ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՇԿԱՆԴՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակազմին ներկայացրեց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին:

Վարչապետը նախ մի քանի դիտարկում կատարեց` ՀՔԾ գործունեության հետ կապված, ապա հույս հայտնեց, որ ծառայությունը կիրականացնի իր առջեւ դրված բոլոր գործառույթները. «Ուզում եմ մի քանի դիտարկում անել` ՀՔԾ գործունեության հետ կապված. օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, եւ հաջորդ ամենակարեւոր գործառույթը ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են: Այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարեւորությունը, որ ունի Հատուկ քննչական ծառայությունը մեր կյանքում եւ ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում..: Ես ուզում եմ, որպես Հայաստանի ժողովրդի վստահությամբ Հայաստանի վարչապետ դարձած մարդ, հայտարարել հետեւյալը` այն, ինչ մենք հայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում: Ինչ նկատի ունեմ, երբ որ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ: Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը, եւ ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր այդ գործառույթը»:
Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր նաեւ գործարարների նկատմամբ իշխանության ճնշումների մասին մեղադրանքներին. «Բոլորն ասում են, որ գործարարներին իշխանությունը ճնշում է, բայց ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին ՀՀ վարչապետը հրավիրել է ու ասել. «Հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ, ինչ ճամպրուկներով, ինչ եք բերել Բաղրամյան 26, այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից: Հարցրել եմ՝ եղե՞լ է նման բան, ասել են՝ եղել է: Ես ասել եմ` դուք ազատված եք այդ պարտավորությունից»:
«Ժողովուրդ» օրաթերթը Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա հանձնարարական է տվել ՀՔԾ պետին զբաղվել իր այս հայտարարությամբ, մասնավորապես թե ովքեր են եղել այն գործարարները, որոնք Սերժ Սարգսյանին «նալոգ» են տվել, ի պատասխան` վարչապետն ասաց. «Գիտեք, ես չեմ կարծում, թե պետք է մեկ հարցով զբաղվի, Հատուկ քննչական ծառայությունը բոլոր հարցերով պետք է զբաղվի»: Մեր այն պնդմանը՝ կոնկրետ այս հարցով պե՞տք է զբաղվի, վարչապետը չպատասխանեց:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ գործունեության մասին զրուցեց Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, նախ ցանկանում ենք իմանալ` ըստ Ձեզ, ո՞ր արժանիքի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ձեզ նշանակեց Հատուկ քննչական ծառայության պետ:
-Կարծում եմ, որ այն հետագիծը, որ թողել եմ իրավապահ մարմիններում աշխատելու ժամանակահատվածում, ձեր հարցի պատասխանն է:
-ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կոչված է քննելու պաշտոնյաներին առնչվող քրեական գործերը:
-Ոչ միայն, ոչ միայն, նաեւ հատուկ սուբյեկտների հետ կապված:
-Շատ բարի, բայց փորձը, ինչպես նաեւ տարիների ընթացքում քննված քրեական գործերի ընթացքը ցույց են տվել, որ մինչ այս որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանատվության չեն կանչել: Հիմա, օրինակ, Դուք կկարողանա՞ք պատասխանատվության կանչել ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, շարունակեմ թվել, մասնավորապես երեք քրեական գործ կա Հատուկ քննչական ծառայությունում քննության փուլում, որտեղ բոլորին հայտնի է, որ հիմնական հրահանգողը եղել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը:
-Ուրեմն այս պահին ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց հավատացած եղեք` որեւէ կաշկանդվածություն որեւէ անձի հետ կապված չկա:
-«Սասնա ծռերի» գործով կալանքի տակ հայտնված Արթուր Սարգսյանը, որը հանրությանը առավել հայտնի էր Հաց բերող անունով, իրավապահների թեթեւ ձեռքով մահացավ, Դուք` որպես ՀՔԾ նորանշանակ պետ, պատրաստվո՞ւմ եք պատասխանատվության կանչել այն դատախազներին, քննիչներին, որոնք նրա մահվան պատճառը դարձան:
-Եկեք, նախաքննությունը թող իր հունով ընթանա, հա՞, Հաց բերողի գործով զարգացումներ կլինեն, դուք բոլոր զարգացումներից տեղյակ կլինեք:
-Ի վերջո, քիչ առաջ նաեւ ՀՀ վարչապետից հետաքրքրվեցինք, իր հայտարարության մասին Ձեզ հանձնարարական տվել է: Վարչապետը ասել էր. «Բոլորն ասում են, որ գործարարներին իշխանությունը ճնշում է, բայց ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին ՀՀ վարչապետը հրավիրել է ու ասել. «Հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ, ինչ ճամպրուկներով, ինչ եք բերել Բաղրամյան 26, այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից: Հարցրել եմ՝ եղե՞լ է նման բան, ասել են` եղել է: Ես ասել եմ` դուք ազատված եք այդ պարտավորությունից»: Վարչապետի այս հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին, դուք պատրաստվո՞ւմ եք գնալ վարչապետի հայտարարության հետքերով:
-Ես դա չմեկնաբանեմ, հա՞, հիմա:
-Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված:
-Պարզապես հիմա չմեկնաբանեմ, հա՞:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՈՒՌՃԱՑՎԱԾ ԹՎԵՐԸ
Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարների տեղակալները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ուսումնասիրություն է իրականացվում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարների տեղակալների կողմից յուրացված ավտոբենզինի մասով:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ՀՀ ՊՆ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել է, որ զորամասի հրամանատարի տեղակալներին ամրակցված 2 ծառայողական ավտոմեքենաների համար 2015-2017թթ. ընթացքում լրացվել եւ ձեւակերպվել են իրականում չկատարած երթերի վերաբերյալ ուղեգրեր, դրանցում զետեղվել են ակնհայտորեն ուռճացված, ինչպես նաեւ անորոշ երթուղիների վերաբերյալ տեղեկություններ: Արդյունքում, միայն հիշյալ երկու ավտոմեքենաների շահագործման վերաբերյալ կազմված ուղեգրերով նշված ժամանակահատվածում հավելագրվել է ավելի քան 26.500 կմ, որի համար ծախսագրվել է ավելի քան 3,5 տոննա ավտոբենզին: Վերոհիշյալ փաստերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը, մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու եւ հետագա ընթացքը լուծելու համար ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն:
Ստացվում է, որ զորամասի պաշտոնատար անձինք իրենց ղեկավարներին ցույց են տվել, թե իբր գործ են անում, հրամանատարի ծառայողական մեքենաներով տարբեր տեղեր են գնում, սակայն արդյունքում ոչինչ էլ չեն արել: Իսկ երբ բանը հասել է այնտեղ, որ վերջիններս պետք է կատարած աշխատանքի մասին կոնկրետ փաստաթղթերում նշումներ կատարեն, վերջիններս սկսել են ստեղծագործել, թե այստեղ են գնացել, այնտեղ են գնացել, ուռճացված թվեր են ներկայացրել կատարած երթեւեկության մասին, սակայն ոչինչ էլ չեն արել:
Չի բացառվում, որ մի շարք հրամանատարների, նրանց տեղակալների այսօրինակ գործելաոճի հետեւանքով էր, որ քառօրյա պատերազմի ժամանակ հայտնի դարձավ, որ մի շարք զրահատեխնիկաներ չեն աշխատել: Ստացվում է, որ զորամասի հրամանատարական կազմը իր պարտականությունների մասով ոչինչ չի արել, ինչի արդյունքում վատնում է պետության կողմից հատկացված ավտոբենզինը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյոմ Մխոյանին ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակելու մասին: Նարեկ Բաբայանը նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ: Նշանակվել են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ: Նրանք են` Արսեն Մանուկյանը, Զարուհի Բաթոյանը եւ Արման Ուդումյանը: Առնակ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ, իսկ Հակոբ Հակոբյանը` ՀՀ ԱՆ գլխավոր հարկադիր կատարող: «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հկ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ է նշանակվել Կնյազ Սարոյանը: Գառնիկ Պետրոսյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
2016թ. «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը երեկ հետաձգվել է: Դատարան չէր ներկայացել այս գործով ամբաստանյալ, քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Վերջինս դիմում էր գրել դատարանին` նշելով, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկա գտնվել այսօրվա նիստին: Նշենք, որ դատարան չէր ներկայացվել նաեւ Նորատուսցի Ալիկը: Դատավոր Նելլի Բաղդասարյանի փոխանցմամբ` Ալիկ Բանդուրյանին հնարավոր չի եղել ներկայացնել դատարան նախնական տվյալներով վատառողջ լինելու պատճառով: Դատական նիստը երկու շաբաթով հետաձգվել է: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 26-ին:

 

 

«ԴԱՎԱՅ, ԴԱՎԱՅ»
Երեկ Կոմիտասի անվան պանթեոնում վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ հավաքվածների թվում էր նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը` Շմայսը: ArmLur.am-ի հարցին, թե ինչ պատասխան ունի Նիկոլ Փաշինյանին, որն ասել էր, որ թրաշելու է իր գլուխը, Առաքել Մովսիսյանը խուսափել է պատասխանել: Նա միայն կրկնել է. «Դավայ, դավայ ստուց»:




Լրահոս