուր ամիս իրենց եկամտից 2.5 տոկոս կփոխանցեն կուտակային կենսաթոշակային համակարգին:

Կառավարության արտահերթ նիստի անցկացման եւ օրակարգում այս հարցի ներառման մասին հայտնի դարձավ առավոտյան, եւ մինչ նախատեսված ժամն օրենքի այս ձեւով փոփոխման դեմ հանդես եկող քաղաքացիները հավաքվել էին կառավարության դիմաց իրենց ձայնը բարձրացնելու համար:
Սակայն ամեն ինչի մասին հերթով. այժմ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է քաղաքացին, 5 տոկոսը՝ պետությունը: Օրինակ՝ 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն` անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների` ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։ Եվ այժմ նոր կառավարության անդամները կարծիք են հայտնում, որ համակարգին արդեն իսկ անդամակցող, ինչպես նաեւ նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որն էլ հանրության հիմնական մտահոգությունն է:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, թե համակարգի ամբողջական ներդրումը կարեւոր է՝ հաշվի առնելով այն փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Նշենք, որ այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Եվ որքան էլ հիմավորման մեջ նշվում է, թե այս կերպ նաեւ կբարձրանա հուսալիությունը ներդրումային իրավիճակի համար, սակայն կառավարության նիստում եւ շենքի դիմաց երեկ լարված իրավիճակ էր, նիստն էլ չանցավ առանց բանավեճի. ընդ որում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծին կողմնակից էր, իսկ ահա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը՝ դեմ:
Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց. «Անարդար կլիներ հետաձգել կուտակայինի պարտադիր բաղադրիչը նրանց հանդեպ, ովքեր 2014-ից արդեն միացել էին համակարգին։ Նրանց եկամուտները մոտ հինգ հազարով կավելանան, համակարգին նոր միացողներինը գրեթե այդքանով կնվազի։ Սա ժամանակավոր է` մինչ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը։ Սա նուրբ հարց է, մենք վստահության խնդիր չունենք, բխում է մեր քաղաքացիների երկարաժամկետ շահերից: Սա այն լուծումն է, որ բխում է պետական, քաղաքացու երկարարաժամկետ շահերից: Կարծում եմ, որ 207 հազար քաղաքացիները գոհ կմնան, եւ ութսուն հազար քաղաքացիները ըմբռնումով կմոտենան»:
Օրենսդրական այս փոփոխությունը վեճի առիթ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Վերջինս համաձայնեց, որ սա ամենադժվար կայացվող որոշումներից մեկն է, վարչապետի բացատրություններն ընկալելի են ներկա պայմաններում, սակայն հայտարարեց՝ անհրաժեշտ է, որ հասարակության մոտ ձեւավորվի համոզմունք, որ այս համակարգը լավն է, եւ մասնակիցներն իրենք գնահատեն: Նա հայտարարեց, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ՝ կողմ չի քվեարկել պարտադիր կուտակային համակարգին, եւ այս դեպքում էլ դեմ է այն տարբերակին՝ հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է, սակայն նշեց, որ շատ ավելի լավ լուծում կարելի էր բերել:
Վարչապետը հիշեցրեց, որ իրենք գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում. «Մենք այստեղ կառավարության նիստում ենք, խորհրդարանական ընդդիմություն չենք: Այդ հարցերը, որ դուք բարձրացնում եք, մեր լիազորությունների տիրույթում են: Ես՝ որպես վարչապետ, եւ կառավարությունը՝ որպես կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում ենք: Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր այս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
Սակայն այս համակարգին միայն Արծվիկ Մինասյանը չէ, որ դեմ էր: Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա էր ընթանում շենքի դիմաց: Ակցիայի նախաձեռնողը Լեւոն Հարությունյանն էր: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենք պահանջում են հետաձգել հուլիսի 1-ից պարտադիրի ներդրումը եւ որեւէ եզրակացության հանգել միայն իրենց հետ քննարկումներից հետո: Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրենքում նախատեսված փոփոխությունները բավարար չեն եւ չեն փակում այն եզրույթները, որ մարդկանցից պարտադիր գումար են վերցնելու, եւ չի փակում հետագայում շեմերի բարձրացումը 2020 թվականից:
Երեկ տեղի ունեցած դեպքերն, ըստ էության, կարող ենք համարել առաջին լուրջ անհամաձայնությունն ու առճակատումը Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության անդամների, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների միջեւ: Որքան էլ Փաշինյանի որոշումը տրամաբանական լինի (քանի որ ՀՀԿ-ական կառավարությունը ժամանակին այնպիսի համակարգ է ներդրել, որ տարիներ անց դրանից ետդարձի ճանապարհը վտանգավոր կլինի հենց պետության համար), միեւնույն է, այն հասարակությանը հասցնելու, դրա անհրաժեշտությունը բացատրելու ուղղությամբ ոչինչ չի արվել: Դեռ ավելին` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մինչ այդ ասել էր, թե հնարավոր է մասնավոր սեկտորի համար պարտադիր բաղադրիչի կիրառումը կրկին հետաձգվի: Բայց ահա տեղի ունեցավ ճիշտ հակառակը. օրենքը, միեւնույն է, պարտադիր կիրառելու են, պարզապես, մի փոքր այլ համամասնությամբ:
Մինչ այդ նկատենք, որ երեկ տեղի ունեցածը ՀՀԿ-ի սրտով է, երբ քաղաքացիներն իրենք են անհամաձայնություն հայտնում իրենց առաջադրած վարչապետին: Սակայն միեւնույն ժամանակ հենց վերջիններս չեն հասկանում, որ հենց նախկին իշխանությունների քաղաքականությունն ու ներդրված ծրագրերն են պատճառը, որ լայն եւ արագ փոփոխություններ այնքան էլ հնարավոր չեն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՎԵՐԺ ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մյուս հանձնաժողովներից հատկապես տարբերվում է կազմում ընդգրկված այնպիսի ՀՀԿ-ական պատգամավորներով, ովքեր մշտապես բացակայում են, իսկ լիագումար նիստերին էլ գալիս են միայն կոճակ սեղմելու համար: Խոսքը Արկադի Համբարձումյանի, Արտակ Սարգսյանի եւ Աշոտ Արսենյանի մասին է: Նրանք վեցերորդ գումարման խորհրդարանի կազմավորման առաջին իսկ օրվանից չեն մասնակցել այս հանձնաժողովի նիստերին, եւ դեռ նախորդ տարի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ այդ անձինք պետք է զրկվեն աշխատավարձի մի մասից բացակաների համար: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ ներկայացրել է ապրիլին տեղի ունեցած նիստի բացականերին, որոնք հենց այս երեքն են եղել, սա էլ նշանակում է, որ նրանց աշխատավարձերից կրկին պահումներ կկատարեն, եթե չապացուցվի, որ պատգամավորները հարգելի են բացակայել: Նշենք, որ մինչ այժմ այս հանձնաժողովի անդամ էր նաեւ Արայիկ Գրիգորյանը, ով սակայն հեռացվեց կազմից եւ այժմ հանդիսանում է տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ եւ կրկին բացակայում արդեն այդ նիստերից:

 

 

ԱՆԱԿՆԿԱԼԻ ԵՆ ԵԿԵԼ
ՀՀ կառավարությունը ամեն ինչ անում է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական դաշտ բերելու համար: Ավելին` քննարկումներ են ընթանում գազի ներտնային սպասարկման ծառայությունը արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ ներառելու շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գազի ներտնային սպասարկումը ԱԻՆ-ին փոխանցելու մասին տեղեկությունը նախարարության աշխատակիցները երեկ են իմացել եւ անակնկալի են եկել: Մյուս կողմից` լուրջ մտահոգություններ ունեն «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատողները, քանի որ նրանք այս ամենի արդյունքում կարող է եւ գործազուրկ դառնան: Իսկ ծառայությունը ԱԻՆ-ին փոխանցելու արդյունքում հաստիքներ, հետեւաբար հավելյալ ծախսեր կառաջանան: Արդյոք ԱԻՆ-ը կընդունի «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատողներին, ժամանակը ցույց կտա: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ծառայությունը ԱԻՆ-ին փոխանցելու շուրջ քննարկումների արդյունքները հայտնի կդառնան հունիսի վերջին:

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Մոսկվա կմեկնի հունիսի 13-ին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Մոսկվայում կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը եւ կդիտի առաջին` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը: Նշենք, որ այդ այցի ժամանակ նախատեսված չէ Փաշինյանի առանձին հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, չնայած չի բացառվում, որ նրանք ֆուտբոլային հանդիպումը միասին դիտեն:

 

 

ՏՆՏԵՍԱԳԵՏԻ ՀԵՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության` տնտեսական ոլորտի մի շարք պատասխանատուներ տեսակոնֆերանս են ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձեւաչափերը: Տնտեսագետը կարեւորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտուցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երեւույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը: «Ներկա կառավարության գործունեության արդյունքում քաղաքացիները զգում են իրենց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շատ մարդիկ Հայաստանում այս պահին իսկապես ոգեւորված են, իսկապես ուզում են լինել քաղաքականության մաս»,- ասել է Դարոն Աճեմօղլուն եւ պատրաստակամություն հայտնել ցանկացած ձեւաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման եւ բարեփոխումների իրականացման գործում:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Ն. Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հետ հետագայում եւս կծավալվի սերտ համագործակցություն, ինչը կնպաստի տարբեր ծրագրերի հաջողությամբ իրականացմանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Մեղրիի մաքսային անցակետի արդիականացման ռազմավարության մշակման աշխատանքները: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հնարավոր օժանդակությունը եւ քննարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը եւ այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:




Լրահոս