«ՄԵՐ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ ՇԱՏ «ԼԱՑԱԿՈՒՄԱԾ» ՎԻՃԱԿ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գործնական նորությունների, շոու-բիզնեսում տիրող իրավիճակի, անձնական կյանքում ունեցած ժամանակի կորստի եւ օր օրի մեծացող պահանջների մասին զրուցել է երգչուհի Աննա Խաչատրյանի հետ։ Նա նշել է, որ տղամարդու ընտրության հարցում իր համար հստակ չափանիշներ գոյություն չունեն, բայց ընտրյալը պետք է լինի իրենից կիրթ եւ զարգացած մեկը, որպեսզի նրա հետ իր համար հետաքրքիր լինի։

-Աննա, Դուք Ձեր վերջին տեսահոլովակը թողարկեցիք հոկտեմբերին։ Հիմա ի՞նչ նորություններ եք պատրաստում հանդիսատեսի համար։ Օրինակ՝ դուետ առաջիկայում սպասե՞նք։
-Դեռ չգիտեմ՝ հաջորդիվ ինչ նորություն եմ մատուցելու հանդիսատեսին, բայց կարծում եմ` հետաքրքիր գործ կանեմ։ Ինչ վերաբերում է դուետին, ասեմ, որ, այո՛, անակնկալ եմ պատրաստում։ Պլանավորում եմ հանդիսատեսի դատին հանձնել շատ սիրված երգչի հետ զուգերգ։ Այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի։
-Որպես հնաբնակ` շոու-բիզնեսում տիրող ներկայիս իրավիճակն ինչպե՞ս կբնութագրեք։ Ի՞նչ տպավորություններ ունեք։
-Իմ առաջին բեմելը 1996 թվականին էր, դրանից հետո որոշակի դադար ունեցա, ապա 2001-ին բուռն գործունեությամբ «ներխուժեցի» շոու-բիզնես, այնպես որ այնքան էլ հնաբնակ չեմ (ծիծաղում է)։ Ինչ վերաբերում է մթնոլորտին, ցավով պետք է արձանագրեմ, որ մեր շոու-բիզնեսում շատ «լացակումած» վիճակ է, որակի եւ ճաշակի առումով բավական ցածր նշաձող է դրվել, ու քանի գնում, այն իջեցվում է։ Այդ պատճառով շատերը չգիտեն՝ ինչ երգեն, որ իրենց եսը չկորցնեն եւ միաժամանակ իրենց արածի մեջ որակի նշույլներ լինեն։ Միշտ պայքարել եմ որակի համար ու հիմա չգիտեմ՝ ինչու այս աստիճան մակարդակի անկում գրանցվեց։ Դա երեւի հեռուստաընկերությունների կոմերցիոն դառնալու հետեւանքն էր։ Ով կվճարի, նրա տեսահոլովակն էլ կհայտնվի եթերում։ Իսկ վճարողները շատ են, չվճարողների համար էլ ժամանակ եւ տեղ չի մնում։ Այնքան նոր դեմքեր են հայտնվել եթերում, որ հասկանում եմ՝ ոչ ոքի չեմ ճանաչում։ Շատ վատ է, որ արդյունքում երկար ճանապարհ անցած արտիստները մնում են ստվերում։ Սա անհասկանալի իրավիճակ է։ Ես չեմ բողոքում, փաստ եմ արձանագրում։
-Այսինքն՝ Ձեզ երբեմն ավելորդ եք զգո՞ւմ այդ միջավայրում։
-Անընդհատ եմ ինձ ավելորդ զգում։ Շոու-բիզնեսում անելիք չունեմ, քանի որ իմ երաժշտությունը, որը ծանրակշիռ է, իրենից ինչ-որ բան է ներկայացնում, այլեւս հետաքրքիր չէ լայն զանգվածներին։ Ժողովրդի ընդհանուր մակարդակն է անկում ապրել։ Դա միայն մեր ոլորտին չի վերաբերում։
-Վերջին երկու ամսում երկրում իրավիճակ է փոխվել։ Ի՞նչ հույսեր եք կապում նոր կառավարության հետ։
-Ինչպես ասում են, հույսը վերջինն է մահանում։ Միշտ էլ մտածել եմ, որ մեկը կգա, դրական փոփոխություններ կբերի իր հետ։ Քաղաքականությունից շատ հեռու եմ, նախընտրում եմ քիթս չմտցնել մի ոլորտ, որից գլուխ չեմ հանում, եւ դեմքի լուրջ արտահայտությամբ դատողություններ չանել։
-Երկար տարիներ է՝ համալրում եք ցանկալի հարսնացուների շարքը։ Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ գրավի Ձեզ։
-Չկա նման «բաղադրատոմս» կամ կոնկրետ չափանիշ։ Բայց իմ ընտրյալի կողքին ես պետք է հանգիստ եւ պաշտպանված զգամ։ Պետք է վստահ լինեմ, որ թիկունքիս ունեմ մեկին, ով միշտ կարող է օգնել, ճիշտ խորհուրդ տալ ինձ։ Նա պետք է լինի ինձնից զարգացած եւ կիրթ, որպեսզի իր հետ ինձ համար հետաքրքիր լինի։ Իսկ այդպիսի տղամարդու գտնելն այսօր մեծ խնդիր է։
-Անձնական կյանքում կորուստներ ունեցե՞լ եք։
-Այո, ունեցել եմ ժամանակի կորուստ՝ շփվելով մեկի հետ, ով իմը չէր։
-Բծախնդի՞ր եք։
-Որքան մեծանում ես, կյանքի փորձ ես ձեռք բերում, մեծանում են նաեւ պահանջներդ ինչպես դիմացինի, այնպես էլ ինքդ քո անձի նկատմամբ։ Քանի գնում, դժվարանում է ճիշտ մարդու ընտրելը, հուսով սպասում եմ՝ գուցե մեկը հայտնվի հորիզոնում։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԱՏԱՂ՝ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ»

«Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվել է զինվորական միավորման «կոմպլեկտ»՝ գուլպայից մինչեւ զինամթերք, դեղորայք եւ սնունդ։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ նախապատրաստվում էր զինված հեղաշրջում ռեժիմի ռեստավրացիայի նպատակով։ Կարծում եմ, որ նման պահեստները բազմաթիվ են եւ դեռ կհայտնաբերվեն Հայաստանի ամբողջ տարածքում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք պահելու գործին:

Նրա խոսքով՝ դպրոցականների նամակները լուռ վկաներն են հրեշային անբարոյականության այնպիսի դրսեւորման, որն իր հակամարդկային ցինիզմով գերազանցում է նույնիսկ Օսվենցիմի ոսկե ատամի շապիկներով լի արկղերի փաստերին. «Սա, կարծում եմ, մարդկության պատմության մեջ այսուհետ ներկայանալու է որպես «բացառիկ» զազրելի օրինակ։ Բարոյական պատասխանատվությունը Մանվելի հետ կիսում են Հանրապետական կուսակցությունն ու Երկրապահ կամավորական միությունը։ Առավել արդիական եմ համարում լյուստրացիան։ Պահը հասունացել է»,-շեշտեց պարոն Արծրունին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այն արձագանքին, թե իրենք չգիտեին եւ չէին պատկերացնում, որ Մանվել Գրիգորյանը թաթախված է նման պատմություններում, պարոն Արծրունին պատասխանեց. «Եթե գիտեին, ապա առաջինը գիտեին հենց ՀՀԿ-ականները, որոնք հիմա նախընտրեցին կուսակցական մատաղ անել իրենց գաղափարական գործընկերոջը։ Սա իրենց պարագայում երեւի ընդունված նորմատիվ է եւ արդեն ծիսական բնույթ է կրում, եթե վերհիշենք այդ պահին իրենց կոալիցիոն գործընկերոջ՝ Ծառուկյանի հետ եղած հայտնի պատմությունը։ Բնականաբար դժվար է հավատալ նրանց կուսակցական ապրումների անկեղծությանը»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՏԻՏՂՈՍԸ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուկրաինայի ներկայացուցիչ Արտյոմ Դալլաքյանը (17-0, 12 նոկաուտ) պաշտպանել է չեմպիոնական գոտին: Նրա մրցակիցը Թաիլանդի ներկայացուցիչ Սիրիչաի Թայենն էր (50-4, 35 նոկաուտ): Կիեւում տեղի ունեցած մենամարտում Դալլաքյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով` առաջին անգամ պաշտպանելով տիտղոսը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Դալլաքյանը չեմպիոն էր դարձել այս տարվա փետրվարին` ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Բրայան Վիլորիային:

 

 

ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է
Եգիպտոսի բնակիչ Մահեր Էսամը, որը մասնագիտությամբ դերասան էր, մահացել է իր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Ուրուգվայի թիմի միջեւ խաղից անմիջապես հետո: 38-ամյա Էսամի մոտ հավաքականի պարտությունից հետո գլխուղեղի ներքին արնահոսություն է եղել, նա կոմայի մեջ է ընկել ու մահացել: Նրա խաղընկեր Շերիֆ Իդրիսը հայտնել է, որ Էսամի գլխուղեղի զարկերակը պայթել է, քանի որ նա չափից ավելի բուռն է արձագանքել պարտությանը: Դրանից հետո դերասանն իր ֆեյսբուքյան էջում նախազգուշացրել է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց չդիտել ֆուտբոլային խաղերն ու զսպվածություն դրսեւորել իրենց հույզերի արտահայտման հարցում:

 

 

ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի բացառել, որ 40-ամյա Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է վերադառնալ հավաքական: «Մենք իհարկե մեծ խնդիրներ չունենք դարպասապահի դիրքում: Բոլոր տղաները հիանալի են խաղում, եւ ես եւս 2 դարպասապահներ ունեմ, որոնք պահեստային են: Մենք բոլոր ֆուտբոլիստների հետ հույսեր ենք կապում, սակայն պետք է մտածել նաեւ ապագայի մասին: Փորձառու ֆուտբոլիստները կարող են օգնել երիտասարդ հավաքականին: Բուֆֆոնը եթե ցանկանա, հավաքականի դռները բաց են նրա համար»,-ասել է Մանչինին:




Լրահոս