Մենք գիտենք` իրենց մայրիկը ոնց ենք լացացնելու. ԼՂՀ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած խորհրդակցության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների եւ հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարեւոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու վերաբերյալ:

«Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք՝ բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք եւ որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-նշել էր Ս. Օհանյանը:

Նախարարը հավելել էր, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ. «Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են ԼՂՀ-ում ընդունել «նախահարձակ» լինելու մասին ՀՀ ՊՆ նախարարի հայտարարությունը:

-Տիկի՛ն Գալստյան, տոնական օրերին սահմանի վրա լարվածությունը մեծ էր, ու կարելի է ասել՝ գրեթե ամեն օր կրակոցներ էին հնչում: Այս օրերին ինչպիսի՞ իրավիճակ է դիրքերում:

-Իրավիճակը լարված է, բայց մերոնք էլ զգոն են, մերոնք պատրաստ են հակահարվածի, դա անընդհատ զգացվում է, երբ իրենք պրովոկացիոն բաներ են անում:

-Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ ու կոչ արեց լինել նախահարձակ: Մինչեւ այսօր, անգամ օգոստոսյան լարվածության օրերին, երբեւէ նման հայտարարություն չէր հնչել, ինչո՞ւ է այժմ նման հայտարարություն արվում, ի՞նչ է փոխվել:

-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց նման բան վաղուց էր ասված, ու մշտապես մեզ մոտ այդպես է եղել: Բայց մենք մեր խոսքի տերն ենք, եթե որոշվել է հրադադարը պաշտպանել, ապա մենք այդպես ենք անում, բայց ամեն մի ոտնձգությանը մենք կրկնակի, եռակի, չգիտեմ՝ հնգապատիկ պատասխան ենք տալիս… ու շարունակվելու է պատասխան տրվել, դա սկզբունք է մեզ համար: Մենք միշտ էլ այդ հայտարարության դրույթներով շարժվել ենք, միշտ էլ այդպես է եղել՝ առնվազն 20 տարի:

-Բայց հակառակորդին նույն կերպ արձագանքելու հրահանգը մշտապես նեքին կարգով է եղել, ինչո՞ւ է այժմ նման հայտարարություն հնչում հրապարակային ձեւով, ընդ որում` ոչ թե արձագանքելու, այլ արդեն նախահարձակ լինելու: Կարելի՞ է եզրակացնել, որ այսօր պատերազմի վերսկսման վտանգ կա:

-Չէ: Ուղղակի ես չեմ կարող Ձեր այդ հարցին պատասխանել, չգիտեմ, թե ինչու է պաշտպանության նախարարը դա ասել: Միայն կարող եմ նշել, որ այն, ինչի մասին որ նա բարձրաձայնել է, պաշտպանության բանակը միշտ էլ դրանով է ուղղորդվել, դա միշտ էլ եղել է մեր սկզբունքը: Ոչ մի բան չի փոխվել, ամառվա սրությունը, որ կար, այժմ էլ այդ նույնն են անում: Ամառվա ամիսներից հետո իրենք նորից են սկսել ականանետից ու ավելի խոշոր զենքով խփել, իսկ նման բան առաջ չէին անում:

Բայց ջհանդամին խփեն, իրենք ինչով որ խփում են, նույնով էլ մենք կարող ենք իրենց պատասխանել: Ոչ մի հրամանատարի համար հաճելի չի, որ հայկական ընտանիքը նոր տարվա օրով երիտասարդի դիակ ունենա, ու երեւի դա է պատճառը… Ես որեւէ այլ բան չեմ կարող ասել: Մենք միշտ էլ հակառակորդին պատասխան տվել ենք ու հիմա էլ տալիս ենք:

-Իսկ այդ ինտենսիվ կրակոցները հնարավո՞ր է՝ մի որոշ ժամանակ հետո վերածվեն պատերազմի, որովհետեւ հակառակորդն արդեն սկսել է կրակել գյուղերի վրա, ու կարելի է ասել՝ ամեն օր:

-Չեմ տեսնում նման բան, որովհետեւ իրենք համարժեք ու մի բան էլ ավելի պատասխան են ստանում: Կարող եմ նաեւ մի բան նշել, որ մենք ամեն վայրկյան պատրաստ ենք պատերազմի, բայց ես չեմ կարծում, որ պատերազմը կսկսեն: Իրենք կորցնելու շատ բան ունեն, մենք գիտենք՝ ոնց ենք իրենց մայրիկը լացացնելու…. Մեր մայրիկները շատ են լացել: Բայց այս պահին ես խուճապային որեւէ բան չեմ տեսնում, ոնց կար, այդպես էլ մնացել է, ու ես չեմ հասկանում, թե այդ խուճապը որտեղի՞ց է: Ես կարծում եմ, որ իրավիճակն այս պահին հսկողության տակ է:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը
.




Լրահոս