Տարոն Մարգարյանից հետո ում կվերաբերեն հաջորդ բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին` ուշ երեկոյան, տեղի ունեցավ «Ֆակտթիվի» առաջին հակակոռուպցիոն ալիքի պատրաստած հետաքննական ֆիլմի ցուցադրումը, որ վերաբերում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ընթացքում կատարված չարաշահումների դեպքերին: Այդ փաստերի մեծամասնությունը նորություն չէին. պատահական չէր, որ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ հիշեցնելով, որ իրենք տարիներ առաջ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն որեւէ քրեական գործ չէր հարուցվել` պատճառաբանությամբ, թե հիմքեր չկան: Հիմա Մարգարյանի տվյալները փոխանցվել են ԱԱԾ-ին: Ֆիլմի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն է: Վերջինս հետաքննական նյութը պատրաստել է մինչեւ պաշտոնի ստանձնումը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արեն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, Երեւանի քաղաքապետին վերաբերող տեսանյութն արդյոք ունենալո՞ւ է շարունակություն, թե՞ առկա տվյալներն այսքանն էին:

-Դա նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչեւ այս տարվա փետրվար արված հետաքննության արդյունքն էր: Նյութը բավական ծավալուն է, եւ որոշվել էր, որ երկու մասի կբաժանվի: Առաջին մասը հրապարակվել է, իսկ երկրորդ մասը հետո է հրապարակվելու: Բայց չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել, թե երբ դա կլինի, քանի որ կառավարությունում աշխատանքի անցնելուց հետո կապ չունեմ արդեն այդ հաղորդման հետ: Հաղորդման թիմը որոշում կկայացնի, թե երբ է նպատակահարմար գտնում հետաքննական նյութի երկրորդ մասը հրապարակել: Ուսումնասիրությունն ավարտված է, եւ այժմ երկրորդ մասը նյութի դեռեւս չմշակված վիճակում է:

-Իսկ ինչո՞ւ էր ընտրվել հենց Տ. Մարգարյանը:

-Ստեղծագործական թիմով այն ժամանակ այդպես որոշեցինք, քանի որ Մարգարյանն ամենահնչեղ անուններից էր:

-Կարո՞ղ եք ասել` նախնական ի՞նչ արդյունք է տվել կոռուպցիայի դեմ պայքարը:

-Այս ընթացքում կա բավական խոշոր գործ, որի հետ կապված ես աշխատում եմ: Գիտեք, որ վարչապետի ինչպես մյուս օգնականները, այնպես էլ ես թիմ չունեմ եւ միայնակ եմ աշխատում: Այժմ մի քանի ուղղությամբ տեղեկատվության հավաքագրման փուլ է: Եվ ծավալուն աշխատանքն ավարտելուց հետո եթե զգանք, որ կա ենթադրյալ չարաշահում, այդ նյութերը կփոխանցվեն համապատասխան մարմիններին: Հիմա ես փակագծերը շատ չբացեմ, քանի որ եթե գործը փոխանցվեց իրավապահներին, նախաքննություն է լինելու, եւ եթե հիմա մանրամասներ ներկայացնեմ, կվնասեմ նախաքննությանը: Կլինի մամուլի հաղորդագրություն, եւ բոլորը կտեղեկանան: Դա առաջիկայում կլինի, կիմանաք բոլորդ:

-Իսկ արդյո՞ք ուսումնասիրության առարկա դառնալու է նախկին վարչապետերի` Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի գործունեությունը: Բացի այդ, պարբերաբար խոսակցություններ էին տարածվում Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործունեությանը վերաբերող խնդիրների մասին:

-Ես այս պահին անուններ չտամ, բայց եթե լինեն բացահայտումներ, բոլորը կտեղեկանան:

-Ձեզ վարչապե՞տն է կոնկրետ ցուցումներ տալիս, թե կոնկրետ ում առնչությամբ ուսումնասիրություն կատարեք, թե՞ Դուք ինքներդ եք ընտրում:

-Անձանց եւ կազմակերպությունների մասով վարչապետը չի ուղղորդում, բայց, ընդհանուր աշխատանքային ռազմավարություն քննարկվում է, այսինքն` ինչպես կառուցել աշխատանքը, որպեսզի ավելի արդյունավետ լինի: Բայց կոնկրետ անուններ, թիրախներ վարչապետը չի նշում:

-Իսկ ինչպե՞ս եք ընտրում առաջնահերթությունները:

-Այսպես ասեմ. առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, իսկ մնացածը կախված է այն տեղեկատվությունից, որը ստացվում է: Եթե կան համապատասխան փաստեր, փորձում ենք դրանք ամբողջացնել եւ գնալ հետքերով:

-Հաջորդ բացահայտումը ե՞րբ է սպասվում:

-Ժամկետ դեռեւս չեմ կարող նշել, բայց առաջիկայում կլինի, քանի որ շատ ինտենսիվ կերպով աշխատում ենք: Ասեմ, որ առանց հանգստյան օրերի` առավոտյան 8-ից մինչեւ ուշ գիշեր աշխատում ենք:

-Մարդկանց մի հատված կարծում է, թե սա վենդետա է, մյուս մասը մտածում է, թե մարդկանց բանտեր տանելու եղանակ է, մարդիկ էլ կան, որ այս գործողությունները բավական դրական են գնահատում: Դուք ինչպե՞ս կձեւակերպեք:

-Կարծիքները տարբեր են, իհարկե: Բայց վենդետա տերմինն այս համատեքստում ես չեմ ընկալում, քանի որ բոլոր գործողությունները կատարվում են օրենքի դաշտում: Եվ կրկնեմ, որ նպատակը մեկն է` կոռուպցիան արմատախիլ անել:

-ԱԱԾ-ից նշում են, որ վերջին բացահայտումների արդյունքում 5 մլն դոլար է վերադարձվել պետական բյուջե: Բացի այս, կատարվում են խնայողություններ նաեւ կառավարության ներսում, ճի՞շտ է:

-Շատ են ուղղությունները, որտեղից գումար է խնայվում: Վերջինի մասին նշեց կառավարության աշխատակազմի ղեկավարը: Ինչպես գիտեք, վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաներին տրամադրվող վառելանյութը կրկնակի կկրճատվի: Դրա արդյունքում տարեկան 54 մլն դրամ բյուջեում կխնայվի:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս