ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումներից հետո փորձ է արվում հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել այս ամենը, ովքեր կարող են լինել նրա մեղսակիցները: Ակնհայտ է, որ Գրիգորյանը միայնակ չի գործել, եւ ինչպես օրեր առաջ նշել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, առջեւում սենսացիոն բացահայտումներ են սպասվում:

Ընդ որում` խոսքը ոչ միայն ԵԿՄ անդամների, գեներալի ընկերների, այլ հենց ընտանիքի անդամների մասին է: Այս առումով բացահայտումներն արդեն սկսվել են, եւ առաջին հերթին իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մանվել Գրիգորյանի կինը` գնդապետ Նազիկ Ամիրյանը: Վերջինս նախ ԱԱԾ-ի տեսանյութը հրապարակելու հենց հաջորդ օրն այցելել է ԵԿՄ, զրուցել այնտեղ ներկաների հետ, ապա նույնիսկ հրահանգներ տվել, որոնց կատարումը սակայն կանխվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից: Մասնավորապես խոսքը հենց ԵԿՄ-ի շենքից «տուշոնկաներ»-ի արկղերը դուրս բերելու մասին է, որոնցով բեռնված ավտոմեքենաները սակայն հայտնաբերվել են:
Եվ արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Գրիգորյանի կինը ոչ միայն տեղյակ է եղել, այլ շատ հարցեր հենց նրա միջոցով են կարգավորվել: Էջմիածնում տարածած տեղեկությունների համաձայն` չի բացառվում նույնիսկ, որ շատ քայլեր արվել են հենց Նազիկի կողմից եւ նույնիսկ առանց գեներալի գիտության: Սակայն այսքանով էլ նրա ընտանիքի անդամների մասնակցությունը չի սահմանափակվում: Պարզվում է` Գրիգորյանի դուստրը` Այծեմնիկ Գրիգորյանը, ոչ միայն տեղյակ է եղել հոր արածներից, այլեւ օժանդակել է նրան: Մասնավորապես, նա, Նազիկ Ամիրյանը, ԵԿՄ անդամ Սեյրան Ղազարյանը, Արմեն Հակոբյանը եւ նաեւ այլ անձինք նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի առանձնատներում ապօրինի կերպով պահել են ռազմամթերք: Բացի այդ, այն տարածքը, որտեղ կրկին պահվել են ռազմամթերք եւ այլ իրեր, պատկանում է «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին, որը փոխկապակցված է հենց գեներալի հետ, իսկ ընկերության տնօրենն էլ հանդիսանում է Մանվել Գրիգորյանի որդին` Արա Գրիգորյանը:
Ստացվում է` ամենաքիչը նրա ընտանիքի երեք անդամ ոչ միայն տեղյակ է եղել Մանվել Գրիգորյանի հափշտակություններից ու յուրացումներից, այլեւ օժանդակել են նրան, ինչը եւս քրեական հետապնդում է ենթադրում: Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ նրա ընտանիքի անդամներից եւս ձերբակալվողներ կլինեն: Իսկ Մանվել Գրիգորյանին օժանդակած անձանցից մեկին էլ` Արմեն Հակոբյանին, նա հրահանգել էր խուզարկության օրը գալ առանձնատուն եւ «ամեն ինչ իր վրա վերցնել»: Մասնավորապես, Գրիգորյանը խուզարկության օրն այլ հեռախոսով կապ է հաստատել որդու` հենց ընկերության սեփականատեր հանդիսացող Արա Գրիգորյանի հետ, հրահանգել է Արմեն Հակոբյանին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր եւ «ամեն ինչ իր վրա վերցնի», եւ դա էլ արագ կատարվել է:
Ընդ որում` պարզվում է` ԱԱԾ-ն վաղուց էր հետեւում Գրիգորյանների ընտանիքի գործողություններին: Դա է վկայում այն հանգամանքը, որ նրանց քայլերին սկսել են հետեւել հունիսի 5-ից, երբ Գրիգորյանն այլ անձանց մասնակցությամբ եւ ընտանիքի հետ սկսել են Էջմիածնում գտնվող առանձնատներում առկա իրերը տեղափոխել Արցախ` Հադրութում գտնվող իր տուն:
Այս օրերին փորձ է արվում ստուգել եւ գտնել Մ. Գրիգորյանի հետ փոխկապակցված այլ անձանց, ընկերներին: Նրա զինակից ընկերներից մեկը` Սեյրան Սարոյանը, երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե տեղյակ չի եղել, եւ զարմացած է իր ընկերոջ արարքների վրա, ով հենց իր ներկայությամբ հայհոյանքներ է տվել բանակից բան գողացողներին. «Ոնց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի»: Մյուս կողմից, նկատենք, Սարոյանն անուղղակի խոստովանել է, որ ոչ միայն Գրիգորյանը, այլեւ շատ-շատերն իրենց տանը զենք-զինամթերք ունեն. «Էդ որ մի երկրապահը չունի…»:
Թե որքանով Սարոյանը կապ կարող է ունենալ այդ ամենի հետ, կբացահայտեն իրավապահները: Առջեւում կբացահայտվի նաեւ կատարվածին Գրիգորյանի օգնականների իմացության ու մասնակցության հարցը: Առաջին հերթին խոսքը հենց Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանի մասին է: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` վերջինս տեղյակ եղել է այդ ամենից եւ նույնիսկ հանդիսացել է այդ ամենի կազմակերպիչը, չնայած վերջինս հերքում է իր մասնակցությունը:
Թե որքանով նա կարող է կապ ունենալ այդ ամենի հետ, դժվար է միանշանակ ասել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` նա նույնիսկ իրավապահ մարմիններին ասել է, թե պատրաստ է վերջիններիս օգնել, տվյալներ հայտնել վերջում մաքուր դուրս գալու պայմանով: Նույն լուրերի համաձայն` Մանվել Գրիգորյանին օգնել են նաեւ ԵԿՄ Շիրակի եւ Տավուշի բաժանմունքների ղեկավարները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի բաժանմունքի ղեկավար Յուրա Ալեքսանյանը ամեն կերպ հերքեց, թե որեւէ բան իմացել է` ասելով, թե ապրիլյան պատերազմի հենց առաջին օրվանից մեկնել է Արցախ եւ այդ իրերի տեղափոխման հետ ոչ մի առնչություն չի ունեցել: «Մենք ինչ իմանանք` ինչ է եղել, ինչ չի եղել, ով է տարել, ով է բերել: Իմ միջոցով ապրանքներ չի փոխանցվել, քանի որ ես այնտեղ եմ եղել: Իմ տեղեկություններով` մեքենաներով բերել են մինչեւ Ղարաբաղ: Չեմ կարող ասել` ոնց, որտեղից, ես չգիտեմ», – նշեց նա` վստահեցնելով, թե ոչնչի մասին տեղյակ չի եղել:
Ուշագրավն այն է, որ ԵԿՄ-ն տարբեր կառույցների կողմից մշտապես մեծ գումարներ է ստացել այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար, սակայն դրանք եւս յուրացվել են: Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունը ԵԿՄ-ին 2016-2018 թվականներին տրամադրել է ավելի քան 190 միլիոն դրամի պարեն, իրեր եւ վառելիք, որը նաեւ ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորների կարիքների համար է եղել: Մանվել Գրիգորյանն իր ղեկավարած կառույցին վերը նշված նպատակներով հատկացված գույքը հափշտակել է, տեղափոխել է իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների համար, եւ կրկին իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար: Եվ խոսքը միայն այս նախարարությանը չի վերաբերում: Գրեթե յուրաքանչյուր տարի ԵԿՄ-ն գումարներ է ստացել նաեւ Կրթության եւ գիտության նախարարությունից: Օրինակ, 2014 թվականին այդ գումարը 60 մլն է կազմել, որը պետք է ծախսվեր աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման համար: Նույն տարի կառույցին էր հատկացվել Հալաբյան փողոցում գտնվող մի տարածք, որի արժեքը 50 մլն էր եղել: Դա անհատույց տրվել է ԵԿՄ Աջափնյակի տարածքին: Նույն թվականին ԵԿՄ-ին է տրվել նաեւ Հարավարեւմտյան Բ2 թաղամասում գտնվող թիվ 87 մանկապարտեզի շենքի գրեթե կեսը:
Ընդ որում` կառույցներին գումարներ են տվել նաեւ տարբեր համայնքներ: Օրինակ, Ծաղկաձորի համայնքապետը նախորդ տարվա դեկտեմբերին, ավագանու որոշմամբ, ԵԿՄ-ին, որպես դրամական աջակցություն, 30 հազար էր տրամադրել զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար: Մասիսի համայնքապետարանը նույնպես ԵԿՄ-ին նույն նպատակով գումար է հատկացրել: Հիմք ընդունելով ՀՀ ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքի նախագահի գրությունը` կազմակերպության ամանորյա միջոցառումներին աջակցելու համար Մասիսի համայնքապետարանն իր բյուջեից 100 հազար դրամ է հատկացրել ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Երեկ խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու միջնորդություններին: Հետաքրքիր է, որ երեկ դատախազին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները ոչ մի հարց չուղղեցին եւ միայն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց իրենց որոշումը՝ չեն խոչընդոտելու նախաքննությանը, կողմ են քվեարկելու դատախազի միջնորդություններին: Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությանը 84 հոգի մասնակցեց, որից 81-ը կողմ էին, 3-ը՝ դեմ: Իսկ արդեն նրան ազատությունից զրկելու միջնորդության քվեարկությանը մասնակցեց 80 պատգամավոր, ու կրկին 3 հոգի էր դեմ, 77-ը՝ կողմ: Բացականեր երեկ շատ կային, այդ թվում` ՀՀԿ-ից: Օրինակ, Կարեն Կարապետյանը, Արման Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Էդուարդ Շարմազանովը: «Ծառուկյան» խմբակցությունից բացակա էին Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Դավիթ Մանուկյանը, Արգամ Աբրահամյանը: Տեղեկացնենք, որ երեկ նախաքննական մարմինը մեղադրանքներ է առաջադրել Մանվել Գրիգորյանին, իսկ արդեն երեկոյան դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը:

 

 

ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՒ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հակառակ հրաժարականին շարունակելու է պաշտոնավարումը: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։ Անցել է մեկ շաբաթ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընդունել այդ հրաժարականը: Արդյունքում Մանե Թանդիլյանը շարունակում է աշխատանքի գալ նախկինի նման: Ի դեպ, կառավարության վերջին նիստին էլ Մանե Թանդիլյանը մասնակցում էր սովորականի պես։ Ասում են՝ Փաշինյանը նախագահի ստորագրմանը չի ներկայացնի Թանդիլյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը, եւ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պաշտոնավարելու է:

 

 

ՉԻ ՆՇԱՆԱԿԵԼ
Ինչպես հայտնի է, հունիսի 11-ին հրաժարական տվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` ապրիլի 24-ին, ասել էր, թե չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա հեռանալուց անցել է ավելի քան մեկ շաբաթ, սակայն նկատենք, որ դեռեւս հայտնի չէ, թե ով կլինի ՀՀ քննչական կոմիտեի նախագահը: Մեզ հասած լուրերի համաձայն` նոր կառավարությունը դեռես չի ցանկանում կոմիտեի նախագահի պաշտոնի նշանակման հարցում շտապել եւ, ըստ էության, փնտրում են լավագույն կադրին, որը կարող է փոխարինել Աղվան Հովսեփյանին:

 

 

ԴՈՆ ՊԻՊՈՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Երեկ դատարանը քրեական հեղինակություն Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան) կալանավորելու որոշում է կայացրել: Դոն Պիպոն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ Ա. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ` երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործությունները կատարելու համար:




Լրահոս