ՀՐԱԶԴԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԴՈՏԱՑԻԱՆ ՈՒՇ Է ՏՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող պետական հիմնարկները հայտնվել են աննախանձելի վիճակում: Բանն այն է, որ քաղաքապետարանը իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներին, երաժշտական դպրոցներին, պոլիկլինիկաներին եւ այլ հիմնարկներին դոտացիան ուշ է տրամադրել, ինչի արդյունքում տվյալ հիմնարկները հայտնվել են անելանելի դրության մեջ, պետական բյուջեի նկատմամբ պարտքեր կուտակել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սա առաջին անգամ չէ, որ Հրազդանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկները սահմանված ժամկետից ուշ են կատարում իրենց հարկային պարտավորությունները` այդպես պարտքեր կուտակելով պետական բյուջեի նկատմամբ: Պարզվում է` Հրազդանի քաղաքապետարանը իր ենթակայության տակ գտնվող կառույցներին ուշ է տրամադրել դոտացիան:
Հրազդանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Եվա Պեպոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ պարտքի հստակ չափի մասին տեղյակ չէ: Բայց միաժամանակ վստահեցրեց, որ առաջիկայում կուտակած պարտքը մեծ արագությամբ կմարվի: Իսկ ահա Հրազդանի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Մակոյանը, լսելով չկատարած հարկային պարտավորությունների վերաբերյալ հարցը, վախեցած արձագանքեց.«Չեմ կարող ասել, թե որքան պարտք ունենք: Իմ իրավունքն է` կուզեմ կասեմ, կուզեմ` ոչ: Թողեք ինձ հանգիստ»:
Իսկ ահա թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Ջեմմա Ոպանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր (երեկ-Ս.Հ.) հաշվապահը անհրաժեշտ մուծումները կատարել է: Ասել է թե` պարտքը մարել է: Նա նաեւ խոստովանեց, որ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառն այն է, որ դոտացիան սահմանված ժամանակից ուշ է իրենց հասել: «Դոտացիաները ուշացել են, դա է պատճառը: Իսկ եթե դոտացիան չի լինում տվյալ ամսում, ապա այն փոխանցվում է մյուս ամսվա վրա: Յուրաքանչյուր ամիս քաղաքապետարանը դոտացիան պետական բյուջեից ստանում է, ապա բաշխում մանկապարտեզներին եւ մյուս հիմնարկներին: Բայց պետք է որ մեր հաշվապահը այն արդեն փոխանցած լինի: Խոսքը ավելի քան 300 հազար դրամի մասին է»,- իրավիճակը ներկայացրեց մանկապարտեզի տնօրեն Ջեմմա Ոպանյանը: Թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Մելքոնյանն էլ փոխանցեց, որ սովորաբար ժամանակին է տրվել դոտացիան, իսկ հիմա հայտնի չեն ուշացնելու պատճառները:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին եւ հետաքրքրվեց, թե ինչն է դոտացիան պետական հիմնարկներին ուշ տրամադրելու պատճառները: Հարցին ի պատասխան` քաղաքապետն արձագանքեց. «Մենք դոտացիան ստանում ենք յուրաքանչյուր ամսվա 25-ին, իսկ հարկային պարտավորությունները պետք է կատարվեն 29-ին: Այդ պատճառով են հիմնարկները ուշացնում վճարումները: Բայց մենք այս ամսում կփակենք, կմարենք: Բացի այս, գույքահարկի եւ հողի հարկի վճարումները կիսամյակային են կատարվում, դա էլ է ուշացման պատճառ: Իսկ մյուս պատճառներից մեկն էլ ծնողական միջոցներն են, որոնք ամսվա վերջին են հավաքագրվում, դրա համար էլ նման ուշացումներ են արձանագրվում»: Նրա խոսքերով` ծնողական միջոցները շատ չնչին են` 4400 դրամ, որը մի կերպ բավարարում է վճարել մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը: Իսկ մանկապարտեզի սաների համար նախատեսված սնունդը եւ այլ ծախսերը հոգում է քաղաքապետարանը հավաքագրած գույքահարկի եւ հողի հարկի միջոցներով: «Բայց ամսվա ընթացքում կմարենք այդ պարտքերը: Ավելին` այդ պարտքի 80 տոկոսը արդեն փակել ենք»,- դարձյալ հուսադրեց քաղաքապետը:
Արամ Դանիելյանից տեղեկացանք, որ մանկապարտեզների, մյուս հիմնարկների, այդ թվում եւ քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր պարտքը 12 մլն դրամ է կազմել, որից 7 մլն դրամը մարվել է: Հրազդանցի քաղաքապետը խոստանում է մինչեւ հունիսի 25-ը մարել պարտքի մնացած պոչը` 5 մլն դրամը: «Ամեն մի կոպեկը վերահսկվում է, անարդյունավետ ծախսերի մասին խոսք լինել չի կարող: Ուղղակի ժամկետի մեջ չենք տեղավորվում: Խոսքը 3-4 օրվա մասին է: Այս խնդրի միակ լուծման տարբերակը ժամկետները փոխելն է, այսինքն` եթե դոտացիան տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա 25-ին, ապա պետք է այն փոխվի եւ տրվի 20-ին, որից հետո մենք դոտացիան անմիջապես կբաշխենք հիմնարկներին: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նման երեւույթ լինում է, բայց դե ինչ արած»,- պարզաբանեց քաղաքապետը:
Պարզվում է, որ Հրազդանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկները մեկ անգամ եւս հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով վարչական պատասխանատվության են ենթարկվել: Չի բացառվում, որ այս դեպքում եւս ՊԵԿ-ը դարձյալ վարչական պատասխանատվություն կիրառի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս