ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արեւմտյան հարեւան Թուրքիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է: Նա կկառավարի առնվազն մինչեւ 2023 թվականը եւ մինչեւ իր կառավարման ավարտը խոստացել է Թուրքիան տեղավորել աշխարհի ամենահզոր 10 պետությունների շարքում: Հաշվի առնելով Թուրքիայի առանցքային նշանակությունը Հայաստանի համար` Էրդողանի փաստացի 4-րդ ժամկետը հակասական զարգացումներ է խոստանում:

Էրդողանը Թուրքիան ղեկավարել է նախ վարչապետի կարգավիճակով երկու հաջորդական ժամկետներում: Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում Թուրքիայում վարչապետն էր պետության ղեկավարը, սակայն նրա դերը հակակշռվում էր, եթե նախագահի պաշտոնում հայտնվում էր քաղաքական կյանքում հարգված եւ ազդեցիկ գործիչ: Այդպես եղավ Էրդողանի վարչապետության վերջին շրջանում, երբ Թուրքիայի նախագահ դարձավ նրա իսկ զինակից, արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը: Վերջինս մեծ հեղինակություն էր վայելում հատկապես միջազգային ասպարեզում, եւ արտաքին շրջանակները հենց Գյուլին էին տեսնում Էրդողանից հետո իշխանության իրական լծակների ժառանգորդի դերում: Սակայն Էրդողանը մտադիր չէր իշխանությունը որեւէ մեկին զիջել, անգամ իր զինակցին: Եվ ահա նա, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, փոխեց կառավարման համակարգը եւ նախագահի դերը էականորեն ուժեղացրեց: Դրա հետ մեկտեղ թույլ չտվեց Գյուլին վերընտրվել եւ անձամբ մասնակցելով ընտրություններին` դարձավ Թուրքիայի նախագահ: Այդուհանդերձ, Թուրքիայում շարունակում էր ուժեղ դիրքերում մնալ խորհրդարանը, ինչը լուրջ գլխացավանք էր հատկապես Էրդողանի պես գործչի համար, որը ամբողջ կառավարման համակարգը փորձում է հյուսել բացառապես իր անձի շուրջ:
Նախագահական լիազորությունները բավական չթվացին Էրդողանին, որը մի հետաքրքիր խաղ ծավալեց` հերթով շարքից հանելով իր հակառակորդներին: Նախ զոհ գնաց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Վերջինիս, ինչպես Գյուլը, Էրդողանի խոշոր զինակիցներից էր, նրա իշխանության գաղափարական հիմնասյունը: ԱԳՆ-ի պաշտոնից հետո Դավութօղլուն նշանակվեց Թուրքիայի վարչապետ եւ կրկին, թվում էր, որպես գիտնական մարդ ու միջազգային բարձր հեղինակություն ունեցող գործիչ` կլինի Էրդողանի իրական ժառանգորդը: Բայց կրկին հիասթափություն էր սպասում ժառանգորդ օպերացիայի բոլոր տեսաբաններին, երբ Էրդողանը հարկադրեց Դավութօղլուին եւս հեռանալու: Դեռեւս ուժեղ վարչապետական ինստիտուտը վստահվեց Էրդողանի հլու կամակատար Յըլդըրըմին, որը զուտ պահում էր վարչապետի պաշտոնը այնքան ժամանակ, մինչեւ դրա վերացումը:
Էրդողանը չափազանց խելամտորեն օգտագործեց նաեւ իր դեմ ծավալված ռազմական հեղաշրջումը: Նա դյուրինությամբ հաշվեհարդար տեսավ խռովության նախաձեռնողների հետ: Ծավալված ռեպրեսիաները ուղղվեցին նաեւ Էրդողանի քաղաքական հակառակորդների դեմ, որոնք անգամ կապ էլ չէին ունեցել հեղաշրջման հետ: Այսպիսով, Էրդողանը բանտերը նետեց թե՛ դավադիրներին, թե՛ քաղաքական ընդդիմադիրներին: Ըստ էության, լուրջ հակառակորդներին հեռացնելով քաղաքական պայքարի հարթակից` Էրդողանը ապահովեց իր համար անմրցակցային դաշտը: Հեղաշրջման տապալման փուլում միաժամանակ հարված հասցվեց բանակի ակտիվ դերակատարությանը Թուրքիայի ներքաղաքական հարցերում: Ավանդաբար Թուրքիայում բանակը խոշոր դեր է ունեցել, քանիցս էլ ռազմական հեղաշրջում կատարել, սակայն այսօրինակ ձախողմամբ առժամանակ փակվեց նաեւ այդ ճանապարհը: Ըստ էության, Էրդողանին հաջողվեց խաղից դուրս թողնել ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական հակառակորդներին: Եվ մնում էր միայն իրավական կարգավորումը:
2017թ. Թուրքիայում անցկացվեցին սահմանադրական հերթական փոփոխությունները, որոնցով պետությունը լիովին անցում կատարեց ուժեղ նախագահական համակարգի: Եթե նախկին անցումը կիսատ էր, եւ խորհրդարանն ու վարչապետը դեռ կարող էին հակակշռել նախագահին, ապա հիմա վարչապետի պաշտոնն ընդհանրապես վերացված է, իսկ խորհրդարանը խիստ թույլ վերահսկողություն ունի գործադիր իշխանության նկատմամբ: Թուրքիայում, այսպիսով, հաստատված է ուժեղ նախագահական համակարգ, որտեղ գործադիրը ամբողջովին կենտրոնացած է մեկ անձի շուրջ: Էրդողանը խոհեմաբար վերացրեց գործադիրում վարչապետի պաշտոնը, որի առկայությունը հղի էր հեղաշրջումների վտանգով: Հիշենք, օրինակ, հենց Հայաստանի դեպքը, երբ նախագահական կառավարման համակարգի պայմաններում 1995թ. Սահմանադրությամբ գոյություն ուներ վարչապետի պաշտոնը, որը, ուժայինների աջակցությունը ստանալով, հեշտությամբ հեղաշրջում իրականացրեց: Ժամանակին հայ քաղաքական ու սահմանադրական մտքի ձեւակերպողները չնկատեցին, որ վարչապետը ոչ միայն տնտեսական խնդիրներ լուծող էր, այլեւ հեղաշրջում կատարող պոտենցիալ վտանգ: Իսկ ահա Էրդողանը դա տեսավ առաջին հերթին սեփական փորձով, երբ ասպարեզից հեռացրեց նախագահ Գյուլին, հետո էլ վարչապետ Դավութօղլուին:
Նախօրեին ընտրվելով Թուրքիայի անվերահսկելի ու գրեթե միապետ-նախագահ` Էրդողանը նոր իրավիճակ է ստեղծում ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում եւ նաեւ մեր տարածաշրջանում: Թուրքիայում իշխանությունը միանձնյա պատկանում է մի գործչի, որը ուղղակիորեն տապալեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը իր արմատական դիրքորոշմամբ: Էրդողանը նաեւ քանիցս ցույց է տվել, որ սկզբունքային դաշնակիցներ չունի, եւ եթե Թուրքիայի շահերը պահանջում են, նա կարող է հարվածել իր մտերիմ ընկեր Պուտինին, հայհոյել Իսրայելի վարչապետ Նաթանյահուին, սաստիկ քննադատել ԱՄՆ նախագահ Թրամփին, բայց եւ հաջորդ պահին ինքնահռչակվել նրանց վստահելի գործընկերը: Հայաստանի իշխանությունները արդ լուրջ մարտահրավեր են ստացել հանձին Էրդողանի միապետական իշխանության, եւ հին գործիքակազմով Թուրքիայի հետ խոսելու ճոխություն թույլ տալ չեն կարող: Որքան էլ ՀՀ ներկայիս իշխանության հիմնական խնդիրը երկրի ներսում է, հատկապես արտահերթ ընտրություններից հետո արտաքին հարաբերությունները լուրջ ռեստարտի կարիք են զգալու: Թուրքայի հետ հարաբերություններից փախչել չի ստացվելու, իսկ դրան հավուր պատշաճի պետք է արձագանքել առանց հին բարդույթավորված մտածողության, թշվառագույն դիվանագիտության ու անպատրաստ կադրերի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՔՑՐԵԼ ԵՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Հանրային սննդի ոլորտում գործող մի քանի ընկերություններ հայտնվել են պետական եկամուտների կոմիտեի թիրախում: Այդ ընկերություններից է «ՆԻԿՎԻՆ» -ը, որը Կոտայքի մարզի Արամուս գյուղի մերձակայքում իրականացնում է միաժամանակ 2 գործունեություն` հանրային սննդի եւ տաքսի ծառայության մատուցում:

Ըստ ՊԵԿ-ի` արտոնագրային հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում ընկերությունը նշել է 215մ2 մակերեսով սպասարկման տարածք եւ 8-9 մեքենա, բայց այս մայիսին հայտարարագրել է վարձու աշխատողների ակնհայտ քիչ թվաքանակ` ընդամենը 23 հոգի: Պարզվել է, որ տնտեսվարողը 17 վարձու աշխատողի հետ չի կնքել պայմանագիր եւ հարկային մարմին նախապես չի ներկայացրել գրանցման հայտ, ինչի համար եւ տուգանվել է 10 մլն 200 հազար դրամով: Գրեթե նույն ճակատագրին է արժանացել հայտնի «Ոստան» ռեստորանային համալիրը: Այստեղ փաստացի աշխատել են 36 վարձու աշխատակից, սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտեր ներկայացված են եղել ընդամենը 8 հոգու համար, 28-ի պարագայում հայտերը բացակայել են: Ընկերությանը պետական բյուջե պետք է վճարի 16 մլն 800 հազար դրամ: Տեղեկացնենք, որ «Ոստանը» «Ծիրանի» ռեստորանների ընտանիքի մաս է կազմում: Այս ռեստորանների տնօրենն է Ստյոպա Ծառուկյանը: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այս ռեստորանների ցանցը ձեռք է բերել ռուսաստանաբնակ օլիգարխ, «Ավիլոն» ընկերության սեփականատեր, ՌԴ-ում «Մերսեդես» մակնիշի ներկայացուցիչ Կամո Ավագումյանը, որին է պատկանում նաեւ «Արտֆուդ» ընկերությունը:
Իսկ ահա մյուս անբարեխիղճ տնտեսվարողը Արարատի մարզի Դիտակ համայնքում հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Հրաշք այգի» ընկերությունն է: Այստեղ իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ 31 չգրանցված վարձու աշխատող կա, ինչը նախատեսում է տուգանք 18.6 մլն դրամի չափով: Բացի այս, արձանագրվել է նաեւ ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, որի համար ընկերությունը տուգանվել է 150 հազար դրամ:

Ս. Հ.

 

 

 

ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ Է ՄՂՎՈՒՄ
2015 թվականից Գեղարքունիքի, Շիրակի ու Լոռու մարզերում սկսվեց հնդկացորենի արտադրություն: Հանրապետությունում կառուցվեց հնդկացորենի վերամշակման երկու գործարան, որոնք պետք է ծառայեին բերքի վերամշակմանն ու հնդկացորենի վերջնական արտադրությանը։ Գործարաններից մեկը Շիրակի մարզի Բավրա գյուղում էր։
Գյուղացին հիմնականում բերքից գոհ էր, բայց իրացման խնդիրը դեռ 2015-ից չլուծվեց: Բերքը արդյունքում մնաց ամբարներում: Մի կողմից վերամշակման գործարաններում տեխնիկական խնդիրներ էին առաջանում, մյուս կողմից էլ հարկավոր է դիմանալ ներկրողների հետ մրցակցությանը։ Վերամշակված հնդկացորենը պետք է վաճառվեր 1 կգ-ն 450 դրամով: Շուկայում ներկրված հնդկաձավարն ավելի թանկ արժեր: Սակայն հենց «Նոր հատիկը» հայտնվեց շուկայում, ներկրողները նոր գին սահմանեցին, մեծածախ վաճառքի գինը կազմեց 300 դրամ։ Ստացվում է` ներկրված հնդկաձավարը վաճառվեց ինքնարժեքից էլ ցածր գնով: Շիրակի մարզում գործարանն այսօր չի աշխատում: Վառելիքի խնդիրը չի լուծվում: Գործարանի տնօրեն Կորյուն Սումբուլյանը ելքեր է փնտրում, բայց անօգուտ: «Մինչեւ գործարանի ստեղծումը հնդկաձավարի գինը շատ բարձր էր: Հանրպետությունում, ըստ վիճակագրական տվյալների, սպառվում էր 9000 տոննա հնդակաձավար` 2015 թվականի տվյալներով: Սակայն ըստ նույն տվյալների` հանրապետություն ներկրվել է 500 տոննա հնդկաձավար: Ստացվում է 9000 տոննա վաճառվում է, բայց ներկրվել է 500 տոննա: Ներկրողները, ստացվում է` հիմնական ծավալը ներկրել են ոչ օրինական կերպով, հնարավոր է անասնակերի անվան տակ: Հորդորում եմ նոր իշխանություններին քննության վերցնել հարցը, թե ով է ում խաբել»,- ասում է Սումբուլյանը:
Մենաշնորհային քաղաքականությունն է, որ շուկայից դուրս է նետում տեղական արտադրանքը: Ներկրված հնդկաձավարի գնի կտրուկ նվազեցումը խոչընդոտեց գործարանների աշխատանքին: Իսկ ավելի ցածր գնով տեղական շուկա հանելը հնարավոր չէ, քանի որ գումարն անգամ կատարված ծախսերը չի փակելու:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղացուն հույսեր էր տալիս, սուբսիդիաներ էր տրամադրում, ոգեւորում, որ գյուղացին ցանի ու վերամշակի հնդկացորեն: Սակայն հենց գյուղացին կանգնեց իրացման խնդրի առաջ, որեւէ լուծում չառաջարկվեց: Սումբուլյանի խոսքերով` «Ես առաջին օրվանից գիտեի, որ Կարեն Կարապետյանը ընդամենը «փուչիկ» է: Եկավ, ծրագրեր ուզեց, տեսավ ներկայացրինք, ասացինք բայց աշխատանք չտեսանք: Էսպես չեն աշխատում: Նայում են` իրենք օգուտ ունենան»: Գործարանը չի աշխատում, արդյունքում գյուղացու բերքն է փչանում: Այժմ Շիրակում նոր կառավարության ծրագրին են սպասում, եթե Բավրայի գործարանը գործարկվի, շատերի համար նաեւ զբաղվածության խնդիր կլուծվի:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Շիրակ




Լրահոս