ԵՍ ԵՐԲԵ՛Ք ՉԵՄ ԼԻՆԻ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այժմ առաջացել է նաեւ կառույցի հետագա ճակատագրի հարցը։ Այս օրերին ազատամարտիկների տարբեր կառույցներ քննարկումներ են անցկացնում՝ ամեն մեկն իր հերթին տարբերակներ առաջարկելով։ Ազատամարտիկներից շատերը ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնում են ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ։
-Պարո՛ն Միքայելյան, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներից հետո` այս օրերին, բարձրացնում են կառույցի հետագա ճակատագրի հարցը։ Դուք ինչպե՞ս եք տեսնում միության հետագա դերն ու ճակատագիրը։
-Ես երկրապահի հետ կապված իմ տեսակետն արտահայտել եմ, բայց ուզում եմ ավելի ստույգ խոսեմ։ Իմ անձնական կարծիքով` ԵԿՄ-ն Վազգենի գլխավորությամբ նրա օրոք ամենամեծ դերակատարությունն ունեցավ մարտական գործողությունների ժամանակ, այլ հարց է, որ Վազգենից հետո՝ խաղաղության օրերին ԵԿՄ-ի դերն ու նշանակությունը աղավաղվեց եւ դերակատարությունը ճիշտ չլուսաբանվեց: Այսօր ինձ թվում է՝ ամեն ինչ պետք է անցնի պետական վերահսկողության տակ, որ վերջ տրվի գումար հայթայթելուն, անիմաստ խոսելուն, թե ինչ է եղել, ուր է հասել։ Ես այդպես եմ մտածում։
-«Ազատամարտիկների դաշինքը» ակտիվ քննարկումներ է սկսել տարբեր միությունների հետ, որոշել են ԵԿՄ-ում նոր համագումար անցկացնել եւ դառնալ կառույցի նոր ղեկավարություն։ Դուք սա սխալ մոտեցում եք համարո՞ւմ։
-Ես չգիտեմ՝ ով է ուզում ղեկավարի, բայց ԵԿՄ-ն հիմնել է Վազգեն Սարգսյանը։ Ես մի առիթով էլ իմ ելույթում ասել եմ, որ այն ժամանակ երկրապահը ձեւավորվելիս վարչությունը կազմված է եղել 11 հոգուց. Վազգեն Սարգսյան, Արկադի Տեր-Թադեւոսյան, Աստվածատուր Պետրոսյան, Հովսեփ Հովսեփյան, Նորիկ Դանիելյան (Մարտակերտի հրամանատար), Սամվել Հովսեփյան՝ Ադմիրալ, Ալբերտ Բազեյան, Արայիկ Խուդավերդյան՝ կոռնիձորի Արոն, Սիմոն, մեկին չեմ հիշում եւ ես։ Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դառնա պատերազմ անցած մարդկանց ակումբ, պետք է մշակվի նոր կանոնադրություն, ակումբը պետք է ունենա մոտ հազար եւ ավելի նոր կամավորականներ, որոնք ժամանակ առ ժամանակ անցնեն մարտական պատրաստվածություն եւ ակտիվ մասնակցություն ունենան մարտական գործողություններին: Այն մարդիկ, ովքեր մնացել են հետին պլանում, պետք է արժեւորենք, ապագա սերնդին ցույց տանք, թե ով էր դասալիք, ով էր հերոս։ Այսօր պատերազմ անցած տղաներ կան, որ իրոք քայլող լեգենդներ են, սակայն մի տեսակ անտեսված: Եղել է դու ինձ, ես քեզ հոգեբանություն, մրոտել են մարդկանց անունները, ովքեր չեն հնազանդվել իրենց։
-Եթե այս փուլում Ձեզ առաջարկ լինի դառնալ ԵԿՄ նախագահ, ինչպե՞ս կվերաբերվեք, քանի որ այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ հենց Ձեզ են տեսնում այս պաշտոնում։
-Ես Երկրապահի միության անդամ եղած ժամանակ հնարավորինս իմ ներդրումն եմ ունեցել` ԵԿՄ-ի զարգացման, մարդկանց ճիշտ գնահատման, պատերազմ անցած տղաների գործունեության ճիշտ ներկայացման գործում, եւ Սպարապետից հետո ես դուրս եկա ԵԿՄ-ից, որովհետեւ տեսնում էի, որ անիմաստ է: Այս Երկրապահն այն ԵԿՄ-ն չէ, որ պետք է լիներ։ Ես ասել եմ իմ տեսակետը՝ ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ։ Եթե խելոք լինենք, ինչպես նշեցի, ԵԿՄ-ն պետք է դառնա պատերազմ անցած վետերանների ակումբ, շարունակի պետական ֆինանսավորում ստանալ եւ այն տղաները, որ իսկապես պատերազմ են անցել եւ անտեսված են մնացել, մեծարելու ձեւ գտնենք։ Մեր աչքի առջեւ խեղաթյուրվում է պատմությունը, եւ այնպիսի մարդկանց մասին է գրվում, ովքեր կենդանի թուրք չեն տեսել պատերազմի դաշտում, կամ մասնակից էլ չեն եղել պատերազմին, բայց հերոսացել են։ Սա է իրականությունը:
-«Ազատամարտիների դաշինքի» կողմից Ձեզ առաջարկ եղե՞լ է։ Պատրա՞ստ եք նրանց հանդիպել եւ քննարկել ԵԿՄ-ի հետագա ճակատագիրը։
-Ես պատրաստ եմ իրենց հետ հանդիպելու, բայց ոչ այն հարթության վրա, որ ես լինեմ ԵԿՄ նախագահ։ Իսկ իմ առաջարկների հետ կապված պատրաստ եմ իրենց հետ նստել, զրուցել, լսել իրենց առաջարկները եւ ընդհանուր հայտարարի գալ։ ԵԿՄ-ն ամենամեծ դերակատարում է ունեցել պատերազմի դաշտում։ Մենք պետք է կարողանանք նորմալ ներկայացնել հանրությանը. նրանց անունները, գործած սխրանքները պետք է գրվեն դասագրքերում, ճանաչողական նյութեր պետք է տարածվեն, որպեսզի երիտասարդ սերունդը իմանա, թե ովքեր են մերօրյա հերոսները: Իսկ ի՞նչ է տեսնում այսօրվա սերունդը. տեսնում են` պատերազմ անցած մարդուն սոցիալապես ծանր վիճակում, ընկճված, անհիմն դատված, հալածված… Այս դեպքում մեր նոր սերունդը ինչ ոգով պետք է դաստիարակվի: Ահա թե որն է ԵԿՄ-ի գլխավոր առաքելությունը հիմա եւ որը պետք է լինի ապագայում:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԻՆՉԻ՞ ԵՆՔ ԱՅՍՔԱՆ ՀԱՆԵԼ ՈՒ ՄԵԿԻՑ ԳՑՈՒՄ

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ առկա բացահայտումների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:

-Պարո՛ն Ղուկասյան, Դուք ԵԿՄ անդամ եք: Ինչպե՞ս եք գնահատում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները:
-Յուրաքանչյուր հայորդի երկրապահ է: Ես այդպես կարկառուն չեմ գնացել, եկել, շփվել, բայց յուրաքանչյուր հայ էլ պիտի լինի, երկրապահ նշանակում է` երկիրը պահող: Շատ ցավով եմ նայում, որ ազգային հերոսն ինչ-որ տուշոնկա, քաղցր կաթ… Ամոթ եմ զգում, ես ամաչում եմ, այդքան բան: Ու իր նկատմամբ էլ շատ ցավով եմ նայում, որ այսպես վախճան ունենա ազգային հերոսը: Իսկ արարքը խայտառակություն է, չեմ էլ ուզում քննարկել, դնել, վերցնել:
-Հերոսը կարո՞ղ էր իրեն նման բան թույլ տալ:
-Բա ինչի՞ ենք տվել, ինչի՞ ենք այսքան հանել ու մեկից գցում: Մենք ենք մեղավոր, բոլորս: Եթե բարձրացնում են այդքան, ուրեմն գիտենան` ում են բարձրացնում, ոնց անեն: Հիմա էլ մեկից տապալենք, վերջացնենք, կախենք: Բերեք կախենք, սպանենք, վերացնենք: Էդ էլ չեմ ընդունում հիմա: Չեմ ընդունում եւ էդ արարքը, որ խայտառակություն է, ամոթ է: Ես չգիտեմ, չեմ էլ պատկերացնում: Մինչեւ էսօր նայում եմ, ուղեղիս մեջ չի… Ես իրոք շատ ցավով եմ խոսում: Ուզում եմ մի հատ էլ իրեն լսենք, ես ուզում եմ լսել էդ մարդուն,ինքն ինչ է ասում: Միայն մենք բոլորս մեղադրում ենք, բայց մի հատ էլ տեսնենք` ինքն ի՞նչ կասի:
-Այսինքն` կադրերը Ձեզ համար դեռ լիովին համոզիչ չե՞ն:
-Դե կադրերը… մի հատ էդ մարդը չգա, ասի` ինչի համար է իր տանը գտնվում էդ ամեն ինչը: Ուզում եմ ես իրոք լսել:
-Այս իրավիճակում չի բացառվում, որ այլ անձանց տներ էլ գնան ստուգման: Դուք ինքներդ վախ ունե՞ք, քանի որ ժամանակ առ ժամանակ ասում էին, որ Գյումրիում կրակոցներ են հնչում Ձեր կողմից:
-Որ ի՞նչ, որ ի՞նչ… Երբ որ ինձ հետ կապված որեւիցե մի բան է եղել, մենք պատիժը կրել ենք բոլորս, եթե հանկարծ արել ենք: Մենք անձեռնմխելի չենք եղել, Դուք այլ տեղեր պիտի ման գաք: Ես ո՛չ բանակի հետ կապ ունեմ, ո՛չ էլ մյուսի: Փառք Աստծո, իմ ճակատը պարզ ես քայլում եմ:
-Այսինքն` Դուք, Ձեր որդին, հարազատները մտավախություն չունե՞ք:
-Մենք ինչ արել ենք, մեր հանցանքը կրել ենք, ու յուրաքանչյուր մարդ ինչ անում է, թող պատասխան տա օրենքի առջեւ: Ես դրա կողմնակից եմ:
-Ժամանակին Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում էիք տվել: Իսկ ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ մերժեց նրան:
-Գիտեք ինչ, ես տվել եմ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին այն ժամանակ: Քաղաքապետն ինչքան հզոր լինի, առանց երկրի ղեկավարի չի կարող աշխատել: Կառուցել են 17.000 բնակարան Գյումրի քաղաքում եւ դրա համար ստացել են պատվավոր քաղաքացու կոչում: Ու փոշման չեմ եղել ես էն ժամանակ: Դրանից հետո ինչ փոխվեց, ոնց եղավ, ինչ եղավ, հիմա ոնց են մտածում, ինչ են անում, էդ էլ իրենք թող ասեն:
-Այսինքն` չե՞ք զղջում, որ ժամանակին այդ կոչումը տվել եք:
-Ո՛չ, նամանավանդ Ռ. Քոչարյանին:
-Իսկ Ս. Սարգսյանի դեպքում որոշ վերապահումներ կա՞ն:
-Չէ, չկան:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Երեկ ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ վերջինիս հորդորեց ինքնասպանություն կատարել` հայտարարելով. «Մանվելին կփրկի պարանը»: Ու սա այն դեպքում, երբ անձին ինքնասպանության դրդելը քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է. այդ մասին ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 111 հոդվածում` ինքնասպանության հակելը` հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով, անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Թեկուզ եւ ծանր, ամոթալի հանցագործության մեջ մեղադրվող Գրիգորյանին նման հորդորով դիմում է մի մարդ, որն ի տարբերություն գեներալի, չի մասնակցել Արցախյան ազատամարտին` այդ տարիներին զբաղեցնելով Երեւանի կերամիկական կոմբինատի արտադրամասի պետի պաշտոնը: Մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ունի 200 մլն դրամի չափով դրամական միջոց: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ պատգամավորն ունի մեկ բնակարան, անավարտ շինություններ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, երկու հատ հողամաս եւ մեկ հատ PorscheCayenne 3.6 մակնիշի ավտոմեքենա: Պատգամավորը 4 ընկերություններում ունի 85 հազար 100 դրամի չափով բաժնեմաս: Հետաքրքիր է` ինքն ինչպե՞ս է ձեռք բերել այս ամենը:

 

 

1-ԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՔԵՆԱՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տեւական ժամանակ գաղտնի էր պահում: Եւ զարմանալի չէ, քանի որ առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենան մի քանի անգամ աճուրդի հանվելուց հետո վաճառվել է 11 մլն 429 հազար դրամով էժան՝ 17 մլնի փոխարեն ձեռք է բերվել 5.5 մլն դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տվյալ ավտոմեքենան ձեռք է բերել հենց Մանվել Գրիգորյանը, ում երեկ ԱԺ-ում զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Ստացվում է, որ նախկին իշխանությունները նման թանկարժեք եւ քիչ թե շատ շահագործման ենթակա ավտոմեքենաների վաճառքը այսպես իրար մեջ են կազմակերպել:

 

 

ԱՊՏԱԿԵԼ Է
ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը երեկ իր աշխատասենյակից վռնդել է Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տեսնելով իր աշխատասենյակ մտնող Մեսրոպին` Սեյրան Սարոյանը զայրացած հարցրել է. «Էս ի՞նչ արեցիք», իսկ երբ վերջինս պատասխանել է, թե տեղյակ չի եղել, ապտակել է նրան ու վռնդել սենյակից:




Լրահոս