«ԵՍ ՏԵՍԱ ՊԱՐԶ, ՋԻՆՋ ԱՉՔԵՐՈՎ ԱՐԵՎՈՏ ՄԱՐԴՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսին Մոսկվայի «Փառքի Բլուրում» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Արձանի հեղինակը մոսկվաբնակ քանդակագործ, նկարիչ Աշոտ Թադեւոսյանն է: Այս օրերին նա Երեւանում է: Նկարիչը եկել է ոչ միայն հարազատ քաղաքից կարոտն առնելու, այլեւ որոշակի ծրագրեր իրականացնելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմել է նաեւ այդ մասին, անդրադարձել է Նկարիչների միությունում ստեղծված թեժ իրավիճակին: Մեր զրուցակցի համոզմամբ՝ միության նախագահը նկարիչ չպետք է լինի:

-Պարո՛ն Թադեւոսյան, ամիսներ առաջ կպատկերացնեի՞ք, որ Բաբաջանյանի արձանի բացմանը որպես մեր երկրի առաջին դեմք` Նիկոլ Փաշինյանը ներկա կլիներ:
-Դատելով վերջին ամիսների իրադարձություններից՝ կպատկերացնեի: Մինչ այդ տեղյակ եմ եղել պարոն Փաշինյանի գործունեությունից, իսկ անձամբ ծանոթանալուց հետո արդեն ավելի լավ ճանաչեցի նրան, տեսա պարզ, ջինջ աչքերով արեւոտ մարդու: Իհարկե, սա իմ առաջին ստեղծագործությունը չէ, որի բացման արարողությունն արվեց Հայաստանի առաջին դեմքի ներկայությամբ, բայց սա ինձ համար ամենաուրախալի եւ ոգեւորիչ դեպքերից մեկն էր:
-Գիտեմ, որ հետաքրքիր նախագիծ եք կյանքի կոչում, անգամ դիմել եք մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Կպատմե՞ք այդ մասին:
-Բացի ստեղծագործելուց՝ ես վերջին քսան տարվա ընթացքում զբաղվել եմ նկարիչներին համախմբելով: Արտերկրում ունենք շատ լավ նկարիչներ, որոնց հետ ավելի սերտ կապեր հաստատելու նպատակով որոշեցի ձեռնարկել հայ նկարիչների միջազգային ալյանսի ստեղծումը: Վերջին տարիներին հայ արվեստը մեծ կորուստներ ունեցավ: Շատ լավ ստեղծագործողներ արժեքների անկման պատճառով փակվեցին իրենց արվեստանոցներում կամ հեռացան երկրից: Այդ ամենը իներցիայով շարունակվում էր, մինչեւ որ չեղավ այս վերջին պայթյունը, որը ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային պահանջ էր: Ալյանսի նպատակը պրոֆեսիոնալներին հետեւելն է միջազգային մասշտաբով:
-Այս օրերին Հայաստանի նկարիչների միությունում կրքերը թեժ են: Միության անդամ նկարիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ այնտեղ տիրող բարքերի, ընդդեմ միության նախագահ Կարեն Աղամյանի: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի միության նախագահը, ի՞նչ որակներով պետք է օժտված լինի:
-Ինձ չի թվում, որ այն, ինչ նկարիչների միության մոտ չի ստացվել, միայն Կարեն Աղամյանի մեղքով է եղել: Նույն վիճակը վերջին քսան տարիների ընթացքում տիրել է բոլոր ոլորտներում: Բայց սերնդափոխության անհրաժեշտություն, անշուշտ, տեսնում եմ: Անձամբ ես դեմ եմ, որ նկարիչների միության նախագահը նկարիչ լինի: Իսկ եթե նկարիչ է, նա պետք է լինի առաջատար, երիտասարդ: Ես հիմա տեսնում եմ շատ լուսավոր ստեղծագործողների, կարելի է նրանցից մեկին ընտրել՝ ժամանակակից մտածողությամբ, ով սիրում է ծառայել հայ արվեստին:
-Վերջին երկու ամսում ստեղծված իրավիճակի արդյունքում շատերը վերադառնում են հայրենիք մշտական բնակության: Դուք նման նպատակ չունե՞ք:
-Ես միշտ ասում եմ, որ Մոսկվայում ստեղծագործական գործուղման մեջ եմ (ծիծաղում է): Ամեն դեպքում, պահում եմ կապը Երեւանի, իմ ընկերների հետ, որոնց անչափ սիրում եմ: Չնայած բոլոր թերություններին՝ կապը պահում եմ նաեւ Նկարիչների միության հետ: Իմ դերը չեմ գերագնահատում, բայց գուցե Մոսկվայում իմ ստեղծագործական, հասարակական աշխատանքն ավելի կարեւոր է, քան հայրենիքում ապրելը: Օրինակ՝ հեղափոխության օրերին մեծ էր նաեւ հայ համայնքների դերը: Իսկ, առհասարակ, ես աշխատում եմ թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ԵՐԳՉՈՒՀԻ ԼԻԱՆԱՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ Է

Լիանան արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծվել է, պարզապես լռել է այդ մասին՝ չցանկանալով աղմուկ բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը հաստատեց ինքը՝ երգչուհին:

«Այո՛, ամուսնալուծվել եմ, արդեն 3-4 տարի է: Չեմ խոսել այս թեմայի շուրջ, քանի որ, ի տարբերություն շատերի, անձնականը ինձ համար փիարի նյութ չէ: Կարծում եմ՝ ինքնահաստատված մարդիկ փորձում են աչքի ընկնել իրենց աշխատանքով, ոչ թե անձնականի մասին մանրամասներով»,-ասաց Լիանան:
Լիանայի որդին ապրում է մայրիկի հետ: Հարցին, թե արդյոք կապ կա հոր եւ որդու միջեւ, երգչուհին պատասխանեց. «Կապը հոր հետ սկզբում նորմալ էր, հիմա այնքան էլ ոչ: Բայց նախկին ամուսնուս ընտանիքի անդամների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք իրար շատ ենք սիրում: Ճիշտ չեմ համարում բաժանման հետեւանքով թշնամական հարաբերություններ հաստատելը: Իմ բալիկն էլ պետք է շփվի նրանց հետ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ տարիքային տարբերությունն արդյոք դեր խաղացել է բաժանության հարցում (Լիանան նախկին ամուսնուց մեծ է 10 տարով-հեղ.). «Գիտե՞ք, դա այնքան վիճելի հարց է, ե՛ւ խաղացել է, ե՛ւ ոչ: Մի կողմից` սերը տարիք չի հարցնում, մյուս կողմից` դու հասկանում ես, որ այդ մարդը գաղափարապես երեխա է, պետք չէ իրենից պահանջել, որ նա «ձյաձյա» դառնա, տեղը տեղին պապա լինի: Փորձում ես այդ մարդուն հասկանալ, բայց ես հոգնել եմ հասկանալուց, հոգնել եմ մարդկանց դրության մեջ մտնելուց: Մեկ հասկանամ, երկու հասկանամ, քանի՞ տարի հասկանամ, ու ոչինչ չփոխվի: Ախր գոնե փոխվեր: Ու դու կղզիանում ես, ասում ես՝ դու քեզ համար, ես ինձ համար»,-մեկնաբանեց Լիանան:
Իսկ հարցին, թե անձնական կյանքում ունեցած անհաջող փորձերը (Լիանան մեկ անգամ էլ է ամուսնացած եղել երգիչ Արա Մարտիրոսյանի հետ: Նա պատմել է, որ Արան նույնիսկ ծեծել է իրեն-հեղ.) արդյոք տեղիք տվել են, որ Լիանան տղամարդկանցից առհասարակ հիասթափվի, երգչուհին պատասխանեց. «Տղամարդկանցից պարբերաբար հիասթափվել ստացվում է, որովհետեւ իրենք ամեն ինչ անում են դրա համար (ծիծաղում է), բայց ես կարողանում եմ իրավիճակին նայել նաեւ տղամարդու ռակուրսից եւ հասկանալ նրան: Ուղղակի հետո գալիս եմ եզրակացության, որ նկարել եմ մի սիրուն նկար, հիացել եմ դրանով, այնինչ դա ընդամենը իմ նկարած նկարն էր, ընդամենը այդքանը»:
Լիանայի խոսքով՝ իր մեջ ապրում է ե՛ւ պայքարող, ուժեղ, ե՛ւ միեւնույն ժամանակ նուրբ, քնքուշ կինը, երեխան: Իսկ անձնական հարաբերություններում, հարազատների նկատմամբ նա շատ պահանջկոտ է. «Մարդ պետք է մաքսիմալ աշխատի իր վրա, որպեսզի բնությանն ու մարդկությանը պիտանի լինի»,-շեշտեց երգչուհին:
Նա նաեւ հավելեց, որ տարածված կարծիքը, թե անձնական հարաբերություններում ամենակարեւոր գործոնը ֆինանսն է, սխալ է. «Դա կարեւոր գործոն է, բայց ոչ ամենակարեւորը: Պարզապես մարդ պետք է ներքուստ իրեն լավ զգա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Լիանան ամուսնացել էր 2012-ին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է «ԲԱՆԱՆՑ»
Երեւանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել դարպասապահ Անատոլի Այվազովի հետ: 22-ամյա ֆուտբոլիստը վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է Հայաստանի առաջնությունում` հանդես գալով «Փյունիկ»-ի եւ «Շիրակ»-ի կազմում: «Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Բանանցում»: Ես այլ առաջարկներ էլ ունեի, սակայն ընտրեցի «Բանանց»-ը, քանի որ երեւում է, որ թիմն աճում է: Թիմն իր առջեւ մեծ խնդիրներ է դնում, եւ կան հեռանկարներ»,- ասել է խաղացողը:

 

 

ՀԵՌԱՑԵԼ Է «ԱՐՍԵՆԱԼԻՑ»
Անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը հայտարարել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու որոշման մասին: «Կարող եմ հաստատել, որ լքում եմ «Արսենալ»-ը: Ակումբի ներկայացուցիչների եւ մարզիչ Ունաի Էմերիի հետ բանակցելուց հետո զգացի, որ եկել է այսպիսի որոշում ընդունելու ժամանակը: Մի քանի ամիս բանակցում էի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, պատրաստ էի աշխատավարձի նվազման, քանի որ «Արսենալ»-ում հանդես էի գալիս 17 տարի»,-նշել է 26-ամյա ֆուտբոլիստը:
«Արսենալ»-ը շնորհակալություն է հայտնել եւ հաջողություն մաղթել Ուիլշիրին, որը 197 հանդիպում է անցկացրել անգլիական ակումբում:

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է Բելգիայի հավաքականի ու «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան: «Ռեալը» բելգիացուն դիտարկում է որպես այլընտրանք «Ռոմա»-ի դարպասապահ Ալիսոնին: Ռոմացիները իրենց ֆուտբոլիստի համար պահանջում են 80 մլն եվրո, իսկ մադրիդյան ակումբը պատրաստ է վճարել 50 մլն եվրոյից ոչ ավել: Կուրտուայի պայմանագիրը «Չելսի»-ի հետ ավարտվում է 2019թ, եւ խաղացողը չի շտապում երկարաձգել այն:

 

 

ԱԿՈՒՄԲԱՅԻՆ
Տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Համաձայն վիճակահանության` հայկական թիմերը կխաղան հետեւյալ ակումբների հետ. «Բանանց» Երեւան-«Սարաեւո» Բոսնիա, «Գանձասար-Կապան»-«Լեխ» Լեհաստան, ՖԱ «Երեւան»-«Վարդար»: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 19-ին:




Լրահոս