Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մայիսի 18-ին նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտնելով, որ անցած 10 տարիների ընթացքում ՀԽ-ն բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել կառավարություն, որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է, իսկ մի մասը` մնացել չիրագործված: ՀԽ նախագահը նաեւ որոշ առաջարկներ էր ներկայացրել վարչապետին, որոնք վերաբերում էին կրթության, գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներին: Այժմ, համաձայն օրենքի, նոր կառավարության ձեւավորման պայմաններում պետք է տեղի ունենա նաեւ նոր Հանրային խորհրդի ձեւավորման գործընթաց: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դեռեւս գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ խնդիրներ կան նոր Հանրային խորհրդի ձեւավորման հարցում, կարծես թե այն ուշանում է:
-Այստեղ մի ծանր խնդիր կա. նոր Հանրային խորհրդի ձեւավորումը, ըստ օրենքի, տեւում է երկուսուկես ամիս, եւ ամենակարեւոր փուլը` հանձնաժողովների նախագահների ընտրությունը, որին մասնակցում են հարյուրավոր մարդիկ, կազմակերպություններ, լինելու է օգոստոս ամսին: Ես ուղղակի նպատակահարմար էի գտնում, որպեսզի օրենքի մեջ լիներ հնարավորություն, որպեսզի այդ ընտրությունը տեղի ունենար սեպտեմբերին, ոչ թե օգոստոսին: Այդքան բան: Մնացածն օրենքով պետք է իրականացվի:
-Նիկոլ Փաշինյանը քննադատական խոսքեր էր հնչեցրել ՀԽ գործունեության վերաբերյալ:
-Դա կարեւոր չի: Հիմա ինքը վարչապետ է եւ պետք է ծանոթանա, թե դա աշխարհում ինչ գործընթաց է: Եվ օրենքը պարտադրում է, որպեսզի ձեւավորվի նոր Հանրային խորհուրդ: Որոշում ընդունողը կառավարությունն է:
-Վարչապետը Ձեզ խորհուրդներ տվե՞լ է` կապված ՀԽ գործունեության հետ, որպեսզի այն ավելի արդյունավետ գործի:
-Ո՛չ, ես եմ բարձրացրել այդ հարցը: Արդյունավետության հարցը չի, արդյունքների օգտագործման հարցն է: Ես կարծում եմ` շատ արդյունավետ աշխատել է Հանրային խորհուրդը նախորդ տարիներին: Իսկ ֆինանսի հարցում աշխատավարձ ստանում է միայն աշխատակազմը, որը հանդիսանում է կառավարության աշխատակազմի մի մասը, իսկ ՀԽ-ն, ընդհանուր առմամբ, հասարակական հիմունքներով է աշխատում:
-Դուք ժամանակին վարչապետ եք աշխատել: Հիմա ի՞նչ եք կարծում, Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ:
-Այդպես չի լինում, որ մի երկրում սկսում են պայքարել կոռուպցիայի դեմ, եւ կոռոպցիան վերանում է: Կոռուպցիայի դեմ պայքարն ամենօրյա աշխատանք է: Հին Հռոմում կալիգուլայի ժամանակ սկսվել է, մինչեւ հիմա Իտալիայում պայքարում են: Դա մի երեւույթ է, որի դեմ պետք է միշտ պայքարել: Օրենքների միջոցով եւ իրավապահ մարմինների միջոցով պետք է այդ հարցերն անընդհատ լուծվեն: Դա սկսվող եւ ավարտվող գործ չի: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, կառավարությունն ինչ կանի, կապրենք, կտեսնենք էլի: Հիմա շատ շուտ է որեւէ բան ասել:
-Բայց այժմ մեծ թափով սկսվել է գործընթացը:
-Ես կարծում եմ` բոլոր տիպի գնահատականները, թե ինչ արդյունքներ ենք ստանում, շուտ է դեռ ասելը: Պետք է սպասենք ուղղակի:
-Իսկ Դուք կրկին հավակնո՞ւմ եք Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին:
-Երբ խորհրդի 45 անդամներն ընտրվեն, վարչապետը կնշանակի խորհրդի նախագահ:
-Բայց Դուք ցանկություն ունե՞ք նորից աշխատելու` որպես ՀԽ նախագահ:
-Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի առջեւ: Ես կուզեի շարունակել, բայց եթե ընտրությունները լինեն, մեր կուսակցությունը գուցե մասնակցի, եւ հնարավոր է…ես ավելի լավ կլինի` զբաղվեմ այդ գործերով: Կերեւա ապագայում:
-Այսինքն` Դուք ցանկություն ունեք խորհրդարանում լինել որպես պատգամավոր:
-Ո՛չ, եթե կուսակցությունն ընտրություններին մասնակցի եւ նույնիսկ 5 տոկոսանոց շեմը հաղթահարի, դժվար թե ես համաձայնեմ պատգամավոր աշխատել: Բայց ես շատ կուզեի, որ մեր կուսակցությունն իր գաղափարախոսությամբ եւ կադրերով ներկայացված լինի Ազգային ժողովում:
-Իսկ Դուք ի՞նչ եք անելու այդ դեպքում:
-Մի բանով կզբաղվեմ, ձկնորսություն: Եթե որոշվի, ցուցակում չլինես, դա ճիշտ չի, բայց եթե անցնում ես 5 տոկոսը, պարտադիր չի, որ դու ցուցակում մնաս:
զրուցեց Մերին Մարտիրոսյանը