Երկրորդ բալիկի մասին մտածում ենք, բայց մեր երեխաների տարիքային տարբերությունը պետք է մեծ լինի. Յանա Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմիջ կոդ», «Ինչ եփել այսօր», «Առավոտ լուսո» ծրագրերից հայտնի հաղորդավարուհի Յանա Դանիելյանի հետ, ով նկարահանվել է նաեւ «Աննա» հեռուստասերիալում: Յանան խոսել է ամառային հանգստի նախընտրելի տարբերակի, «Ինչ եփել այսօր» հարցի պատասխանը տնային պայմաններում գտնելու մեթոդների, կարիերան եւ անձնական կյանքը համատեղելու իր բանաձեւի եւ այլ թեմաների շուրջ:

-Յանա, ամռան առաջին ամիսն արդեն ավարտվեց, բայց շատերը դեռ չեն հասցրել մեկնել հանգստի: Հետաքրքիր է՝ պլանավորո՞ւմ եք, թե ուր պետք է մեկնեք: Իսկ, առհասարակ, հանգստի ո՞ր տարբերակն եք նախընտրում:

-Մենք ընտանիքով փորձում ենք համատեղել հանգիստն ու աշխատանքը: Շաբաթական մի քանի անգամ քաղաքի ներսում այցելում ենք լողավազան: Իսկ հանգստի մեկնելը իսկապես պարտադիր է: Ցանկալի է երկրից դուրս անցկացնել այն: Դեռ չգիտեմ՝ մենք ինչպես կպլանավորենք օգոստոսին նախատեսված արձակուրդը: Բայց ասեմ, որ սիրում եմ ծովափնյա հանգիստ, ջրի մեծ սիրահար եմ, մեծ էներգիա եմ ստանում ջրային գոտիներից: Իսկ, օրինակ, էքստրիմ այնքան էլ չեմ սիրում: Ինձ կարելի է դասել պասիվ հանգստի սիրահարների շարքին: Իհարկե, սիրում եմ ժամանցս հետաքրքիր կազմակերպել, բայց դա էքստրիմ չէ:

-Այս ամառվա նորաձեւության միտումներին հետեւե՞լ եք: Ի՞նչ թրենդներ կան, որոնք Ձեզ հոգեհարազատ են:

-Ասեմ, որ երբեք ընկած չեմ եղել նորաձեւության ետեւից: Նոր միտումներից շատերին հետեւում եմ, բայց ոչ բոլորն եմ կիրառում: Սովորաբար կրում եմ այն, ինչ ինձ համար հարմար է, ինչի մեջ ես ինձ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես լավ կզգամ: Իհարկե, իմ զգեստապահարանում կարելի է գտնել թրենդային հագուստ եւ աքսեսուարներ: Բայց, օրինակ, տեսեք, ասում են՝ հատկապես ամռանը վառ գույներ է պետք կրել: Իսկ իմ զգեստապահարանի իննսուն տոկոսը կազմում են սեւ եւ սպիտակ հագուստները: Ես ինձ հարմարավատ եմ զգում այդ գույների մեջ: Ամենակարեւորը դա է:

-Հեռուստադիտողները, հետեւելով Ձեր խոհարարական հաղորդմանը, ամեն օր իրենց համար գտել են «Ինչ եփել այսօր» հարցի պատասխանը: Դուք կարողանու՞մ եք ինչպես եթերում, տանը եւս ապահովել այդ բազմազանությունը խոհանոցում:

-Մեր ընտանիքի բոլոր անդամների խոհանոցային նախասիրությունները խիստ տարբեր են: Ոչ մեկը մյուսի նախընտրելի ուտեստը չի հավանում: Համենայն դեպս, փորձում եմ բոլորի ցանկությունները բավարարել: Կարելի է ասել՝ հասցնում եմ ամեն ինչ:

-Իսկ ինչպե՞ս եք հասցնում, ո՞րն է բանաձեւը: Ոչ բոլոր կանայք են կարողանում համատեղել կարիերան եւ ընտանիքի հոգսերը հոգալը:

-Իմ կյանքի կանոնն ու բանաձեւը հետեւյալն է՝ անհնարին ոչինչ չկա: Եթե մարդ ունի երազանքներ, նպատակներ եւ մեծ ցանկություն, անհաղթահարելի ոչինչ չի մնում: 21-րդ դարում արդեն շատ կանայք են կարողանում ընտանիք կազմել եւ կարիերա անել, եւ դա հիանալի է, բայց նաեւ պահանջում է շատ մեծ պատասխանատվություն: Ոչ բոլորն են համաձայն դրան եւ ոչ բոլորն են դա կարող, քանի որ այդ պարագայում ճանապարհի կեսից հոգնելու, հետ կանգնելու մասին խոսք լինել չի կարող:

-Ձեր դուստրն արդեն դպրոցական է: Երկրորդ բալիկի մասին Դուք եւ Ձեր ամուսինը՝ հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը, մտածո՞ւմ եք:

-Դեռ չենք մտածում այդ ուղղությամբ, չնայած որ միշտ էլ երկու բալիկ ունենալու ցանկություն եղել է, բայց մտածել ենք, որ բալիկների տարիքային տարբերությունը պետք է մեծ լինի: Հիմա մեր ամբողջ ուշադրությունը մեր աղջկա վրա է: Փորձում ենք ճիշտ կազմակերպել նրա ուսումը, ժամանցն ու դաստիարակությունը: Անկեղծ ասած՝ հիմա չեմ պատկերացնում երկրորդ բալիկի ներկայությունը մեր կյանքում, որովհետեւ բոլորս գերզբաղված ենք: Իսկ ես մաքսիմալիստ եմ, սիրում եմ ամեն ինչ իդեալական անել: Ամեն դեպքում, դեռ երիտասարդ ենք, կյանքն առջեւում է, ամեն ինչ էլ կհասցնենք:

Անի Անտոնյան




Լրահոս