ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը գտնվում է հղիության եւ ծննդաբերության, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, ապա նա կարո՞ղ է օգտվել իրեն հասանելիք սոցփաթեթի ծառայություններից: Խնդրում եմ նաեւ նույնը տեղեկացնել ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ:
Լիաննա Մխիթարյան (29 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում Սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվում են սոցիալական փաթեթից, քանի որ նրանք զբաղեցնում են հաստիքացուցակով նախատեսված հաստիք: Հարկ է նշել, որ նրանք եւս պետք է բավարարեն տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի` վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11.000 դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132.000 ՀՀ դրամ: Ի դեպ առողջապահական փաթեթն աշխատողների համար պարտադիր պայման է, որի արժեքը տարեկան կազմում է 52000 դրամ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: