Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռանալուց առաջ որոշել է լավություն անել իրավապահ համակարգի եւ Գարեգին Նժդեհ հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գեւորգյանին: Միայն թե, նկատենք, որ Արշավիր Գեւորգյանին պարգեւատրում են այն դեպքում, երբ նա բավական մութ պատմությունների մեջ է թաթախված եղել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները կանգնեցրել են Սյունիքի մարզի Գորիս քաղաք մուտք գործող մի բեռնատար` լցված փայտով:
Ոստիկանության Սյունիքի մարզի վարչության աշխատակիցները բեռնատարի վարորդից, որը Գորիս քաղաքում հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, փայտերի օրինական ձեռքբերման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջել, սակայն վարորդը իրավապահներին սկսել է անուններ թվարկել, թե կոնկրետ փայտը ում անունով են բերել, ով է հրահանգել, եւ այսպես շարունակ:
Նա իրավապահներին հայտնել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադեւոսյանի վարորդի` Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել: Իրավիճակին ծանոթացել էր նաեւ վարչության պետ գնդապետ Արշավիր Գեւորգյանը, եւ ըստ մարզում տարածված լուրերի` ամեն ինչ արել են գործը կոծկելու համար: Չի բացառվում, որ նախկին մարզպետը իր մտերիմների կողմից արված ինչ -ինչ արարքները կոծկելու համար է հուշամեդալով պարգեւատրել ոստիկանության գնդապետին: