ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի մոտ

Երեկ գյուղացիները կաթով լի մեքենաներով ՀՀ կառավարության շենքի դիմաց էին: Նրանք դժգոհում էին կաթի մթերման ցածր գնից: Ավելի վաղ գյուղացիները հանդիպել էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ: Գյուղացիների խոսքով` վերջին երկու ամիսների ընթացքում կաթի մթերման մեկ լիտրի գինը վերամշակող ընկերությունները 60 դրամով նվազեցրել են` 200 դրամից դարձնելով 140 դրամ: Կան ընկերություններ, որոնք մեկ լիտր կաթը գնում են 90-100 դրամով: Գյուղացիները հայտնել են, որ եթե գործադիրը հարցին լուծում չտա, ապա իրենք երկուշաբթի կաթով բեռնված մեքենաներով գալու են կառավարության շենք եւ անվճար կաթ են բաժանելու շարքային քաղաքացիներին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ինչպե՞ս կարելի է վերականգնել, ինչպես նաեւ բարելավել հողերի կառուցվածքը:

Համլետ Պետրոսյան (58 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հողի կառուցվածքի վերականգնման բնական պրոցեսների վրա երկրագործության մեջ մարդը ներգործում է ագրոտեխնիկական ու մելիորատիվ միջոցառումներով: Կարեւոր դեր է կատարում ցանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական մշակաբույսերի ճիշտ հաջորդականությունը: Կառուցվածքի լավացման համար լավ գործոն է բակլազգի խոտաբույսերի ու հացազգիների հետ նրանց խոտախառնուրդների ցանքը: Կառուցվածքի քայքայումը կանխող, որոշ չափով նաեւ լավացնող միջոցառում է պարարտանյութերի օգտագործումը, հողի մշակության տարբեր եղանակները, հատկապես հողի ֆիզիկական հասուն փուլում, երբ այն հեշտ է մշակվում ու լավ է փշրվում, մինչդեռ գերխոնավ ու չոր հողի մշակության դեպքում կառուցվածքը քայքայվում է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պահանջվում է նաեւ օրգանական նյութերի ավելացում հողին, որպեսզի չունենա հակառակ ազդեցություն եւ, հատկապես, չնվազի հողում հումուսի պարունակությունը:

 

 

ՀԱՐՑ. Եթե անձն ունի 2-րդ կարգի հաշմանդամություն, ապա ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ նա 2-րդից դառնա 3-րդ կարգի հաշմանդամ: Այսինքն` ի՞նչը կարող է պատճառ դառնալ ավելի ցածր խումբ սահմանելու կամ հաշմանդամ չճանաչելու համար:

Հասմիկ Գրիգորյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման, «հաշմանդամություն» հասկացությունը սահմանվում է որպես փոփոխման ենթարկա հասկացություն: Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրին համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել: (Հիմք` Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամների բժշկական, բժշկամասնագիտական եւ սոցիալական վերականգնումն իրականացվում է վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, որը մշակվում եւ հաստատվում է բժշկաաշխատանքային փորձաքննության հիման վրա բժշկաաշխատանքային փորձաքննությանը մասնագիտացված պետական ծառայության մարմինների կողմից, հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշենք, որ հաշմանդամ քաղաքացու համար վերականգնման անhատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ:
Վերականգնման անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների կոնկրետ ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական օգնության ձեւերը, ինչպես նաեւ կենսագործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների տեսակները, որոնց տրամադրման եւ ֆինանսավորման կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից:




Լրահոս