ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԸՆՏՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում տարաձայնություններ են: Բանն այն է, որ ԲԴԽ անդամներն իրարամերժ կարծիք ունեն վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հարցում: Այդ պատճառով երկու ընտրություն կայացավ, սակայն երկու ընտրության դեպքում էլ այդպես էլ ներկայացված թեկնածուներից որեւէ մեկը չկարողացավ ստանալ առավելագույն ձայն, որպեսզի ներկայացվի Ազգային ժողով:

Դեռեւս մայիս ամսին գրել էինք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահի ընտրությունների համար թեկնածուներ ներկայացնելու ժամկետը ԲԴԽ-ն սահմանել էր մայիսի 25-ից մինչեւ մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածը, իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար կռիվ տվող թեկնածուներն իրենց անունները պետք է ներկայացնեին հուլիսի 2-ից հուլիսի 7-ը:
Եվ ահա այս ժամանակացույցը դատական համակարգում դարձավ խիստ մտահոգության առիթ: Չնայած այն բանին, որ Բարձրագույն դատական խորհուրդը հստակ սահմանել էր ժամանակացույցը, իրավիճակ փոխվեց: Մասնավորապես ներքին հրահանգ էր իջեցվել մարզային դատարանների նախագահների ընտրությունը հետաձգել եւ արագ կազմակերպել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը: Բանն այն է, որ ԲԴԽ-ի կողմից հաստատված ժամանակացույցով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունն ընկնում էր հուլիս ամսին, որը համընկնում է ամառային արձակուրդների ընթացքի հետ:
Ավելին` եթե մյուս դատարանների նախագահների ընտրությունը իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի դեպքում պատկերը այլ է: Ըստ Դատական օրենսգրքի` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը:
Այսպիսով, դատական համակարգին ներքին հրահանգ էր իջեցվել, որ միգուցե հուլիս ամսին Ազգային ժողովը գնա արձակուրդ, եւ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը հետաձգվի, ուստի դատական համակարգին հրահանգել էին թողնել մյուս դատարանների նախագահի ընտրությունը եւ մայիս ամսին Ազգային ժողով ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին եւ արագ կազմակերպել նախագահի ընտրությունը:
2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաեւ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն:
Գաղտնի քվեարկության արդյունքներով` ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ.
Ասատրյան Համլետ – 2, Անտոնյան Սուրեն – 1, Ավանեսյան Վարդան – 0, Ավետիսյան Սերժիկ – 2, Բարսեղյան Արտակ – 0, Դանիելյան Ելիզավետա – 0, Դրմեյան Մամիկոն – 0, Թադեւոսյան Լիլիթ – 0, Խունդկարյան Երվանդ – 2, Հակոբյան Գոռ – 2, Միքայելյան Ստեփան – 1, Պետրոսյան Տիգրան – 0, Պողոսյան Արթուր – 0, Տավարացյան Նախշուն – 0, Օհանյան Սամվել – 0:
Արդյունքում՝ դատավորները հավաքում են հավասար թվով ձայն, եւ երկրորդ փուլ են անցնում Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը:
Երկրորդ փուլում էլ իրավիճակը չի փոխվել: Երկրորդ փուլի արդյունքներով` թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացել է 3 ձայն, Սերժիկ Ավետիսյանը՝ 4 ձայն: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ որոշում կայացրած դատավոր Ավետիսյանը հավակնում էր դառնալ վճռաբեկ դատարանի նախագահ, սակայն նրա բախտը այստեղ էլ չի բերում, քանի որ դատավորը առնվազն պետք է հավաքի ԲԴԽ անդամներից 6 ձայն, որպեսզի կարողանա ԲԴԽ-ի կողմից որպես վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ներկայացվել Ազգային ժողով: Ուստի ստացվում է, որ երկրորդ փուլը եւս ձախողման մատնվեց, եւ Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն:
Ասել է թե` Բարձրագույն դատական խորհուրդի անդամների մոտեցումները նախագահի թեկնածուների նկատմամբ հնարավորություն չեն տալիս ընտրել վճռաբեկ դատարանի նախագահ:
Ի դեպ, հիշեցնենք, որ առավել ձայն հավաքած դատավոր Սերժիկ Ավետիսյանը մինչեւ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր էր: 2010 թվականին նա` որպես նախագահող դատավոր, քննել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործը` վերջինիս կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով` առաջին ատյանի վճիռը թողնելով անփոփոխ, իսկ ահա առաջին ատյանի դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել 7 տարի ժամկետով:
Սակայն, չնայած իրավիճակին, դատական համակարգում Սերժիկ Ավետիսյանի նշանակումը նախագահի պաշտոնում չեն բացառում:
Բանն այն է, որ Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քենակալն է` կնոջ քրոջ ամուսինը: Նրանք նաեւ համաքաղաքացիներ են, ուստի դատական համակարգում չեն բացառում, որ միգուցե այս հանգամանքը որոշակի կերպով ազդի նախագահի պաշտոնում նրա նշանակման վրա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒ ԴԱՏԻ ՉՏԱՍ

Երեկ, ՀՀ կառավարության որոշմամբ, Հատուկ քննչական ծառայության պետ նշանակվեց Սասուն Խաչատրյանը` 6 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին դատախազն էր: Նա եղել է նախկին պաշտոնատար անձանց տները թալանած բանդայի գործով դատախազը, սակայն աշխատանքից ազատվեց Գեւորգ Կոստանյանի դատախազության օրոք: Դեռեւս 2016 թվականին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազությունում կադրային ջարդ էր սկսել եւ ազատվում էր իրեն ոչ ցանկալի կադրերից: Արդյունքում, դատախազության համակարգում աննախադեպ կադրային ջարդ տեղի ունեցավ, եւ մոտ երեք ամսում շուրջ 100 դատախազներ դիմում գրեցին, ազատվեցին: Եվ ահա ազատվածների թվում էր ներկայիս ՀՔԾ պետը՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը: Գրել էինք, որ Ս. Խաչատրյանը անձնական դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Իսկ ի՞նչն էր եղել նրա ազատման պատճառը: Պարզել էինք, որ Սասուն Խաչատրյանն այս քայլին գնացել էր բարձր թոշակ ստանալու համար: Չնայած Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատվել էր հանուն բարձր թոշակի, սակայն նշենք, որ նա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանի կադրերից է, իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները այդքան էլ լավ չեն: Ու դա առաջին դեպքը չէ, որ Գեւորգ Կոստանյանը համակարգից հեռացնում էր Հրաչյա Բադալյանի կադրերին:
Եվ ահա 2 տարի անց Սասուն Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ: Ի դեպ, վերջինիս հայրը Արաբկիրի դատարանի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նախկին դատավոր Մհեր Խաչատրյանի հետ հետաքրքրվելու համար, թե իր որդուն որ արժանիքի համար են նշանակել Հատուկ քննչական ծառայության պետ, եւ, առհասարակ, որդին կկարողանա պատասխանատվության կանչել պաշտոնատար անձանց, որոնք մինչ այս մնացել են անպատիժ:
-Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս վերաբերվեցիք այն որոշմանը, որ Ձեր որդին նշանակվեց Հատուկ քննչական ծառայության պետ: Ըստ Ձեզ` նա կկարողանա՞ արդարացնել ՀՀ նորանշանակ վարչապետի պահանջները:
-Ես դեռ բանի մեջ եմ… Իհարկե, ծանր աշխատանք է, պետք է անի, եթե որոշել է, թող աշխատի:
-Ըստ Ձեզ` ո՞ր արժանիքի համար իրեն նշանակեցին այս պաշտոնում:
-Երեւի աշխատասիրության:
-Բոլորին հայտնի է, որ Հատուկ քննչական ծառայությունը քննում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավվածության քրեական գործերը, սակայն այս տարիների ընթացքում մշտապես ամբաստանյալի աթոռին են հայտնվել պաշտոնատար անձանց տեղակալները կամ ինչ-որ բաժնի պետեր, իսկ ահա ղեկավարները մնացել են անպատիժ: Որպես նախկին դատավոր` Ձեր որդին կկարողանա՞ նախկին պաշտոնյաներին կանչել պատասխանատվության:
-Դա իրեն հարցրեք, ես ի՞նչ կարող եմ ասել:
-Որպես դատարանի նախկին նախագահ` ի՞նչ խորհուրդ եք տվել Ձեր որդուն:
-Դեռ չեմ տվել, բայց անպայման կտամ:
-Կկիսվեք` ի՞նչ խորհուրդ եք պատրաստվում տալ:
-Կասեմ` կյանքում, տղա ջա՛ն, անմեղ մարդու դատի չտաս:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՅՐԱՊԵՏՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Գրիգորի Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ է նշանակվել:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Գրիգորի Հայրապետովին նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ գնդապետ, նախկինում Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Հայրապետովն առաջին բաժնի պետն էր, որը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թվականից մինչ այսօր: Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների եւ հիմա էլ 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Երեկ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարներն անդրադարձել են 2017թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ նախօրեին ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Արցախի միջեւ շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները` շեշտելով, որ դրանք անընդունելի եւ անպատասխանատու քայլեր են` ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը:




Լրահոս