Քաղաքացու աշխատանքային իրավունքը խախտվել է. ինչպես է Մանվել Բադալյանը խուսափել մեծ աղմուկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ քաղաքացի Աիդա Հովհաննիսյանը, ով 2009 թվականից մինչեւ 2015 թվականը աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունում` հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության եւ ընդերքի բնապահպանական բաժնում որպես պետական տեսուչ: Հիմա չի աշխատում: Տիկին Հովհաննիսյանի պատմելով` իր աշխատանքային իրավունքները խախտվել են, ինչի արդյունքում նա արդեն տեւական ժամանակ է`գործազուրկ է:

Մեզ դիմած քաղաքացին ներկայացրեց իր պատմությունը: Ըստ այդմ` ինքը դեռեւս 2015 թվականին ԲՆ աշխատակազմի ղեկավարից ծանուցում է ստացել այն մասին, որ նախարարության աշխատակազմում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, ապա իրեն առաջարկվել է զբաղեցնել բնապահպանական պետական տեսչության հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության եւ ընդերքի վերահսկողության առաջին կարգի մանագետի պաշտոնը: Ստացվում է, որ Ա. Հովհաննիսյանին առաջարկվել է իջեցնել պաշտոնը, ինչին ինքը տվել է իր համաձայնությունը, որպեսզի հետո արտամրցույթային կարգով նշանակվի աշխատակազմի ԲՊՏ-ի` հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության 1-ին կարգի մասնագետի պաշտոնում: Սակայն որոշ ժամանակ անց տիկին Հովհաննիսյանը պարզում է, որ իրեն «խաբել են եւ կորզել են իր համաձայնությունը»: «Մեկ տարի անց` 2016 թվականին, իմացա, որ նախկինում զբաղեցրած իմ` պետական տեսուչի աշխատանքը չի կրճատվել: Ավելին` այդ պաշտոնին նշանակվել է մեկ այլ անձ»,- վրդովված նկատեց տիկին Հովհաննիսյանը:

Իսկ մինչ այդ` անցած տարում, լուծարվում է բնապահպանական պետական տեսչությունը եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը: Արդյունքում ստեղծվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Բայց սա չի նպաստել, որպեսզի Աիդա Հովհաննիսյանը վերականգնվի պետական տեսուչի իր նախկին պաշտոնին: Ավելին` կառույցի լուծարումից հետո հրաման է տրվել, որի համաձայն` Աիդա Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից եւ օրենքով սահմանված կարգով գրանցվել է քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում:

Եւ թափուր պաշտոն առաջանալու դեպքում իրավասու պաշտոնատար անձը պետք է քաղծառայության խորհրդին ներկայացնի ժամանակավոր թափուր պաշտոնների ցանկ, իսկ խորհուրդը հայտարարություն տա, որպեսզի քաղծառայողները դիմեն աշխատանքի ընդունվելու նպատակով: «Բայց քաղծառայության խորհուրդը բնապահպանության տեսչական մարմնի մասով որեւէ հայտարարություն չի տվել, ինչը պարտավոր էր անել: Ստացվում է, որ պետական համակարգում պաշտոնները զբաղեցվում են` ըստ որոշ պաշտոնատար անձանց ցանկության` շրջանցելով օրենքի իմպերատիվ պահանջը: Իսկ անցած տարում ստեղծված տեսչական մարմնում առանց իրավական հիմքի, կամայականորեն ժամանակավոր աշխատանքային պայմանագրեր կնքվել են այն անձանց հետ, ում իրենք են առաջարկել: Հաշվի չի առնվում աշխատանքային ստաժը, գիտելիքները եւ այլն»,- նկատեց տիկին Հովհաննիսյանը: Ըստ մեր զրուցակցի` տեսչական մարմինն ունեցել է ընդհանուր 7 պետական տեսուչի թափուր պաշտոն:

Հենց այս թեմայի շուրջ քաղաքացուն փորձել է անգամ օգնել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով իր հերթին պարզաբանում է պահանջել քաղծառայության խորհուրդից: Սակայն Մանվել Բադալյանի ղեկավարած կառույցը որպեսզի մեծ աղմուկի մեջ չընկնի, Աիդա Հովհաննիսյանին առաջարկել է այլ աշխատանք, այս անգամ ՀՀ ֆինանսների նախարարությունում:

«Ես գնացի ՖՆ, բայց ինձ ընդունած աշխատակիցը ասաց, որ պետք է չհամաձայնվեմ այդ աշխատանքային պայմանագիրը կնքելուն, քանի որ ինքը այդ տեղի համար նախատեսված մարդ ունի: Բայց ես, բնականաբար, չհամաձայնվեցի ու աշխատանքային պայմանագիրը կնքեցի»,- պատմեց Աիդա Հովհաննիսյանը:

Պարզվում է` տիկին Հովհաննիսյանին ֆինանսների նախարարությունում փորձել են հոգեբանորեն ճնշել, որպեսզի նա ստիպված լինի ինքնուրույն աշխատանքից ազատման դիմում գրել: «Հետո ասացին` գնա տուն, սեղան աթոռ չկա, համարդ տուր, երբ լինի, կկանչենք: Բայց եթե ես գնայի, դա կլիներ աշխատանքային կարգի խախտում, այս պատճառով չլսեցի իրենց ու մնացի: Տեսան, որ չեմ գնում, բերեցին մի հին սեղան, ճոճվող աթոռ ու մի համակարգիչ, որի լարերը այնքան հին էին, որ մեկ շաբաթ տեւում էր, մինչեւ միացնում էինք: Աշխատելու ոչ մի պայման չկար, արհեստական խոչընդոտներ էին դրանք: Հոգեբանորեն այնպես էին ճնշում, որ մեկ անգամ անգիտակից վիճակում աշխատանքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- զայրացած ներկայացրեց տիկին Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարեվերջին, երբ Աիդա Հովհաննիսյանը գտնվել է բուժման ընթացքում, ՖՆ-ից կանչել են, ապա ձեռքին տվել աշխատանքից ազատման հրամանը: Ըստ մեզ դիմած քաղաքացու` նախարարությունը բազմաթիվ խախտումներ է արել` իրեն աշխատանքից ազատելով:

Բայց սա դեռ ամենը չէ: Քաղաքացին ավելի շատ զայրացած է քաղծառայության խորհուրդի եւ դրա ղեկավար Մանվել Բադալյանի գործելաոճից: Նրա խոսքերով` քաղծառայության խորհուրդը իր ստեղծման օրվանից միջնորդ օղակ է եղել եւ գերատեսչությունների ղեկավարների «դաբրոյով» է շարժվում: «Իրենք իրենց նախընտրած մարդկանց հեռախոսազանգերով ընդունում են աշխատանքի: Միշտ գործարքների մեջ է եղել քաղաքացիական ծառայության խորհուրդը եւ իր ղեկավարը` Մանվել Բադալյանը: Կարճ ասած` ամենակոռումպացված կառույցն է Հայաստանում: Առաջիկայում ես դիմելու եմ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- հաստատուն տոնով ասաց տիկին Հովհաննիսյանը:

Հ.Գ. Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում Մանվել Բադալյանն ամեն բան անում է, որպեսզի պահպանի իր աշխատանքային դիրքը, պաշտոնը: Առայժմ դա նրա մոտ ստացվում է: Արդյոք հետագայում նա կմնա, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս