ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիզվառելիքի լցակայանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
2018թ. հունիսի 22-ին` ժամը 05:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Գորիս քաղաքի «Ցուրտ աղբյուր» կոչվող տեղանքում գործող դիզվառելիքի լցակայանում տեղի է ունեցել զինված հարձակում:
Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 04:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, մուտք է գործել «Ցուրտ աղբյուր» կոչվող տեղանքում գործող դիզվառելիքի լցակայանի տարածք, հրազենն ուղղել լցակայանի աշխատակցի գլխի ուղղությամբ և գումար պահանջել: Ստանալով աշխատակցի մերժումը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ատրճանակի կոթով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին, ապա կրակոց արձակել և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 18 մմ երկարությամբ, 8 մմ տրամագծով պարկուճ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Լցակայանի աշխատակիցը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:
Նախաքննությունը շարունակվում է: