ՀԱՐՑ․ Խնդրում եմ` ասեք` ի՞նչ կարգով է կնքվում աշխատանքային պայմանագիրը։
Նարինե Հակոբյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Ն․ Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված)։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Հավելենք, որ զորակոչային տարիքի եւ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի ՀՀ քաղաքացիներին աշխատանքի ընդունելիս պահանջվում է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք: Ի դեպ, աշխատանքի ընդունելիս արգելվում է պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով: Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր եւ նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր։
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: