ԻՆՉԻՆ Է ԴԵՄ ԳՆԱՑԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» ԱԼՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ոստիկանությունը մեծ շուքով խուզարկություններ էր կատարել 12 «օրենքով գողերին», 18 քրեական հեղինակություններին պատկանող առանձնատներում, սակայն այդ ցանկում ներկայացված անձանցից ձերբակալվեցին միայն երկու հոգի, ինչը շատ կասկածների ու վերլուծությունների առիթ է տալիս:

Մասնավորապես, իրավապահները խուզարկել էին «օրենքով գողեր» «Մանեթի տղա» Սամվելիկի` Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սեւո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գեւորիկ» մականվամբ Գեւորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում:
Քրեական հեղինակություններից խուզարկել են «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո մականվամբ» Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունի մասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանեւսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիեւյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոեւի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի եւ «Պռոշյանցի Գեւորիկ» մականվամբ Գեւորգ Ավետիսյանի բնակարանները:
Նկատենք, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ եւ այլն:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց այս թեմայով: Ի պատասխան` Օսիպյանը հայտնեց, որ կան ձերբակալվածներ եւ կլինեն պատասխանատվության ենթարկվողներ: «Ժողովուրդ»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ տեղեկացրին, որ ձերբակալվել է երկու անձ՝ Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանն ու Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը: Վերջիններս ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով:
Ով է «օրենքով գող» Մասիվցի Անդիկը
Դեռեւս 2009 թվականին Մոսկվայում օպերատիվ հետախուզական բյուրոյի աշխատակիցների կողմից ձերբակալվել էր 36-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Անձնական հետախուզման ժամանակ Հարությունյանի մոտ հայտնաբերվել էր 3 գրամ հերոին: Թմրանյութի հայտնաբերման վերաբերյալ Հարությունյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի հատկանիշներով: Նշենք, որ, ըստ էության, այս քրեական գործի շրջանակներում նա ազատազրկման էր դատապարտվել 3 տարի 3 ամիս ժամկետով:
Եվ ահա նկատենք, որ նա կրկին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալվել է: Ըստ էության, նման կենսակերպով ապրող անձանց բնակարանում կարելի է գտնել թմրանյութ, ինչպես եւ գտել էին շատերի բնակարանում, սակայն զարմանալի է, որ ոստիկանության կողմից ներկայացված ցանկից ընդամենը երկու «օրենքով գող» է ձերբակալվում` Մասիվցի Անդիկը` Անդրանիկ Հարությունյանը եւ Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը:
Իսկ ինչով է հայտնի «օրենքով գող» Ալոն
Նկատենք որ Ալոն այդքան էլ պատահական մարդ չէ, եւ վերջինս այն «օրենքով գողերից» մեկն է, որի անունը «օրենքով գողերի» շրջապատում առավել հայտնի դարձավ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավել էին ՊՊԾ գունդը եւ հայտնվել կալանավայրում: Իշխանության վերահսկողության տակ գտնվող «օրենքով գողերը» փորձել էին քրեակատարողական հիմնարկներում պատժել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, որ նրանք հանդգնել էին դուրս գալ իշխանությունների դեմ: Միակ «օրենքով գողը», որ դեմ էր արտահայտվել այդ գործողություններին, Ալոն` Ալեքսանդր Մակարյանն էր եղել: Մասնավորապես, նա «օրենքով գողերի» հավաքի ժամանակ ասել է, որ նրանք ազատամարտիկներ են, նրանք քաղաքական հողի վրա կալանավորված անձինք են, եւ պետք չէ, որ քրեական աշխարհը խառնվի քաղաքական հարցերին: Այսպիսով, Ալեքսանդր Մակարյանին նախորդ իշխանությունները չներեցին այս արտահայտության համար եւ նրան Հայաստանից արտաքսեցին Թուրքիա: Եվ ահա նա նոր էր վերադարձել Հայաստան, եւ նրան կրկին ձերբակալեցին անհեթեթ խոտի կասկածանքով, ինչը շատ կասկածահարույց է: Նշենք, որ, ըստ ոստիկանության, նրա բնակարանից հայտնաբերվել էին «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված:
Սակայն փաստենք մեկ բան, որ բավականին գովելի է, որ ոստիկանությունը պայքար է սկսել «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների դեմ, քանի որ, ի վերջո, մեր երկիրը պետք է դառնա օրինապահ երկիր, որտեղ իշխանությունը չի հենվի կրիմինալի վրա: Իսկ ահա վերոնշյալ մարդիկ մշտապես եղել են իշխանություների, հատկապես Սերժ Սարգսյանի համար ձայն հավաքողները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿՊԱՏԺԵ՞Ն
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով: Ինչպես հայտնի է, Պետական եկամուտների կոմիտեն մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ 2014-ից 2017-ի ընթացքում Պաշտպանության նախարարությունում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի, որոնցից մեկը ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանն է: Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջինս ՊԵԿ քննիչներին ցուցմունք է տվել, որ տարիներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ` կառավարության նիստից հետո, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից փորձեց տեղեկանալ, թե վերոնշյալ գործով մեղադրյալները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել, որ իրենք անձամբ են տարիներ առաջ այս ամենը բացահայտել եւ խնդրի մասին տեղյակ պահել իրենց վերադասներին, սակայն այս ամենից հետո իրենք են հայտնվել մեղադրյալի աթոռին:
-Պարո՛ն Անանյան, մեղադրյալ Աշոտ Գրիգորյանը քննիչներին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ ինքն է անձամբ այս ամենը բացահայտել եւ ներկայացրել իրենց վերադասներին, սակայն չնայած ցուցմունքին` նա հայտնվել է մեղադրյալի աթոռին:
-Հնարավոր է, որ նա այդպիսի բան ասած լինի, ես գործի հետ կապված որեւէ բացահայտում անելու իրավասություն չունեմ այս պահին, քանի որ ցանկացած անձ, որ այս պահին ներգրավված է քննության մեջ եւ ինչ-որ հայտարարություններ է արել, իր հայտարարությունները եւս հանդիսանում են քննության առարկա: Այսինքն` այդ հայտարարությունների վերաբերյալ քննչական գործողություններ են ընթանում, հետեւաբար ես չեմ կարող ասել, թե այդ հայտարարությունը արժանահավատ է, թե արժանահավատ չէ: Այսինքն` մենք պետք է հիմա համբերատար սպասենք` քննությունը ավարտվի, եւ քննության արդյունքներով ինչ-որ առաջդրվի հանրությանը, կիրազեկենք:
-Հաշվի առնելով ցուցմունքը, որ գործով մեղադրյալները չարաշահումների մասին տեղյակ են պահել իրենց վերադասներին` հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ինքն անձամբ հայտնեց, որ իրեն հարցաքննել են, տեղեկություններ կան, թե չի բացառվում, որ ՊՆ նախկին նախարարին այս գործով պատասխանատվության կանչեն, ի՞նչ կասեք այս մասին:
-Որակումներ կամ կարգավիճակի փոփոխություններ, դրանց առումով ես որեւէ հայտարարություն այս պահին չեմ կարող անել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Դատավոր Իշխան Բարսեղյանի եղբոր ինքնազգացողությունը երեկ դատարանում վատացել է, նիստը` ընդմիջվել: Դատարանում ճառով հանդես են գալիս կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի պաշտպանները: Ճառը, սակայն, ընդմիջվել է, որովհետեւ ամբաստանյալի եղբայրը վատացել է: Նրա համար «Շտապօգնություն» է հրավիրվել դատարան: Ավելի ուշ դատավորը որոշում է կայացրել նիստը հետաձգել. այն նշանակվել է հունիսի 28-ին: Նշենք, որ դատախազ Կարեն Բիշարյանը Իշխան Բարսեղյանի համար պահանջել էր 8 տարվա ազատազրկում:

 

 

ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ ԱԺ-ում ընթանում էր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Այն փակ էր: Հանդիպման ավարտից հետո «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն ասել է, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են խմբի աշխատանքային ռեժիմին վերաբերող հարցեր: Բովանդակային քննարկումներ չեն եղել: Ռեյտինգային ընտրակարգն ընդհանրապես հանելու վերաբերյալ էլ, ըստ Էդմոն Մարուքյանի, մտահոգությունը, որ խորհրդարանում հնարավոր է մարզային ներկայացվածությունը տուժի, ունենանք միայն Երեւանի խորհրդարան, դեռ կա: «Եթե ընդունվի հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, պետք է կուսակցությունները բեռն իրենց վրա վերցնեն, ցուցակներն այնպես կազմեն, որ մարզերի ներկայացվածություն լինի: Մյուս տարբերակը կարող է համապետական ռեյտինգայինը լինել»,-նշել է նա: Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կլինի հուլիսի 4-ին:

 

 

ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԳՈՒՄԱՐ
Շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները: Խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում բացի հաշվապահական փաստաթղթերից, համակարգիչներից, էլեկտրոնային կրիչներից եւ քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվել է նաեւ առանձնապես խոշոր չափերի գումար: Հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին, մինչեւ քննությամբ կպարզվի դրանց ծագումը:

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամների դատական նիստի ընթացքում որոշում է կայացվել խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատավորը բավարարել է 500.000 դրամի չափով գրավով կալանքը փոխարինելու միջնորդությունը:




Լրահոս