«ՊԱՐՈ՛Ն ՓԱՇԻՆՅԱՆ, ՀԱՆԿԱՐԾ ՄԵԶ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԵՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների, քաղաքացու սպասելիքների եւ արվեստի ոլորտում ձեւավորված ճամբարների մասին զրուցել է դերասան Լեւոն Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Դուք այն դերասաններից եք, որոնք հեղափոխության ժամանակ ժողովրդի շարքերում էին, եւ այն ժամանակ հստակ արտահայտեցիք Ձեր դիրքորոշումը: Հիմա ի՞նչ տպավորություններ ունեք ներկայիս իրավիճակից:
-Ես տարիներ շարունակ իմ հարցազրույցների ժամանակ նշել եմ, որ անհրաժեշտ է հեղափոխություն առանց զոհերի: Փա՛ռք Աստծո, դա եղավ: Չահազանգել մեր խնդիրների մասին չէի կարող: Հիմա իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, բայց կա վախ, որովհետեւ ուզում ենք այն հաղթանակը, որ գրանցեց ժողովուրդը, շարունակական լինի: Ամեն օր մտածում եմ՝ ուր ենք գնում, ղեկավարության ամեն քայլ անալիզ եմ անում, բայց քնելուց առաջ ինքս ինձ ասում եմ` համբերի՛ր: Կցանկանամ՝ այն բարձր նշաձողը, որ դրել ենք, խելոք լինենք եւ կարողանանք պահել: Կուզեմ հրապարակում հնչած խոստումների 70 տոկոսը իրականանան: Այն հպարտությունը, որ ապրեցինք, ստիպում է, որ ես չխոսեմ, օրինակ, 50 տոկոսի մասին, այլ 70-ի:
-Հայտնի է, որ արվեստի ոլորտում տարիների ընթացքում ձեւավորվել են իշխանականների, ընդդիմադիրների ճամբարներ: Երբ Դուք արտահայտեցիք Ձեր դիրքորոշումը եւ միացաք ժողովրդական շարժմանը, անձնական թշնամանք Ձեր նկատմամբ որեւէ մեկը դրսեւորե՞ց, կամ եղա՞ն արհեստական խոչընդոտներ Ձեր կարիերայում:
-Դա իմ որոշումն էր, եւ ոչ ոք իրավունք չունի արգելքներ դնել իմ առջեւ: Իհարկե, որոշակի արգելքներ նախկինում դիրքորոշմանս համար իմ առջեւ դրվել են, բայց հիմա՝ ոչ: Ի դեպ, նախկինում ճիշտ խոսելը համարվում էր հերոսություն: Մի շրջան ես այդ ճիշտ խոսողների թվում էի, բայց հետո հասկացա, որ դրա փոխարեն պետք է ուղղակի գործել: Ինչ վերաբերում է ճամբարներին, ես չեմ խառնվում դրանց: Գիտեմ միայն, որ մեր ասպարեզը մեծ փոփոխությունների կարիք ունի, գիտեմ նաեւ, որ ասպարեզն այդ փոփոխություններին պատրաստ չէ: Այսօր արվեստագետը վախենում է սոված մնալուց: Շատերը, այդ թվում՝ ես, կարող ենք այդ փոփոխությունների արդյունքում աշխատատեղ կորցնել, բայց պետք է հասկանանք, որ դա արվում է գլոբալ փոփոխության համար: Գուցե ինձ հայհոյեն, բայց այն կարծիքին եմ, որ դոտացիայով երկու-երեք թատրոն պետք է պահել, իսկ մյուսներին պետք է հնարավորություն տալ ինքնուրույն գոյատեւել: Այդ փոփոխություններն այնպես պետք է անել, որ կոլեգաներս դրանք ճիշտ ընկալեն:
-Այսօր ի՞նչ մտավախություններ ունեք:
-Մի բանից եմ շատ վախենում՝ խաբվելուց: Եթե մեկ անգամ եւս այս ժողովրդի հավատի հերն անիծեցին, ոչ ոքի չեմ ների: Դիմում եմ Ձեզ, պարո՛ն Փաշինյան, խնդրում եմ` հանկարծ մեզ հուսախաբ չանեք:
-Հեղափոխությունից հետո ի՞նչն է փոխվել Ձեր շրջապատում:
-Կային մարդիկ, որոնք անընդհատ մտածում էին երկրից դուրս գնալու մասին: Այսօր այդ թեման իրենց մոտ մղվել է վերջին պլան: Իմ հայրենակիցը հասկանում է, որ իր ետեւում աստիճանաբար պետություն է ձեւավորվում: Զիլ բան է, երբ մարդ զգում է քաղաքացի լինելու ուժը: Այսօր եւ վաղը արդեն անպայման հաշվի կնստեն ժողովրդի հետ, որովհետեւ կարող են պատկերացնել, թե այս ժողովուրդն ինչի է ընդունակ:
-Մի փոքր էլ անձնականից խոսենք: Որքանով տեղյակ եմ, Ձեր որդին ցանկանում է Ձեր ասպարեզ մուտք գործել. նա մտադիր է ռեժիսոր դառնալ: Այս առնչությամբ մտավախություններ ունե՞ք: Ուրա՞խ եք նրա ընտրության առիթով:
-Իհարկե, ունեմ վախեր: Ես իրեն ասել եմ. «Կա՛մ պիտի լինես լավը, կա՛մ ոլորտում պիտի չլինես»: Ամեն դեպքում, նրա կողքին կլինեմ, թեկուզ որ եթե նա ունենա անկում, պատճառաբանեմ, թե ինչու դա եղավ: Մի ժամանակ որդիս ուզում էր խոհարար դառնալ. այնքան էի ուրախացել, բայց հետո, չգիտես ինչու, հրաժարվեց այդ մտքից:
-Հիմա ի՞նչ մեծ ցանկություն ունեք:
-Մի նպատակ ունեմ. ուզում եմ այն, ինչ սկսել է մեր ժողովուրդը, հասցնի մի կետի, որից հետո կասի. «Ինչ լավ է, որ այս ամենը տեղի ուենցավ»: Ազգս սպասողական փուլում է, ուզում եմ ամեն բան լավ ընթանա, որպեսզի էլի ապրեմ այն հպարտությունը, որն ապրեցի հեղափոխության ժամանակ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ ՄՏՔԻՑ ՀԵՏ Է ԿԱՆԳՆԵԼ

«Հեղափոխությունից ընդամենը օրեր առաջ բրոքեր էր եկել, տունս նայել էր, այն դրել էի վաճառքի, քանի որ որոշել էի վերջնական մեկնել Հայաստանից, բայց ամեն բան կտրուկ փոխվեց: Երբ թավշյա հեղափոխությունը սկսեց ծիլեր տալ, ես ակտիվ կերպով մասնակցեցի պրոցեսներին, եւ, փառք Աստծո, ստացվեց այն, ինչ ստացվեց: Ու հիմա մտափոխվել եմ, գոնե առայժմ չեմ վաճառում տունն ու մտադիր չեմ Հայաստանից գնալ»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Գնել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին իր՝ որպես քաղաքացու անհրաժեշտությունը հայրենիքում շատ կա. «Նախկինում ուզում էի գնալ արտերկիր, որպեսզի այնտեղից օգտակար լինեմ Հայաստանին, բայց հիմա չեմ կարողանում գնալ, ինձ թվում է՝ եթե գնամ, դավաճանած կլինեմ հայրենիքիս»,-մեկնաբանեց Գնելը:
Ամիսներ առաջ դերասանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ցավ էր հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանում ոչ ոք չգիտեր եւ չէր նշում նախագահ Սերժ Սարգսյանի ծնունդը: Հիմա արդեն երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որի պայմաններում ազգովի նշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը. «Դա այն էր, ինչի մասին միշտ երազում էի: Հիմա մնում է միասնական լինենք, որպեսզի մեր ձեռք բերածը պահպանենք»,-ասաց դերասանը:
Նա այժմ կայուն աշխատանք չունի, նկարահանումների չի մասնակցում, թատրոններ մուտք գործելու ցանկություն չունի, քանի որ, իր խոսքով, այդ կառույցներում դեռ դրական զգալի տեղաշարժեր չեն գրանցվել. «Հիմա զբաղվում եմ հանդիսավարությամբ, բայց չէի ուզենա այս գործի մեջ մխրճվել: Ի վերջո, ես դերասան եմ եւ ուզում եմ արվեստին առնչվող պրոցեսների մասնակիցը լինել, դրանով գումար վաստակել, ինքս ինձնից գոհ լինել, որ ինչ-որ մնայուն բան արեցի: Միայն այդ դեպքում ինձ լիարժեք մարդ կզգամ: Հուսամ՝ առաջիկայում կստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնց դեպքում իմ սպասելիքներն իրականություն կդառնան»,-եզրափակեց Գնելը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԾՆԿԻ ՎՆԱՍՎԱԾՔ
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն Կրասնոդարում տեղի ունեցած մարզումն ավարտել է ժամանակից շուտ: Վերջինս ձախ ծնկահոդի վնասվածք է ստացել: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ բնույթի վնասվածքի մասին է խոսքը: Նշենք, որ Իսպանիայի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Խմբային փուլում իսպանացիների մրցակիցները կլինեն Պորտուգալիան (հունիսի 15), Իրանը (հունիսի 20) եւ Մարոկկոն (հունիսի 25):

 

 

ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔ
Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի հավաքականների միջեւ Երեւանում կայանալիք խաղի տոմսերի վաճառքը կմեկնարկի հունիսի 12-ից: Տոմսերի արժեքը 5000-ից 25.000 դրամ է: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Նախնական տվյալներով` հանդիպմանը մասնակցելու են հետեւյալ աստղերը` Ռիվալդո, Հերնան Կրեսպո, Գաբրիել Բատիստուտա, Դիդա, Կաֆու, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիո, Պաոլո Մալդինի, Յուրի Ջորկաեֆ, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկով, Դեմետրիո Ալբերտինի, Լյուդովիկ Ժուլի, Կախա Կալաձե, Ռայան Գիգս եւ այլք: Նշենք նաեւ, որ հուլիսի 6-ից 8-ը Երեւանի Ազատության հրապարակում կանցկացվի ֆան-գոտի:




Լրահոս