Ադրբեջանը փորձում է յուրացնել հայկական պարերը․ ո՞րը պետք է լինի Հայաստանի պատասխանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը նախաձեռնել է «անհապաղ պահպանության շարքում» ներկայացնել միանգամից երեք «ադրբեջանական պար»՝ յալի, քոչարի, թենզերե: Այս մասին ահազանգում է ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2017-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է հայկական քոչարին: Սակայն, սա, պարզվում է, դեռ վերջնական հանգուցալուծում չէ.
«Անհապաղ պահպանության շարքում տվյալ պարերը ներկայացնելն ավելի վտանգավոր բան է: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ֆինանսավորվելու է այդ պարերը պահպանելու համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց ազգագրագետը: Նա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին եւ փոխնախարար Տիգրան Գալստյանին կոչ է անում հետեւողական լինել:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, սակայն, այն համոզման է, որ մենք չափից շատ ենք կարեւորում ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Ադրբեջանը:

«Տարիներ շարունակ անիմաստ գումարներ են ծախսվում՝ աշխարհին ինչ-որ բաներ ապացուցելու համար: Ընդ որում` մենք քաջ գիտակցում ենք, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որքան կոռուպացված կառույց է: Փոխարենը պետք է այդ գումարները ներդնել հավաքչական աշխատանքներն ակտիվացնելու, ավանդական մշակույթը տարածելու, այն կենցաղ մտցնելու համար: Մեր ազգը պարում է այս պարերը. դրանով ամեն ինչ ասված է: Ի դեպ, ասեմ, որ յալին տարածված է եղել Պարսկահայքում: Քոչվոր ցեղը չէր կարող խմբապար ունենալ: Իսկ թենզերե կոչվածը հայկական թամզարան է: Թամզարան գյուղաքաղաք է Արեւմտյան Հայաստանում: Թեկուզ տարածաշրջանային առումով այն ադրբեջանցիների հետ կապ չունի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ մշակույթի նախարարները փոխվում են, սակայն ազգային հենքով գործելաոճ դեռեւս չի նշմարվում. «Ամենակարեւորը մեր վերաբերմունքն է մեր նկատմամբ, ոչ թե այն, թե ով ինչ կասի մեր մասին: Չորս տարի պայքարեցինք, որ քոչարին ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Կարո՞ղ եք ասել՝ Հայաստանում դրանից ինչ փոխվեց: Քանի՞ հոգի ավել սովորեց քոչարի պարել: Հանուն ինչի՞ են արվում այդ մեծ ծախսերը»,-եզրափակեց պարոն Գինոսյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս