Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար. Ժաննա Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս:

«Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Արցախի հերոս», Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանն՝ անդրադառնալով Արցախի հանրապետության խորհրդարանում պատգամավոր Հայկ Խանումյանի հետ ունեցած բանավեճին:

«Անկեղծ ասած, պատերազմից հետո առաջին անգամ է ինձ հետ նման բան պատահում: Ուղղակի նյարդերս տեղի տվեցին: Երևի թե կուտակված էր: Հայկ Խանումյանն անընդհատ Ազգային ժողովի ամբիոնը փորձում է օգտագործել իբրև հանրահավաքի հարթակ` քաղաքական ցինիզմի երանգներով լի ելույթներ ունենալով:

Ընդհանրապես, երբ նրա հետ զրուցում եմ, խելացի և գրագետ մարդու տպավորություն է թողնում, բայց հենց որ մոտենում է ամբիոնին և բարձրախոսին, սկսում է զրպարտանքներով և վիրավորանքներով լի կոչեր հնչեցնել: Երևի թե կուտակված բարկությանս պատճառներից է նաև վերջերս նրա ելույթներից մեկում հնչած խոսքերը, երբ նա փորձում էր անջրպետ մտցնել Արցախյան պատերազմի և Ապրիլյան պատերազմի սերունդների միջև: Չի կարելի նման բան: Ի՞նչ կլիներ Արցախյան պատերազմի մասնակիցների հետ, եթե այդ ժամանակ անջրպետ մտցնեինք անցյալի հերոսների և մեր միջև»,-հավելել է ժաննա Գալստյանը:

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի հունիսի 28-ի նիստում լեզվակռիվ է տեղի ունեցել ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի միջև։ Համացանցում տեղադրվել է տեսագրությունը, որտեղ Գալստյանը և Խանումյանը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում։ Գալստյանը Խանումյանին անվանում է նաև «գյալմա»՝ եկվոր։

Նշենք, որ Հայկ Խանումյանը ծննդով Իջևանից է, որն ունի Ստեփանակերտի գրանցում, Արցախում հիմնադրել է Ազգային վերածնունդ կուսակցությունը և հանդես է գալիս Բակո Սահակյանի իշխանության քննադատությամբ:




Լրահոս