ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ՔՐԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացվեց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: ՈՒ տեւական ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությունը ՀՀ քրեական օրենսգրքում արված այդ փոփոխությունները հատկապես միջազգային հարթակներում ներկայացնում էր որպես կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղղությամբ քաղաքական կամքի մասին ապացույց: Միայն թե, հակառակ այդ հայտարարություններին, Սերժ Սարգսյանի իշխանությունն այդպես էլ որեւէ մեկի նկատմամբ այդ հոդվածով քրեական գործ չհարուցեց: Փոխարենը ապօրինի հարստացման համար առաջին քրեական գործը հարուցվեց թավշյա հեղափոխությունից հետո, եւ հարուցվեց հենց Սերժ Սարգսյանի ամենամերձավոր անձանցից մեկի՝ Վաչագան Ղազարյանի դեմ: Վերջինս, հիշեցնենք, ՊՊԾ պետի նախկին առաջին տեղակալն էր: Նա մշտապես եւ ամենուր Սերժ Սարգսյանին ուղեկցել է դեռ նրա՝ պաշտպանության նախարար աշխատած տարիներից:
Եւ ահա երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ փաստացի Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբում կատարված խուզարկությունների արդյունքում քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ: Ըստ ՔԿ-ի` Ղազարյանի կինը հանդիսանում է նաեւ «Յանս» ակումբի, «Սելենա» ՍՊԸ փաստացի սեփականատերը, բայց այդ մասին բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Վ.Ղազարյանը օրենքով սահմանված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նաեւ խուզարկություններ են կատարվել Վաչագան Ղազարյանի տանը, որտեղից բավական մեծ գումար էր հայտնաբերվել` 35 մլն դրամ, ավելի քան 1 մլն դոլար, 230.500 եվրո, թանկարժեք ժամացույցներ ու մեքենաներ: Բայց խուզարկությամբ հայտնաբերված առանձնապես խոշոր չափի միջոցների ու թանկարժեք իրերի վերաբերյալ Ղազարյանի եւ նրա կնոջ հայտարարագրերում բացակայել են նշումներ:

 

 

Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման պետք է հանձնվեր դեռ 2012թ-ի հոկտեմբեր ամսին: Բայց առ այսօր օդանավակայանը շահագործման չի հանձնվել քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների պատճառով: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի զայրույթն իրականում խորը արմատներ ունի եւ կապված է 2011թ. Սերժ Սարգսյանի հայտարարության հետ, թե ինքը կլինի Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը: «Ժողովուրդ» օրաթերթի դիվանագիտական աղբյուրների համաձայն` Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, թե եթե Սերժ Սարգսյանը լինի առաջին ուղեւորը, կխոցեն ինքնաթիռը, իսկ եթե այդպիսի հայտարարություն չլիներ, կթողնեին, որ թռիչքը կայանար: Իհարկե այս ամենը միայն խոսակցությունների մակարդակով են, սակայն փաստն այն է, որ մինչեւ այժմ Ստեփանակերտի օդանավակայանից չեն սկսվել կանոնավոր փոխադրումները, իսկ այդ հարցի ձգձգման պատճառն էլ հենց Ադրբեջանի քաղաքականությունն է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե երբ կլինեն Երեւան-Ստեփանակերտ կանոնավոր չվերթեր, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք չենք հրաժարվել այդ նպատակից, եւ ուշ, թե շուտ, օդանավակայանը կսկսի գործել»:

 

 

 

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ բացահայտումներից հետո ստուգումներ են անցկացվել Պաշտպանության նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ-ում փորձել են պարզել, թե 2016 եւ 2017 թվականներին որքան օգնություն է ցուցաբերվել ԵԿՄ-ին: Ու բացահայտվել է, որ 2017թ.գումարը կազմել է մոտ 30 մլն դրամ, իսկ ահա 2016 թ. ապրիլյան իրադարձություններին ԵԿՄ-ին տրված օգնության չափը կազմել է 26 մլն դրամ: ՊՆ-ում նաեւ փորձ է արվել պարզելու, թե իրականում որքանով ՊՆ-ն ունի իր մեղքի բաժինը, որ զինվորին ուղարկած օգնությունը տեղ չի հասել կամ եթե հասել է, ապա արդյոք նպատակային է օգտագործվել: Ու պարզվել է, որ այդ օրերին զինվորների համար նախատեսված օգնությունն առաջնագիծ հասցնելու հարցերը համակարգել է ոչ թե ՊՆ-ն, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ իրենք օգնությունը տարել են Արցախ` բաշխելով գնդերում, որոնք օգնության կարիք են ունեցել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հրաժարվի քննել 2015 թվականին Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված Նորք-Մարաշ վարչական շրջանի հանցավոր խմբի գործը: Ըստ մեզ հասած լուրերի` դատավորը հայտարարել է, թե այս քայլին գնում է, քանի որ ԲԴԽ անդամ լինելով` չի հասցնում լիարժեք քննել առանց այն էլ մեծ աղմուկ հանած գործը: Դատական համակարգում խոսակցություններ կան, որ չի բացառվում այդ գործը չքննելու ցանկությունը պայմանավորված է թավշյա հեղափոխության հետ: Մասնավորապես, նոր Հայաստանի պայմաններում դատավորներն այլեւս չեն աշխատում Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներով, հետեւաբար Բեկթաշյանն էլ չի ցանկանում «մատերի արանքով» նայել այդ գործին, որպեսզի հետո ստիպված չլինի անձամբ պատասխանատվություն կրել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Բեկթաշյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

 

 

 

ՀԱՄԱՀՈՒՆՉ
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ դեռեւս պաշտոնական հանդիպում չի կայացել: Բայց նրանք այս ընթացքում միմյանց հետ շփվելու առիթ ունեցել են. Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցում էին ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Դեռեւս տեղի չի ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիմա աշխատում են այդ ուղղությամբ` փորձելով նոր թափ հաղորդել խնդրի կարգավորման գործընթացին:
ԵՒ ահա մինչ այդ` երեկ, ԼՂ խնդրին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այսպես, ՌԴ ԱԳ նախարարն իր հայտարարություններով լավագույնս հերքել է վերջին տարիներին միջազգային հարթակներում Ադրբեջանի փաստարկները, որ փորձում էին օգտագործել ամեն առիթով: Խոսքը 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձեւերի՝ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերի մասին է, որոնք ընդունվել էին 1993թ ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ը` պատերազմի ամենաթեժ պահերին։ Եւ ահա այդ բանաձեւերի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան` Լավրովը նշել է. «Այդ բանաձեւերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ: Ձեռք առնված մի շարք միջոցների ու նաեւ դրանց շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել արյունահեղությունն ու խնդիրը տեղափոխել քաղաքական երկխոսության դաշտ»: Նա նաեւ հիշեցրել է.«Առանց բացառության հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը,որի շրջանակներում կողմերը համաձայնեցին լուծել բոլոր մնացյալ հարցերը: Դրանց թվում է տարածքների ազատագրման եւ քաղաքական կարգավորման հարցը ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման միջոցով: Այդ ժամանակվանից մենք բոլորս դրանով ենք զբաղված: Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ունենալով Բաքվի եւ Երեւանի լիակատար համաձայնությունը, աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ: Իսկ որպեսզի հարցը կարգավորվի, անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի միջեւ կոնսենսուս լինի: Ու ես համոզված եմ, որ այդ ժամանակ կարգավորումը մոտ կլինի»:
ՄԱԿ ԱԽ բանաձեւերի մասին Լավրովի ներկայացրած հակափաստարկները համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը: Հայաստանը եւս նույն այդ բառապաշարով է հակադարձել ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումներին: Միայն թե նկատենք` մի բան է, երբ այդ մասին խոսում է հակամարտության կողմ ճանաչված Հայաստանը, մեկ այլ բան, երբ նույն այդ փաստարկները ներկայացնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ներկայացուցիչը:




Լրահոս