ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈԼՈ՞ՐՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Միայն թե, նկատենք, նոր սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում նախագահի լիազորությունները բավական հստակ են կարգավորված, եւ այդ կարգավորումների մեջ որեւէ բառ չկա արտաքին քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու, ըստ այդմ՝ ԼՂ բանակցային գործընթացով զբաղվելու մասին: Այս լիազորությունները պատվիրակված են ՀՀ վարչապետին ու կառավարությանը: Ու որքան էլ իշխանությունները փորձեն արդարանալ՝ ասելով, թե համանախագահներին ընդունելն արարողակարգային բնույթ էր կրում, որեւէ ետին միտք չկա, միեւնույն է, համոզիչ չի հնչում: Համոզիչ չի հնչում թեկուզ եւ այն պատճառով, որ նույն Արմեն Սարգսյանը խոսում էր սահմանադրությամբ նախագահի լիազորությունների ավելացման մասին: Եւ հետո մեկ փաստ էլ. պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չի ասվում նաեւ այն մասին, որ այդ հանդիպման համար նա լիազորություն է ստացել ՀՀ վարչապետից կամ առնվազն, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է: Զավեշտալի էր նաեւ կադրերում տեսնել դռան մուտքի մոտ թաքնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը չգիտես՝ ինչու եւ ինչ լիազորությամբ է մասնակցում այդ անհասկանալի հանդիպմանը:

 

 

Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը երեկվա դրությամբ կազմել է 1500 հոգի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: «Այդքանը գրանցված է: Բայց դեռ աշխատանքներն ընթանում են, մոտ օրերս հստակ պատկերը կունենանք»,- ասել է Թադեւոսյանը: Հարցին, թե ՀՀԿ-ն լքածների մեջ կան տարածքային կառույցների ղեկավարներ բացի Վարդենիսի կառույցի արդեն նախկին ղեկավար Վ.Խլոյանից, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը նշեց. «Մեկ, երկու հոգի էլ կան, բայց նրանք ոչ թե ղեկավարներ են, այլ ղեկավարների տեղակալներ: Ընթացքում անընդհատ շարժ է լինում, մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն ասում են»: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 1-ի համարում հրապարակել էր, որ ՀՀԿ-ից 600 անձ դուրս է եկել: Փաստորեն, երկու շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնողների թիվը եռապատկվել է: Մեկ փաստ էլ. 1500 հոգին հեռացել է՝ գրավոր դիմում ներկայացնելով, բայց շատ ավելի մեծ թիվ են կազմում քաղաքացիները, որոնք հեռացել են ՀՀԿ-ից առանց պաշտոնական այլեւայլությունների:

 

 

 

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԼՂ խնդրում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանը, բնականաբար, չի ցանկանում նման փոփոխություն: Դեռ ավելին՝ այս օրերին արցախաադրբեջանական զորքերի շփման գծում զորքերի կուտակում է նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին խնդրել է մեկնաբանել իրավիճակը: «Հավանաբար այդ պատճառն էլ կա, բայց դա չի կարող միակ բացատրությունը լինել։ Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը եւ ամեն մի առիթ օգտագործել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ զորքերի ու ռազմական տեխնիկայի կուտակման համար: Այս հանգամանքը բացահայտ մարտահրավեր է, որը պետք է մտահոգի ոչ միայն հայկական կողմերին, այլեւ համանախագահ երկրներին ու բոլոր այն կառույցներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային կայունությամբ ու խաղաղությամբ»,- ասել է պարոն Ղուլյանը մեր թերթին տված բացառիկ հարցազրույցում։

 

 

 

Այս օրերին ՀՀ դատարանները մեկը մյուսի հետեւից ազատ են արձակում քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերով կալանքի տակ գտնվող անձանց: Հատկանշական է փաստը, որ մինչեւ թավշյա հեղափոխության հաղթանակը նույն այդ անձանց ազատ արձակելու՝ պաշտպանների բոլոր միջնորդություններին մեղադրող դատախազներն առարկում էին, դատարաններն էլ, բնականաբար, մերժում: Սակայն հիմա՝ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, դատախազները, ընդհակառակը, համաձայնում են միջնորդություններին: Ու սա այն դեպքում, երբ բուն քրեական գործերով որեւէ բան չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը դատախազների վերաբերմունքի փոփոխության պատճառների մասին հարցում էր ուղարկել: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ այսպես է պատասխանել. «Ձեր կողմից նշված գործերով խափանման միջոցների վերաբերալ մեղադրողների դիրքորոշումները հստակ արտահայտվել են դատական նիստերի ժամանակ համապատասխան միջնորդությունների կապակցությամբ նրանց արտահայտված հիմնավորումներում»: Միայն թե անկեղծորեն խոստովանենք՝ դատախազները որպես հիմնավորում որեւէ լուրջ փաստարկ չեն նշել:

 

 

 

ԵԹԵ ԻՍԿԱՊԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՆ
Հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղաքացիներին խնդրելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել իրենց այդ առթիվ հարուցված քրեական գործը բացահայտելու նպատակով:
Հուսանք՝ ՀՔԾ-ն այս հայտարարությունը տարածել է հանցագործություն իրապես բացահայտելու նպատակով, այլ ոչ թե քրեական գործը կոծկելու համար, ինչպես արվել է տասը տարի շարունակ: Չէ՞ որ կարող են արդարանալ, թե իրենք իսկապես ուզում էին գործը բացահայտել, բայց արի ու տես, որ քաղաքացիները չարձագանքեցին իրենց կոչին ու չներկայացրին լրացուցիչ փաստեր:
Իսկ եթե ՀՔԾ-ն իսկապես ցանկանում է բացահայտել մարտի 1-ի սպանդը, ապա ձեռքի տակ արդեն իսկ ունի բավական մեծ թվով ապացույցներ: Ու հետազոտելով քրեական գործի նյութերը՝ կարող է պարզել, թե մնացած ապացույցները որտեղից կարելի է ձեռք բերել:
Ի վերջո, մարտի 1-ի գործի քննությունը պետք է սկսել՝ ուսումնասիրության առարկա դարձնելով այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները, երբ հատուկջոկատայինները, ամենակոպիտ կերպով խախտելով օրենքը, հարձակվել էին խաղաղ նստացույց անցկացնող քաղաքացիների վրա, բռնությամբ ցրել ցույցը: Պետք է քննության առարկա դարձնել այն հանգամանքը, որ հետո հենց ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներն էին զենք, մետաղյա ձողեր տեղադրել Ազատության հրապարակում՝ կեղծ ապացույցներ ստեղծելով քաղաքացիների վրա քրեական գործ հարուցելու համար: Պետք է քննության առարկա դարձնել նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանության աշխատակիցները քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքներ էին տալիս, կեղծ ընթերակա հանդես գալիս: Հետո արդեն կարելի է անցում կատարել մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձություններին, երբ արդեն սպանվեց 10 քաղաքացի: Համացանցը ողողված է այդ օրվա մասին տեսանյութերով ու լուսանկարներով: Ու կարելի է հերթով հարցաքննության կանչել այդ միջոցառումներին մասնակցած իրավապահներին կամ առնվազն՝ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Այդպես կարելի է իմանալ՝ ով, ինչ հրահանգ է տվել, մանավանդ՝ մամուլում արդեն իսկ ոմանք սկսել են հարցազրույցներում բավական թափանցիկ ակնարկներ անել: Ու, վերջապես, պետք է լրջորեն քննության առարկա դարձնել նախկին փաստահավաք խմբի զեկույցները զոհերից մի քանիսի մահվան հանգամանքների մասին, նաեւ ԶՈՒ-ն ներքաղաքական իրադարձություններին մասնակից դարձնելու մասին: Այդ զեկույցներում բավական հարուստ տեղեկություններ կան, մնում է դրանց հետքերով գնալ:




Լրահոս